Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ



Մայրուղուց Սիսիան տանող ճանապարհի խաչմերուկում վարորդը արգելակեց մեքենան, բացեց դուռը եւ ձայն տվեց կանգառում միայնակ կանգնած զինվորին։
Զինվորը, տեսնելով մեքենայի զինվորական պետհամարանիշը, արագ մոտեցավ։
-Կրտսեր սերժանտ Ղազարյան։ Գտնվում եմ արձակուրդում եւ գնում եմ տուն,- ներկայացավ նա։
-Նստի՛ր, մենք կտանենք,- առաջարկեց վարորդը։
Հարցերի տարափը՝ «անունդ ի՞նչ է», «սիսիանի՞ց ես», «որտե՞ղ ես ծառայում», «ինչքա՞ն ես ծառայել» ամենեւին էլ շփոթության մեջ չձգեց կրտսեր սերժանտին, որը, առանց շտապելու, սպառիչ պատասխաններ էր տալիս։ Խաչմերուկից մինչեւ քաղաք եւ հինգրոպեանոց կանգառ՝ լուսանկարվելու համար, ահա այսքան տեւեց մեր ծանոթությունը զինվորի հետ։ Ակնհայտ էր, որ նա շտապում էր հնարավորինս շուտ հասնել տուն։
-Անունս Ստեփան է։ Տանը չգիտեն, որ գալիս եմ։ Ուզում եմ անակնկալ մատուցել,- խոստովանեց Ստեփանը։
-Առաջին անգա՞մ ես արձակուրդում,- հարցրի նրան։
-Երկրորդ անգամ, պարոն մայոր։ Առաջին արձակուրդը ստացել եմ ծառայության ութերորդ ամսում։ Այս անգամ զորամասի հրամանատարությունն օրինակելի ծառայության եւ կարգապահության համար ամբողջ գնդից արձակուրդով պարգեւատրեց միայն չորս զինվորի, որոնցից մեկն էլ ես եմ,- անթաքույց հպարտությամբ ասաց կրտսեր սերժանտը։
FFF
Ստեփանը մինչեւ ծառայությունը քանդակագործություն ու քարտաշություն է սովորել Սիսիանի ամենից ճանաչված քանդակագործ վարպետներից մեկի մոտ։ Եվ քանդակագործ զինվորի ստեղծած մի քանի խաչքարեր այսօր տեղադրված են զորամասում։
-Այդ խաչքարերը իմ ստեղծած առաջին ինքնուրույն գործերն են, որոնց մեջ ես մեծ էներգիա ու սեր եմ դրել։ Այդքանով նրանք անչափ թանկ են դարձել ինձ համար։ Ցանկությունս է, որ խաչքարերը միշտ մնան իմ սիրելի զորամասում: Ձեռքի տոպրակը բացելով՝ հանեց իր քանդակած խաչքարերի լուսանկարներն ու պաշտոնական գրության նմանվող մի թուղթ։
-Սա էլ շնորհակալական նամակ է (մեկնում է ինձ), որ զորամասի հրամանատարությունը գրել է ծնողներիս։ Խնդրեցի՝ թույլ տան անձամբ հանձնեմ ծնողներիս։
Բարձրաձայն կարդացի նամակը.
-Հարգելի Ղազարյաններ, Ձեր որդին՝ հակատանկային դիվիզիոնի կապի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Ստեփան Ղազարյանը, ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է լավագույն կողմերով։ Մենք անչափ շնորհակալ ենք, որ Ձեր դաստիարակած զավակը դասվում է իր զորամասի օրինակելի զինվորների շարքը եւ բարձր է պահում հայ զինվորի պատիվը։ Հավատացեք, որ Ձեր որդու նման զինվորների ջանքերով են նաեւ անառիկ մեր պետության սահմանները,- գրված էր հրամանատարության կողմից տրված շնորհակալական նամակում։

Էջը՝ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Ազգային բանակ


15/02/2011