Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ



Զորակոչից առաջ պաշտպանության նախարարությունը զորակոչային տարիքի բակալավրիատի եւ մագիստրատուրայի վերջին կուրսի արական սեռի ուսանողներին առաջարկում է բանակ զորակոչվելու փոխարեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներ եւ մեկ տարի ուսանելուց հետո լեյտենանտի կոչումով պայմանագրային սպայական ծառայության անցնել: Համալսարանականները ինստիտուտում մեկ տարվա ընթացքում հմտանում են որպես հրետանավորներ, կապավորներ եւ ՀՕՊ-ի սպաներ: Քաղաքացիական բուհերից զինծառայողների ներգրավումը զինված ուժերում ընդունված գործընթաց է աշխարհում, քանզի նպատակահարմար է, որ բազմակողմանի զարգացած, կոնկրետ մասնագիտություն ունեցող տղաներն իրենց գիտելիքներով նպաստեն բանակաշինության գործին: Բուհական կրթություն ստացած կադրերի օգնությամբ բանակի որակի բարելավման խնդիր է լուծվում: Այս տարի եւս ռազմական ինստիտուտները զինվորական ծառայության ճանապարհեցին մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտներին։ Մենք զրուցեցինք զինծառայողին անհրաժեշտ գիտելիքները մեկ տարվա ընթացքում գերազանց յուրացրած նորավարտ սպաների հետ: Նրանք եւս ընդգծեցին, որ գիտակցում են իրենց քայլով հասարակության մեջ հայոց բանակի մասին պատշաճ կարծիք ձեւավորելու պատասխանատվությունը նույն այդ հասարակության առջեւ:

ԳՈՌ ԹՈՎՄԱՍՅԱՆ. Գոռը Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտելուց հետո ընդունվեց ասպիրանտուրա եւ գիտական թեզի թեմա ընտրեց «Պաշտպանական բարեփոխումները եւ միջազգային ռազմական համագործակցությունը»: Որպեսզի հասկանա, թե պաշտպանական ինչպիսի բարեփոխումների շնորհիվ կարող ենք ունենալ այնպիսի ռազմական ստորաբաժանումներ, որոնք կհամապատասխանեն 21-րդ դարի մարտահրավերներին, ինչպիսի ժամանակակից չափանիշների ներդրումը կնպաստի զինուժի արդիականացմանն ու մարտունակության բարձրացմանը, որոշեց պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ընտրել պայմանագրային սպայական ծառայությունը. «Կարծում եմ, եթե կյանքում հեռահար նպատակներ ունես, ապա, առանց բանակի, զինվորականության բովով անցնելու, դրանք իրականություն չես դարձնի: Ի վերջո, մեկ տարվա ընթացքում մասնագիտական գիտելիքների մեծ պաշար կուտակեցի, հուսով եմ, որ գործադրելով դիվանագետի իմ հմտությունները, կկարողանամ առողջ միջանձնային հարաբերություններ կառուցել, դրական միկրոմիջավայր ստեղծել դասակի կազմում»: Ըստ լեյտենանտ Թովմասյանի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները դիվանագիտական դաշտում են, նա պատերազմ չի կանխատեսում, բայց վստահ է` խաղաղության լավագույն բանաձեւը պատերազմին պատրաստ լինելն է. «Ղարաբաղյան հիմնահարցը, իմ կարծիքով, իր էությամբ էթնիկական կոնֆլիկտ է, իսկ դա ամենաբարդ լուծվողներից է, ինչը փաստում են նաեւ քսան տարիների զարգացումները: Պետք է մարտունակ բանակ եւ հզոր պաշտպանական համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք Ադրբեջանին դիվանագիտորեն «նեղել»»:

ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ. Հետագա հաղթանակների հասնելու անսպառ ցանկությունը Դավիթին դրդեց ուսումնասիրել ռազմարվեստի եւ ռազմատեսական մտքի զարգացման պատմությունը: Ավարտելով Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատը, ուսումը շարունակեց նաեւ մագիստրատուրայում եւ ուսումնասիրությունների ընթացքում եզրահանգեց` ինքն էլ պետք է հայ զինվորականության հաղթական ավանդույթների շարունակողը դառնա. «Ինձ շատ ոգեւորեց այն, որ հայը հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ կիրառեց երկաթը, ապա` երկաթյա զենքն ու զրահը, մեր նախնիները առաջին հեծելազորը ստեղծեցին և ձին օգտագործեցին որպես ռազմի գործիք: Մենք մեր գոյության իրավունքը կերտեցինք Հայոց ձորի ճակատամարտում, որտեղ Հայկը գետնեց Բելին. սա համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է: Մ.թ.ա. 331 թ Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու բանակին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում: Տիգրան Մեծ արքան տասնյակ երկրներ հպատակեցրեց` Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք…: Այս ամենի շարունակությունը Արցախյան պատերազմում հայ զինվորականի հաղթանակը դարձավ: Ես մեկնում եմ ծառայության, որպեսզի մեր ազգի կենսունակության գրավական համարվող հայոց բանակին ծառայեմ իմ բազկի ուժով եւ գիտելիքով: Ամեն բան արել եմ, որ մասնագիտական պատրաստվածության աստիճանով չզիջեմ ինստիտուտում չորսամյա կրթություն ստացած կուրսանտներին»:

ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «Հաճախ եմ լսել այն կարծիքը, թե համալսարանականները զինվորական են դառնում, որովհետեւ դժվար է կայանալ մասնագիտական ոլորտում: Բայց կարծում եմ` բանակին էլ են անհրաժեշտ լավ ֆինանսիստներ: Բանակի զարգացման համար պետք են առաջադեմ, գիտելիքահեն, ժամանակակից ու մրցունակ մասնագետներ»,-ասում է լեյտենանտ Կարապետյանը եւ ընդգծում, որ բանակն էլ տնտեսական կառույց է` իր համապատասխան պահեստներով ու արտադրությամբ. «Բանակի ունեցվածքի նկատմամբ կլինեմ ուշադիր եւ հետեւողական: Հետագա ծառայության ընթացքում առաջադրանքներս արդյունավետ կկատարեմ, որովհետեւ ինստիտուտում ես նորովի աժեւորեցի պատասխանատվությամբ գործին վերաբերվելը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ


15/08/2012