Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱ Ո՞ՆՑ ԱՍԵԻ, ԲԱԼԱ ՋԱՆ…



Երկար ժամանակ Ղարաբաղում էինք, սահմանային տարբեր ճակատներում,- վերհիշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Գնել Մանուկյանը:- Ծանր, դժվարին օրեր էին։ Պիտի փոխարինող ջոկատ գար, որ մենք հետ գայինք, հանգստանայինք, կարգի բերեինք մեզ։ Տեղ հասան տղաները, եւ մենք տուն եկանք։ Սահմանային մեր մարտերը նկարահանել էին եւ մինչեւ մեր տուն հասնելը ցուցադրել էին հեռուստատեսությամբ։ Ամբողջ Հայաստանով մեկ տեսել էին այդ կադրերը, լսել մեր տղաների ոգեշունչ խոսքը, եւ մենք չգիտեինք, որ մեզ Մասիսում դիմավորելու է մի հոծ բազմություն։ Մենք էլ էինք հուզվել, անգամ մեզ անծանոթ մարդկանց դեմքերին ոգեւորություն, հպարտություն էինք տեսնում։ Այո՛, զարմանալի թող չթվա, այդ օրերին ծանոթ լիներ, թե ոչ՝ թուրքի հախից եկողը հպարտության զգացում էր ծնում ամեն մեկիս մոտ։ Եկել էր նաեւ հեռուստատեսությունից նկարահանող մի խումբ (այդ տեսագրությունը մինչ օրս պահպանվել է)։ Հեռուստալրագրողներից մեկը Շաքարանուշ մայրիկիս այսպիսի հարց տվեց.
-Մայրիկ, փառք Աստծու, որդիդ վերադարձել է պատերազմից ողջ եւ առողջ, իսկ Աստված ոչ անի, եթե մի բան պատահե՞ր…
Հարցը միգուցե այնքան էլ տեղին չէր, այդպիսի հարց եւ այն էլ ազատամարտիկի, ջոկատի հրամանատարի մորը։ Մի պահ քար լռություն տիրեց։ Բոլորի հայացքներն ուղղված էին մայրիկիս։ Իսկ մայրս ասաց.
-Աստված ոչ անի, բայց դե պատերազմ է, ու ամեն ինչ հնարավոր է, իսկ թե որդուս մի բան լիներ, աղջիկ ջան, երեքն էլ ունեմ, նրանք կգնային փոխարինելու, իրենց եղբոր վրեժը լուծելու…
Հետո երբ ամեն ինչ խաղաղվել էր, ու ընտանիքով նստած զրուցում էինք, ես սկսեցի մորս հոգու հետ խաղալ.
-Ա՛յ մեր, փոխարենն ասես՝ ոչինչ էլ չի լինի որդուս, ասում ես, որ զոհվի, փոխարինող շատ ունեմ, էդ ի՞նչ է՝ կրակն ես ընկել իմ ձեռը։
Մայրս փաթաթվեց ինձ, համբուրեց.
-Մեռնեմ իմ տղին, իմ հերոս տղին, բա ո՞նց ասեի, բալա ջան, սկսեի լացե՞լ… Հետո դու մի մոռացիր, որ հրամանատար ես, ու քո ջոկատի բոլոր տղաների մայրերը քեզ հավատում են։ Աստված չանի, պատերազմ է, եթե նրանցից մեկնումեկին մի բան պատահի, նրանք ինչ-որ տեղ կմխիթարվեն իմ խոսքերով, իսկ դու, որդիս, նրանց մայրերից հայացքդ չես փախցնի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Հոգևոր-մշակութային


17/02/2011