Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ ԲԱՆԱԿ ԳՆԱՄ



Ընկերներս, որոնց մեծ եղբայրներն արդեն ծառայել են, ասում են, որ բանակում ամեն մասնագիտություն էլ անպայման պետք է գալիս: Նրանցից մեկը վարորդություն է սովորել, մեկ ուրիշը երաժշտական կրթություն ունի ու համոզված է, որ նվագելու է, մյուսը համակարգչի հետ սեր ունի… Իսկ ես, մտածում եմ, առանձնապես մի մասնագիտություն չունեմ, որ բանակում պետք գա. փայտից քանդակներ եմ անում, փայտագործ-քանդակագործ եմ: Երբ տղաներին մտահոգություններս պատմեցի, ասացին, որ բանակում անկարևոր մասնագիտություն չկա, որ անպայման քո կարիքն էլ կլինի… Նրանց ասածով, եթե բախտս բերի, ու իմ զորամասի հրամանատարը արվեստին մոտ մարդ լինի, գուցե հնարավորություն ունենամ ազատ ժամերին քանդակով զբաղվելու…

Չգիտեմ` ինչպես կստացվի, կգնամ բանակ, նոր միայն ամեն ինչ պարզ կդառնա… Առայժմ իմ մտահոգությունը կիսատ գործս ավարտելն ու հանգիստ խղճով բանակ գնալն է… Գործը, որի վրա մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ, հայկական նախշերով մի մեծ փայտե սափոր է… Մինչև բանակ զորակոչվելս դեռ մի քսան օր ժամանակ կա, այնպես որ՝ կհասցնեմ անավարտ մի քանի դրվագ էլ հղկել-նախշել… Չեմ սիրում սկսած գործը կիսատ թողնել… Երբ իմ այս աշխատանքը համեմատում եմ իմ առաջին գործերի հետ, ապշում եմ` սար ու ձորի տարբերություն կա: Ինչու եմ հեռու գնում` նույնիսկ իմ այս սափորի վրայի առաջին զարդանախշերը չեմ համեմատի վերջինների հետ…

Արվեստի նկատմամբ իմ սերը առաջինը իմ մեջ նկատել է մայրս… Եթե մի օր նա իմ ձեռքը չբռներ ու արվեստի ուսումնարան՝ վարպետիս մոտ չտաներ, գուցե ես այդպես էլ չիմանայի, թե ինչի եմ ընդունակ… Հիշում եմ, երբ դպրոցում անտիկ աշխարհի հայտնի քանդակագործ Պիգմալիոնի մասին պատմող ստեղծագործությունն էինք անցնում (թե ինչպես նրա ձեռքի տակ սառը, անկյանք մարմարը կենդանություն է առնում ու դառնում գեղեցիկ կին, այնպես, որ նա ինքը սիրահարվում է իր ստեղծագործությանը) ես չէի հավատում. ախր, քարը չի կարող կենդանանալ, շնչել… Բայց հիմա, երբ ձեռքս եմ առնում հատիչը, դուրը և մուրճը ու սկսում եմ քանդակել կամ փորագրել, հավատում եմ, որ անկենդան քարն ու փայտն էլ կարող են շնչել, որովհետեւ նրանցից ամեն մեկի մեջ հոգի (հոգիդ) ես դնում … Վարպետս ասում է, որ հենց դա է արվեստի ուժը՝ ոգին…

Այս վերջին օրերին անընդհատ մտածում եմ, թե բացի առօրյա ծառայությունից, ուրիշ ի՞նչ կարող եմ անել բանակի համար… Օրինակ՝ կարող եմ Հայաստանի, մեր զինված ուժերի զինանշանները փորագրել, կարող եմ, եթե զորամասի տարածքում հին, չորացած ծառեր, կոճղեր լինեն, դրանցից մարդու, կենդանիների, թռչունների պատկերներ քանդակել… Ես այդպիսի աշխատանքներ տեսել եմ Էջմիածնի վանքի հարևանությամբ… Ինձ թվում է` և՛ զորամասի համար հաճելի կլինի, և՛ ես իմ սիրած աշխատանքից հետ չեմ սովորի, հետ չեմ վարժվի… Չգիտեմ, ինչպես տղաներն են ասում, ամեն ինչ բախտի բան է. դեռ հարց է, թե ի՞նչ զորամաս եմ ընկնելու, հրամանատարս ո՞վ է լինելու, ի՞նչ եմ ծառայելու, ազատ ժամանակ ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ…

Երբ իմ մտահոգությունների մասին վարպետս իմացավ, ասաց, որ ծառայության երկու տարին ակնթարթի պես կանցնի-կգնա, եւ որ ես, եթե իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը, զինծառայությունից հետո էլ նույն նվիրումով գործին կկպչեմ ու կաշխատեմ, կքանդակեմ ու կփորագրեմ, բանակը դեռ ոչ մեկին չի խանգարել, ընդհակառակը՝ կօգնի՝ ավելի լավ ճանաչես ինքդ քեզ ու քո շրջապատի մարդկանց, քո ուժերն ու կարողությունները… Ես հավատում եմ իմ վարպետի խոսքերին: Տատս ու պապս էլ են նույն կարծիքին, ասում են. «Կարևորը՝ լավ ծառայես, անփորձանք, խաղաղ ծառայես, իսկ քո դուրն ու մուրճը, քո բոլոր գործիքները մենք խնամքով կպահենք, մինչև վերադառնաս… Հանգիստ կաց. դրանց ոչ ոք ձեռք չի տա»:

…Դեռ մինչև զորակոչվելս մի քսան օր ժամանակ կա, գնամ սափորիս վրայի վերջին մի քանի տերևը փորագրեմ վերջացնեմ, որ հանգիստ խղճով բանակ գնամ… Հետո էլ… Աստված մեծ է:

ՊԵՏՐՈՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
նորակոչիկ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն


13/06/2012