Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇՏԱԲԱՐԲԱՌ ՀՈՒՇԱՐԱՐ



-Վերքեր կան, որ երբեք չեն սպիանում, հիշողություն կա, որ երբեք չի խամրում, զայրույթ կա, որ երբեք չի մարում, ժողովուրդ կա, որ երբեք չի ընկճվում, եւ ինչքան էլ որ անցնի, ինչպիսի ժամանակներ էլ լինեն՝ միեւնույն է՝ գալու է պատմության արդար դատաստանի օրը,- դիմելով արծվաշենցիներին՝ ասում է «Արծվաշեն» համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը։

Անցել է արդեն 20 տարի եւ տարբեր բնակավայրերում՝ Ճամբարակում, Դրախտիկում, Շորժայում, Աղբերքում, Այգուտում ապրող արծվաշենցիները երբեք չեն մոռանում իրենց գերված ծննդավայրը։ Հավատարիմ իրենց արարչագործ խառնվածքին՝ տուն-տեղ են դրել, դիմակայել գաղթականի դաժան բախտին եւ ի լուր աշխարհի, ի հեճուկս թշնամու ավետել, որ ուժ ունեն արարելու, ապրելու, եւ որքան էլ անցնի ժամանակը՝ մի օր գալու է ժամերի ժամը՝ ծննդավայր տանող ճանապարհով քայլելու է արծվաշենցին։

Գյուղի նահապետները՝ 89-ամյա Եղիշե Մաթեւոսի Առաքելյանը, 85-ամյա Սմբատ Մաթեւոսի Բրուտյանը, 77-ամյա Աղվան Աբրահամի Աբրահամյանը, 75-ամյա Վազգեն Մեխակի Եղիազարյանը կարոտով են հիշում իրենց ծննդավայրը, նախնիների աճյունները։

Ասում են, որ ամեն գիշեր երազի մեջ հյուր են լինում ծննդավայրի Պիլոր քոլին, Ճիլի ձորին, Գյագունց թմբին, Որսի սարին…

…Եվ կարոտը մեղմելու համար հովանավորների օգնությամբ կառուցված հուշակոթողի մոտ են հավաքվել արծվաշենցիները։ Բարձր կոթողին արծվի քանդակ է, ներքեւում խաչքար-հուշարձան աղբյուրը, որը օծեցին սրբազան Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու քահանա տեր Պսակ Մկրտչյանը։ Կատարվեց հոգեհանգստի արարողություն գյուղի խաղաղ բնակչության ապահովության համար նահատակված հայոց նորաստեղծ բանակի 12 զինծառայողների, Արծվաշենի անհայտ կորած եւ զոհված 19 համագյուղացիների, ինչպես նաեւ գերության մեջ մնացած Արծվաշենի գերեզմանոցում ննջող բոլոր նահատակների հոգիների խաղաղության համար։

Բնության այս գեղատեսիլ վայրը դարձավ մի սրբավայր՝ գերության մեջ գտնվող Արծվաշենի կարոտը մեղմելու համար։

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆ. Պողոսյանը կարդաց պաշտպանության նախարար Ս. Օհանյանի արծվաշենցի բարերարներին, ազատամարտիկներին պատվոգրերով, մեդալներով պարգեւատրելու մասին հրամանագիրը։

Այդ օրը հիշատակի արարողություն տեղի ունեցավ նաեւ Եռաբլուրում, որին մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, զոհված զինծառայողների հարազատներ, հյուրեր։ Նրանք ծաղկեպսակներ դրեցին Արծվաշենում զոհված 12 զինծառայողների հիշատակին կառուցված հուշարձան-կոթողին։

-Արծվաշենին նայող մեր ծաղկազարդ բարձունքից մի մեծ ծաղկեփունջ ենք հավաքել եւ հասցրել Եռաբլուր, դրել մեր տղաների հուշարձանին,- ասաց Էլեն Քեշիշյանը՝ հրաշալի, քաջազուն մի հայուհի, որն իր մասնակցությունն է ունեցել հայրենի գյուղի համար մղված կռիվներին։

Տարիներ առաջ Եռաբլուրում կառուցված այս հուշարձան-կոթողի բացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը իր խոսքում ասաց. «Այս հուշակոթողը ես պիտի կոչեմ մշտաբարբառ հուշարար, քանզի անցյալը չէ միայն, որ պիտի հիշենք։ Այս հուշարձանը մեզ պետք է հիշեցնե մեր պարտքը դեպի ներկան, դեպի ապագան…»

Այս խոսքերը շատ են բնորոշ նաեւ բնության այս գեղատեսիլ վայրում, ծննդավայր Արծվաշենին նայող արծվի եւ խաչքար-հուշարձանի համար։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/08/2012