Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ՎԱՏ ԵՂԱՆԱԿԸ… ԿԱՄ «ՄԵՏԵՈՍՎՈԴԿԱ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ



Բոլորովին վերջերս, ծանոթանալով գործարար Վահագն Սահակյանի հետ, հյուրընկալվեցի նրա քեռու` Սարիբեկ Հովհաննիսյանի համեստ օջախում։ Եվ ինչպես պարզվեց` ոչ ինքնանպատակ: Ժամանակին, երբ նա եռանդուն, ասող-խոսող մարդ էր, իրավունք չուներ ինքն իր մասին` իր անցյալի ու ներկայի մասին որեւէ բան պատմելու (հրամայված էր լռել), եւ երբ երկու տարի առաջ ոչ անհայտ կազմակերպությունից եկան ու իննսունի շեմը ոտք դրած ծերունուն ասացին, թե ինքն այլեւս գաղտնազերծված է եւ կարող է ազատորեն արտահայտվել, Սարիբեկ Հովհաննիսյանն այժմ արդեն Աստծո կամոք կորցրել էր վարժ խոսելու ունակությունը, ուստի նորից շարունակեց լռել… Ընտանիքի անդամները քիչ թե շատ տեղյակ էին իրենց մեծ հայրիկի կենսագրության մինչպատերազմյան եւ հետպատերազմյան ժամանակահատվածից միայն, մինչդեռ փաստաթղթերի, լուսանկարների մասին խոսք լինել անգամ չէր կարող, քանի դեռ նրա մատուցած ծառայության ամբողջ ընթացքը գտնվում էր «Խիստ գաղտնի» կնիքի տակ (չՐՌՒ): Ապավինելով ՌԴ եւ ՀՀ անվտանգության ծառայությունների գաղտնազերծած արխիվներին, Հովհաննիսյանի` դժվարությամբ արտաբերած «հա» ու «չէ»-ին, իր իսկ դողդոջուն ձեռքով գրոտած դեպքերին ու դեմքերին` փորձեցի վերարտադրել այս վաստակաշատ մարդու ուսանելի կյանքի պատմությունը։

Ծնվել է 1923 թվականի հունիսի 22-ին, Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում, սովորել դպրոցում, տարվել նկարչությամբ։ Այսօր էլ նրա համեստ բնակարանի միակ «կահկարասին» իր նկարներն են։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան` նկարչական ուսումնարան ընդունվելու, սակայն պատերազմը խառնել է բոլոր ծրագրերը։ Վերադարձել է գյուղ, մտել զագսի վարիչի մոտ, խնդրել է մեկ տարով իրեն մեծացնել, որպեսզի առանց խոչընդոտի բանակ մեկնի։ Չեն մերժել, դիմում է գրել ու կամավոր ռազմաճակատ մեկնել։ Կռվել է Ղրիմում։ Քանի որ կատարելապես տիրապետում էր Մորզեի այբուբենին, անգլիական արտադրության շարժական ռադիոկայան են տվել, նշանակել ռադիստ ու խստորեն զգուշացրել` կա՛մ կյանքդ կա՛մ ռադիոկայանը։ Մի անգամ Կուբանում ռմբակոծության ժամանակ մարմնով պաշտպանել է ռադիոկայանը, կոնտուզիա ստացել ու… հայտնվել համակենտրոնացման ճամբարում։ Այստեղ հանդիպել է Նորայր Թոռլաքյան անուն-ազգանունով սոչիաբնակ հայի, որը նույնպես ռադիստ էր։ (Ցավոք, ինձ չհաջողվեց պարզել, թե Նորայրը ինչ ազգակցական կապ ուներ «Նեմեսիս» հայտնի գործողության հերոս Միսաք Թոռլաքյանի հետ, որը համագործակցում էր Դրաստամատ Կանայանի հետ և, հավանաբար, որի խնդրանքով էլ վերջինս համակենտրոնացման ճամբարից հանել է Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին)։ Ինչևէ, գերեվարվելով, երկու ընկեր պայմանավորվում են ռադիստ լինելու մասին լռել, քանի որ ֆաշիստները ռադիստներին ևս հրեաների ու կոմունիստների նման առաջնահերթ կարգով գնդակահարում էին։ Սակայն, շատ չանցած, Թոռլաքյանն ինչ-ինչ հանգամանքներում հայտնում է իր և Սարիբեկի ով լինելն, ու սարսափով սպասում են իրենց վերջին։ Գերմանացի սպայի հագուստով միջահասակ սևահեր մի տղամարդ մտնում է ճամբար ու երկու ընկերների ազգանուններն ընթերցելով, դուրս է հրավիրում Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին։ Նրանք հրաժեշտ են տալիս ընկերներին, մտովի «մնաք բարով» ասում հարազատներին ու գնում դեպի անհայտություն։ Հանկարծ սպան բացում է բակում սպասող շքեղ մեքենայի դուռն ու հրավիրում տղաներին նստել, ինքն էլ նստում է վարորդի կողքին։ Հետո նա սկսում է հայերեն խոսել, հարցնում է ով որտեղից է, ու երբ իմանում է Սարիբեկի` դդմաշենցի լինելը, չի թաքցնում ուրախությունն ու հարցնում է. «Իսկ դուք ճանաչու՞մ եք Սերոբին»։ Սարիբեկը` ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է հնարավոր զարգացումներից վախեցած, ասում է, որ Սերոբն իր հորաքրոջ ամուսինն է։ Սա լսելով, անծանոթ սպան տեղից վեր է թռչում, շուռ է գալիս, փաթաթվում Սարիբեկին ու ասում. «Սերոբն իմ Աստվածն է, նա շուրջ երկու հարյուր հոգանոց իմ ջոկատը մեկ ամսից ավելի հյուրընկալել է իր և իր հարազատների տանը, կերակրել, պահել, ուրեմն դուք իմ հարազատներն եք, ձեր անվտանգության համար, ինչպես նաև մեր ժողովրդի ապագայի համար կանեք այն, ինչ կասեմ»։ Այնուհետև սպան տղաներին համոզում է իրենց մասնագիտությամբ ծառայել Գերմանիային, իր կարծիքով` նաև Հայաստանին։ Մի պահ տղաներն ընդդիմանում են, հետո Թոռլաքյանն աչքունքով հասկացնում է, որ համաձայն են։ Հաջորդ օրն ստանում են համազգեստ, նոր, առավել կատարյալ ռադիոկայան ու անցնում գործի։

