Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ»



Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-Պարոն նախարար, երեկ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանի, շտաբի պետ փոխգնդապետ Ա. Բարխուդարյանի ուղեկցությամբ եղանք առաջնագծում, այցելեցինք զորամասի պահպանությանը վստահված մարտական դիրքեր, հանդիպեցինք, զրուցեցինք դիրքապահ զինվորների հետ և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր երկրի անվտանգությունը վստահված է հայրենասեր ու քաջ տղաների։ Օր չի լինում, որ հակառակորդը տասնյակ անգամներ չխախտի հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մենք ունենում ենք նաև ցավալի կորուստներ։ Դուք, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը առաջնագծում՝ «դիպուկահարների պատերա՞զմ», «դիվերսիոն պատերազմ», թե՞…

-Մայիսի 12-ին մենք նշեցինք զինադադարի 18-րդ տարին։ Տարիներ շարունակ մենք գտնվում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում։ Վերջին տարիներին թշնամին անընդհատ ուժեղացնում է լարվածությունը առաջնագծում ինչպես պատահական կրակոցներով, այնպես էլ նշանառու, իսկ վերջին երկու տարիներին շատացել են հատկապես խոշոր տրամաչափի նշանառու զինատեսակներով կրակոցները, որոնք հաճախ զուգակցվում են դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցմամբ, ինչը փաստում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միմիայն ռազմական ճանապարհով։ Ալիևյան կլանը ամեն կերպ փորձում է առաջնագծում լարվածություն պահել` այդպիսով հետապնդելով մի քանի նպատակ։ Առաջինը՝ վնաս տալ հայկական զինված ուժերին, երկրորդ՝ պարտադրել, որ մենք մեծ քանակությամբ զորք պահենք առաջնագծում, երրորդ՝ այդպիսով փորձում է վարժել իր զորքը և չորրորդ՝ տարբեր գործողություններով փորձում է առաջնագծում նպաստավոր դիրքեր զբաղեցնել, որպեսզի հետագայում իշխող դիրք ունենա առաջնագծում։ Եվ այս ամենից ելնելով, մենք դրանց հակընդդեմ համապատասխան գործողություններ ենք իրականացնում ինչպես հակազդելու, այնպես էլ պատժիչ գործողությունների միջոցով։ Մեկ օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքով գնդակոծեց դիրքապահ զինվորներին հաց տանող մեքենան, բարեբախտաբար վիրավորներ ու զոհեր չեղան: Այսօր (մայիսի 18-ին) մինչև կեսօր հրադադարը խախտվել է 52 անգամ, որից 48-ը՝ Ադրբեջանի զինուժի կողմից։ Միայն 4 անգամ ենք մենք պատասխան կրակ բացել։ Սա միջին թիվ է։ Ապրիլի 24-ին հակառակորդը հրադադարը խախտեց 250 անգամ, ինչն աննախադեպ էր վերջին տարիների ընթացքում։

-Թշնամու ակտիվացման պայմաններում մեր զինվորների զգոնության նույնիսկ փոքր-ինչ թուլացումը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Փաստորեն, ծառայությունը խիստ լարված-մարտականին մոտ իրավիճակում է իրականացվում։ Ի՞նչ է արվում դիրքապահ զինվորներին հոգեբանորեն աջակցելու, զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ։

