Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔՆԵՐ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների կարևոր նախապայմաններից մեկը հմուտ և իրավիճակին գերազանց տիրապետող հրամանատարական կազմի առկայությունն է: Ճիշտ է, հայոց բանակը կազմավորվել է Արցախյան ազատամարտի բովում, և այսօր էլ քիչ չեն վառոդի օդ շնչած փորձառու հրամանատարները, բայց 18-ամյա հրադադարը նոր շտկումներ և ուղղումներ է մտցնում հակառակորդի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում` հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակի ու սերնդափոխության հարցում:

Երբ հակառակորդը սպառազինվում է և կարծում, թե պատերազմի հրահրման դեպքում կարելի է հաղթել վարձկանների օգնությամբ` մեր բանակում գերիշխողը ոգեղեն առավելությունն է ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ թշնամուն վերջնականապես ջախջախելու վճռականությունը, որն առանց հրամանատարների դերի կարևորման, հնարավոր չէ իրականացնել:

1-ին բանակային կորպուսում, ուսումնական պլանի համաձայն, տեղի ունեցան հրամանատարական հավաքներ, որոնցում ընդգրկված ցուցադրական պարապմունքների թեմաները ելնում էին զորավարժությունների սցենարներում տեղ գտած պատերազմականին մոտ կոնկրետ իրավիճակներից, ինչպես նաև գործողությունների սահմանված ժամկետում ճիշտ ու անթերի կատարման անհրաժեշտությունից:

Հավաքներին մասնակցում էին գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, իսկ ուսուցանողների դերում զորամիավորման սպաներն էին, ստորաբաժանումների հրամանատարները, կրտսեր հրամանատարները: Հավաքների պետ, գնդապետ Ն. Ամիրխանյանը յուրաքանչյուր պարապմունքից առաջ համառոտ անդրադառնում էր տվյալ ուսումնական կետում անցկացվող պարապմունքի թեմային ու նպատակին:

Ամեն պարապմունքից հետո պարզաբանումներ էին տրվում՝ հարցուպատասխանների տեսքով: Նրանց հարցադրումներին տրվում էին սպառիչ պատասխաններ:

Հատուկ շեշտադրում արվեց անվտանգության կանոնների խստիվ պահպանման, տեխնիկայի անվտանգ շահագործման, քողարկման, թաքստոցից անվտանգ դուրս գալու, արգելապատնեշների հաղթահարման, ճիշտ նռնականետման, հրաձգային զենքի նշանաբերման հարցերին:

Պարապմունքների թեմաները տրամաբանորեն շաղկապված էին միմյանց, և այս հավաքներին աչալրջորեն հետևող, նորամուծություններն արագ յուրացնող հրամանատարի համար հավաքներն անշուշտ չափազանց օգտակար էին: Այս ամենին գումարած հրամանատարի ղեկավարելու բնատուր ձիրքը, ուսումնառությունն ու մասնագիտական բարձր ունակությունը երաշխավորում են զինվորական կարգապահությունը, զորքերի մարտունակությունն ու թշնամուն անհրաժեշտության դեպքում վճռական հակահարված տալու, նրա հիմնական ուժերը ջլատելու ու ամբողջապես ջախջախելու հաջողությունը, որն ի դեպ մեր զինված ուժերը մեկ անգամ չէ, որ ցուցադրել են ռեալ իրավիճակում` թշնամու հետ անհավասար մարտում:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/07/2012