Անցյալ դարի քառասունական թվականների ինքնաթիռների անվտանգ թռիչքի համար կարևոր նախապայման էր եղանակի ճշգրիտ տեսությունը. դեռևս չկար «կույր թռիչք» հասկացությունը։ Առանց եղանակի ճշգրիտ տեսության ոչ մի ինքնաթիռ օդ չէր բարձրանում։ Յալթայում Եռյակի կոնֆերանսն սկսվելուց առաջ գերմանացիները ակտիվորեն լծվել էին Թեհրանում ձախողած գործողության իրագործմանը` մի հարվածով վերացնել Ստալինին, Չերչիլին ու Ռուզվելտին։ Պատահական չէ, որ գերմանացիների կողմից գրավված Խորհրդային շրջակա տարածքներում տեղակայվել էին մինչև ատամները զինված միավորումներ, հետախույզներ, ռազմական տեխնիկա, հարյուրավոր ռմբակոծիչներ։ Վերջիններիս թռիչքն ապահովելու համար, ինչպես ասվեց, պետք էր եղանակի ճշգրիտ տեսություն, որի պատասխանատվությունը դրված էր Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի վրա։ Եվ ուրեմն, 1944 թվականի ողջ ընթացքում,1945 թվականի առաջին օրերից սկսած, գերմանական հատուկենտ ինքնաթիռ հայտնվեց Ղրիմի երկնքում, իսկ փետրվարի 4-ից 11-ը, երբ Յալթայում աշխատում էր երեք դաշնակից պետությունների համաժողովը, երկինքը լիովին խաղաղ էր, քանզի «եղանակը թռիչքային չէր»։ Իսկ Իոսիֆ Ստալինը, որին արդեն զեկուցել էին մեր հետախույզների կազմակերպած գործողությունների մասին, թափանցիկ ակնարկներով հասկացնել էր տվել Ֆրանկլին Ռուզվելտին եւ Ուինստոն Չերչիլին, որ արևոտ այդ եղանակին գերմանական ինքնաթիռների չթռչելը մերձսևծովյան օդանավակայաններից, խորհրդային անվտանգության ծառայությունների ձեռքի գործն է։ Մինչև գերմանացիները գլխի կընկնեին, թե ինչ էր պատահել եղանակին, Խորհրդային զորքերն ազատագրեցին Ղրիմն, ու «գերմանացի» ռադիստները հայտնվեցին հայրենի հողում։