-Նախ՝ ասեմ. պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն` հստակեցված են մարտական հերթապահության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձանց առաջադրված խնդիրները, ինչը նախորդում է մարտական հերթապահության նախապատրաստական աշխատանքներին, որոնք սկսվում են հենց մարտական հերթապահությունից վերադառնալու հաջորդ օրը։ Հերթափոխն իր մեջ ներառում է տարաբնույթ միջոցառումներ ինչպես նյութական միջոցների վերականգնման, անձնակազմի, սպառազինության նախապատրաստման, այնպես էլ մարզումների միջոցով։ Բոլոր զորամասերում առկա են մարտական հերթապահության ավաններ, որտեղ անձնակազմը գործնականորեն պատրաստվում է հաջորդ մարտական հերթափոխին։ Իսկ ուսումնական կետը հենց հոգեբանական պատրաստության այն վայրն է, որտեղ հստակ աշխատանքներ են իրականացվում։ Դրանից զատ բոլոր դիրքերում կահավորված են դաստիարակչական անկյունները, և քարոզչական պաստառների, դիդակտիկ նյութերի միջոցով ներկայացվում են ինչպես գրանցված բացասական գործողություններն ու դրանց հետևանքները, այնպես էլ մեր զինծառայողների դրսևորած սխրագործություններն ու հիշատակման արժանի ծառայական դրվագները։ Հրամանատարական կազմը, ըստ սահմանված գրաֆիկի, մշտապես այցելում է առաջնագիծ, դիտարկումներ անում, ստուգումներ իրականացնում, ինչը, առաջին հերթին ուղղված է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մարտական ոգու բարձրացմանը։ Եվ եթե այս ամենին էլ ավելացնենք այն, որ պաշտպանության բանակի ղեկավարությունը, հասարակական կազմակերպությունները Հայաստանից և Արցախից մշտապես այցելում են առաջնագիծ, պարզ կդառնա, որ մեր զինվորը երբեք մենակ չի մնում առաջնագծում, նա միշտ իր կողքին և թիկունքին զգում է ժողովրդի աջակցությունը։

-Պարոն գեներալ, վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ շփման գծի երկայնքով սկսելու է քարե պատնեշ կառուցել։ Սկսվե՞լ են այդ աշխատանքները և, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այդ քայլը։

-Ճիշտ է, պատի կառուցման մասին հայտարարել են, բայց մինչ օրս ոչ մի քար էլ քարի վրա չի դրվել։ Դա զուտ քարոզչական նպատակ է հետապնդում։

-Որոշ վերլուծաբաններ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ակտիվացումը բացատրում են այն բանով, որ, իբրև թե, ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում աստիճանաբար սկսում է խախտվել հօգուտ Ադրբեջանի։ Համաձա՞յն եք այս տեսակետին։

-Նախ՝ կուզեի, որ հաշվի առնեիք մասնագետների կարծիքը, քանի որ դրանք ավելի զուսպ են ու ճշմարտացի, այլ ոչ թե՝ այս կամ այն կազմակերպության վերլուծությունը, որոնք, հայտնի է, հիմնականում միտված են մեկ ուղղությամբ։ Իհարկե, մտահոգիչ է Ադրբեջանի՝ իր զինված ուժերի վրա ծախսած գումարների չափը, բայց ուզում եմ փաստել, որ այս կամ այն երկրի բանակի մարտունակությունը միայն դրանով չի բնորոշվում, և որ հարկավոր է հաշվի առնել մի քանի կարևոր բաղկացուցիչ՝ սկսած ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանից, վերջացրած սպառազինության, ռազմական տեխնիկայի տիրապետման և կիրառման աստիճանով։ Այս բոլորը համադրելու դեպքում կտեսնեք ու կհամոզվեք, որ Ադրբեջանի զինված ուժերը որևէ առավելություն չունեն հայկական զինված ուժերի նկատմամբ (քանակականը մի կողմ դրած)։ Եվ դրա վառ ապացույցը Շուշիի ազատագրումն է, Արցախյան ազատամարտն ամբողջությամբ վերցրած։ Նյութական միջոցներ ունենալը դեռևս բավարար չէ հաղթանակ կերտելու համար։ Եվ շատ դեպքերում հակառակորդի, այս դեպքում՝ Ադրբեջանի զինված ուժերի հարուստ նյութական միջոցները նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկական զինված ուժերի ստեղծման համար։ Մեր բանակի սպառազինությունն այդ տարիներին հիմնականում համալրվեց հակառակորդից խլված ռազմական ավարով։

-Ադրբեջանը չի թաքցնում, որ սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

-Դեռևս չի սկսել, պլանավորում են սկսել, սակայն չեմ կարծում, որ ադրբեջանցին ԱԹՍ արտադրելու ընդունակություններ ունենա…

