Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՍՏԻՑ



Մեծարգո նախարար
Անգնահատելի է Ձեր ծառայությունը մասնավորապես մեր ազգային բանակի շինարարության եւ զարգացման գործում։ Նաեւ Ձեր շնորհիվ է, որ մեր բանակն իրավացիորեն համարվում է տարածաշրջանի ուժեղ եւ մարտունակ բանակներից մեկը։
Հարգարժան պարոն, մեր որդին՝ Վիտալի Դարբինյանը, ծառայում է զորամասերից մեկում։ Մեխանիկ-վարորդ է։ Շնորհիվ գնդապետ Ջ. Հարությունյանի, որը կարողացել է զորամասում ստեղծել ծառայության համար նպաստավոր բարոյահոգեբանական միջավայր, իմ որդին իրեն զգում է իսկական զինվոր եւ ոգեւորված է իր ծառայողական հաջողություններով։ Մենք էլ հպարտ ենք, որ մեր որդին ծառայության գերազանցիկ է, եւ երջանիկ ենք, որ այդպիսի որդի ունենք։
Վերջերս շնորհակալական նամակ ենք ստացել զորամասից, որտեղ ընդգծվում է ընտանիքի դերը լավ զինվորի դաստիարակության գործում։ Այո՛, այդպես էլ կա։ Մենք՝ ծնողներս, պարտավոր ենք հայրենիքի համար պիտանի մարդ, քաղաքացի ու զինվոր դաստիարակել։ Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են դա գիտակցում։ Մի ընտանիքում, որտեղ մի գլուխ խոսվում է իրենց հասունացող կամ արդեն զորակոչային տարիքի հասած որդուն ամեն գնով, զանազան զարտուղի ճանապարհներով բանակից ազատելու մասին, ինչպիսի՞ մարդ, քաղաքացի, վերջապես զինվոր կարող է դաստիարակվել… Եվ նման՝ արդեն ներքուստ կոտրված, անկայուն երիտասարդը, եթե անգամ բանակ գնա, ի՞նչ կարող է տալ իր ազգին, ինչպե՞ս կարող է պաշտպանել իր հայրենիքը թշնամուց։ Այս հարցերը, պարոն նախարար, հռետորական հարցեր են, քանզի դրանց պատասխանները պարզից էլ պարզ են։
Մեր հայրենիքը մեկն է, անփոխարինելի, եւ նրա պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքը պետք է համարվի։ Ով պաշտպանում է իր հայրենիքը՝ զինվոր է՝ անկախ իր կոչումից ու պաշտոնից՝ նախարա՞ր է, թե՞ շարքային…

Հովիկ եւ Շուշան Դարբինյաններ
Տավուշի մարզ, Վերին Կարմիրաղբյուր

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն


29/08/2012