Հայտնի է, թե Խորհրդային Միությունում ինչպես էին վարվում գերի ընկած զինվորների հետ։ Նրանք լավագույն դեպքում կյանքի մնացած մասն անցկացնում էին սիբիրյան ճամբարներում։ Եզակի դեպքերում, մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում էին միայն մարդիկ արդարացվում։ Այդ դեպքերից էր նաև մեր երկու հերոսների արդարացումը։ Մեջբերենք արդեն հրապարակման ենթակա, հայատյաց Լ.Բերիայի 1945թ. հունվարի 26-ի խիստ գաղտնի նամակը Ստալինին, որն էլ դարձավ երկու հայորդիներին ներում շնորհելու պատճառը.

«Սիմֆերոպոլ քաղաքի ազատագրումից հետո 1944 թ. ապրիլի 13-ին 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» վարչություն մեղայականով ներկայացան գերմանական հետախուզության երկու գործակալ-ռադիստներ.

1. Հովհաննիսյան Սարիբեկ Կարապետի, 1922 թ., Երևան քաղաքի բնակիչ, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 89-րդ դիվիզիայի հրետանային գնդի նախկին կապավոր, 1943 թվականին Կուբանում գերեվարվել է գերմանացիների կողմից, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում։ 1943 թվականին հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում։

2. Թոռլաքյան Նորայր Գարեգինի, 1917 թ., Սոչիի քաղաքացի, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 442-րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային, 1941 թ. հոկտեմբերին գերի է ընկել, պահվել Ջանկոյ քաղաքի ռազմագերիների ճամբարում, հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում։

Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը պատմեցին, որ Սիմֆերոպոլից հեռանալուց հետո գերմանացիներն իրենց թողել են այստեղ` Կարմիր բանակի թիկունքում աշխատելու համար։ Նրանց վկայությամբ, իրենց հետ նաև 4 հայ է եղել… Հանձնարարությունները կատարելու համար խումբը համալրվել է դյուրատար կարճալիք 4 ռադիոկայաններով, 240000 խորհրդային ռուբլով, սննդամթերքով, անձնական զենքով և կեղծ փաստաթղթերով։ Թշնամուն ապատեղեկատվություն տալու, հետախուզության ռադիոալիքները որսալու և մերոնց տրամադրելու նպատակով մեր հետախույզները «աշխատել են» Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի հետ և սկսել «ռադիոխաղեր» կազմակերպել թշնամու հետ։ Թշնամուն երկու ռադիոկայանների կողմից հաղորդվել են 40 ապատեղեկատվական տեքստեր, որոնց բովանդակությունը հաստատել է Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Կուզնեցովը։ Միաժամանակ գերմանական հետախուզության առջև դրվեց Թոռլաքյանի մտացածին կապը իբրև թե սարերում թաքնվող ութ հոգանոց խմբի հետ` որոնց վնասազերծելու համար պահանջվեցին լրացուցիչ ուժեր։ Նոր գործակալներ ուղարկելուն գերմանացիները համաձայնեցին, բայց, նկատի ունենալով հեռավորությունը, 1944 թ. հոկտեմբերի 15-ին առաջարկեցին խմբին տեղափոխվել Ուկրաինա եւ խմբից համապատասխան փաստաթղթերով ու պայմանանշանով կապավոր պահանջեցին՝ տեղափոխումն իրականացնելու համար։ 1944 թ. դեկտեմբերի 23-ին պայմանավորված վայրում հակառակորդը պարաշյուտով իջեցրեց գերմանական հետախուզության գործակալ Խակիմ Գալիևիչ Շակիրզյանովին` 1908 թ. ծնված թաթար, հանձնարարելով նրան կապվել խմբի հետ և հանձնել 527180 ռուբլի, զանազան կեղծ փաստաթղթեր, զինվորական մասերի կնիքներ ու դրոշմակնիքներ, համազգեստ, ռադիոկայանների մարտկոցներ։ Ձերբակալված Շակիրզյանովը պատմեց, որ գերմանական հետախուզությունը հրամայել է վերախմբավորվել Պրիպյատ գետի շրջանում։ 1945 թ հունվարի 21-ին հերթական սեանսի ժամանակ թշնամին փոխանցեց հետևյալ հաղորդագրությունները.

1.«Պատասխանեք, կարո՞ղ է ձեզնից որևէ մեկը ճեղքել Ուկրաինական 2-րդ կամ 3-րդ ռազմաճակատների գիծն ու հասնել մեզ։ Ի՞նչ նորություն կա Ղրիմում»։

2.«Ամեն օր մեզ հաղորդեք եղանակի տեսությունը` ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ամպամածությունը` քառորդ, կես, երեք քառորդ, լրիվ ձևաչափերով, արևը, ձյունը, ամպամածությունը և այլն։ Ողջույն։»

Նկատի ունենալով, որ հակառակորդը խմբին հանձնարարել է տեղափոխվել Պրիպյատ գետի շրջան, Ղրիմի եղանակի մասին հարցումը արժանի է ուշադրության։ Անհրաժեշտ է նշել, որ եղանակի մասին այսպիսի տվյալներ հակառակորդը պահանջում է նաև ռադիոխաղի մեջ ներգրավված այլ ռադիոկայաններից։ Այնուամենայնիվ, ստուգելու համար, թե արդյոք հակառակորդը այս պահին հատուկ ուշադրություն չի դարձնում Ղրիմին, համարում եմ անհրաժեշտ, որպեսզի «Սմերշ» գլխավոր վարչությունը կապի հերթական սեանսում գերմանացիներին ուղարկի հետևյալ հաղորդագրությունը.

«Ձեզ մոտ գալիս է Աստադուրյանը` մեր թաթարի հետ։ Ասացե՛ք՝ ինչպե՞ս ճիշտ հասնել Ձեզ։ Բացի այդ, շտապ հաղորդեք ինչպե՞ս Ձեզ հասնեն մյուսները»։

Եթե հակառակորդը, իրոք, հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմին, ապա խմբին կհանձնարարի մնալ տեղում ու կոնկրետ հանձնարարություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի պարզելու գերմանացիների նպատակներն ու գործողությունների ծրագիրը։

Հետագա իրադարձությունների մասին կզեկուցվի Ձեզ։

ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լ.Բերիա»: (ստորագրություն, կնիք)

Ընդարձակ մեջբերման համար հայցելով ընթերցողի ներողամտությունն ասեմ, որ այն ինքնանպատակ չէր։ Քանի որ իրական հերոսները միշտ էլ ստվերում են մնում` մանավանդ հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ոչ միայն մասնագիտության բերումով, այլեւ առհասարակ քիչ են խոսում` ի տարբերություն հաղթանակի դափնիներն իրենց ուսերին առած զանազան հոսոսների։ Հասկանալի է, որ մեր հերոսին էլ Խորհրդային հատուկ ծառայությունները չէին հավատա, եթե բազմակողմանի ստուգման չենթարկեին, չհամոզվեին, որ նա ու իր ընկերը թե՛ այստեղ և թե՛ գերության մեջ անվերապահորեն ծառայել են հայրենիքին։ Իսկ թե ով էր գերմանական համակենտրոնացման ճամբարից իրենց փրկողը, Հովհաննիսյանն իմացել է տարիներ անց` «գերմանացի» սպային հար և նման մի նկարի տակ կարդալով Դրաստամատ Կանայանի (Դրո) անունը: Հետո տարեց համագյուղացիները պատմել են, որ, իրոք, 1921 թվականի փետրվարին Դրոն իր ջոկատով շուրջ մեկ ամիս հյուրընկալվել է Դդմաշենում։

Սարիբեկ Հովհաննիսյանն այսօր իր նահապետական կյանքի աշունն է ապրում. Հունիսի 22-ին իննսունը բոլորող հայրենասեր հայորդու կենսախինդ դեմքը հուշում է, որ նա դեռ ապրելու ներուժ ունի, կապրի, եթե հոգին խաղաղ լինի, թե որ իր վաստակը չուրանան: Եվ մեկ էլ չասեն` «շատ ես ծեր… քո ժամանակը վաղուց անցել է»: Ապրում է աշխարհից գոհ ու շնորհակալ` նույն «հարկադրյալ» լռությամբ ու համեստ։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


20/06/2012