-Թշնամու անընդհատ սպառազինման, նախահարձակ գործողությունների ակտիվացման, նենգ մարտավարություն որդեգրելու պայմաններում արդյոք փոփոխվո՞ւմ է պաշտպանության բանակի մարտական պատրաստության ծրագիրը։ Մարտական պատրաստության կատարելագործման ի՞նչ միտումներ են նկատելի վերջին մեկ տարվա ընթացքում։

-Նշեմ, որ ՊԲ-ի հաջորդ ուստարվա պլանավորումն իրականացնելիս առաջին հերթին հաշվի են առնվում հակառակորդի հավանական գործողությունների բնույթը, ինչն իր մեջ ներառում է ինչպես պաշտպանողական գործողությունների, այնպես էլ դրանց ինժեներական ապահովման պլանավորում, առաջնագծի, բնագծերի կահավորում, նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում և ամենակարևորը` անձնակազմի բարձր պատրաստվածություն։ Եվ մենք չենք թաքցնում, որ մեր բանակը, ինչքան էլ կոչվի պաշտպանության բանակ, ամենևին էլ ստեղծված չէ միայն պաշտպանվելու համար։ Այս վերջին տարիների ընթացքում ՊԲ-ում կատարված վերափոխումների արդյունքում ստեղծվել են այնպիսի ստորաբաժանումներ, որոնք ունակ են, մինչև ռազմական գործողությունների սկսվելը, անցնել հարձակման կամ ռազմական գործողությունների ժամանակ կանխել հակառակորդին և անցնել հակահարձակման՝ վերջինիս պարտադրելով այն ելքը, որը մեզ ձեռնտու է։

-Վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, սննդի, հանդերձանքի ապահովման գործում։

-Այս տարի՝ մայիսի 9-ին, մենք տոնեցինք մեր բանակի ստեղծման 20-ամյակը։ Եվ ես, որպես բանակի ստեղծման ակունքներում կանգնած զինվորական, երբ հետադարձ հայացք եմ ձգում մեր անցած ուղուն (ինչ ենք ունեցել 20 տարի առաջ և ինչ ունենք այսօր), անկեղծորեն հիացմունք եմ ապրում։ Այսօր մենք բավականին առաջ ենք անցել, ունենք ապահովման բարձր մակարդակ ինչպես նյութական, այնպես էլ զորանոցային ֆոնդի տեսանկյունից։ Այսօր մենք չունենք մի զորանոց, որը կահավորված չլինի այն անհրաժեշտ միջոցներով, որոնք պետք են զինծառայողին, չունենք այնպիսի ճաշարան, որն ապահովված չլինի զինծառայողների նորմալ սննդի պատրաստման համար անհրաժեշտ միջոցներով, պարագաներով։ Նշեմ միայն մի թիվ, որ շատերի՝ հատկապես մեր կանանց, մայրերի զարմանքը գուցե հարուցի. հայկական զինված ուժերում մենք ունենք 18 տեսակի առաջին և 24 տեսակի երկրորդ ճաշատեսակ։

-Ի՞նչ է արվում զորքերում մահվան ելքով դեպքերի, պատահարների թիվը նվազեցնելու ուղղությամբ։

-Բանակի ամբողջ հրամանատարական կազմը լի է վճռականությամբ մահվան ելքով դեպքերի, պատահարների թիվը ոչ թե նվազեցնելու, այլ իսպառ վերացնելու։ Մենք ամեն օր, ամեն ժամ ջանք չենք խնայում, որ անտեղի մարդկային կորուստ չունենանք։ Ինձ համար տարբերություն չկա՝ իմ զինվորը հակառակորդի կրակոցի՞ց է զոհվել, թե՞ դժբախտ պատահարից։ Բոլոր դեպքերում ես զինվոր եմ կորցնում, մեր հայրենիքի պաշտպանին եմ կորցնում։ Զինվորի կորուստը ես համարում եմ ողբերգություն մեր ազգի, ժողովրդի, ինձ համար, ողբերգություն տվյալ ընտանիքի համար։ Վստահեցնում եմ, ՊԲ-ի հրամանատարությունը վճռական է տրամադրված` նմանատիպ դեպքերը վերացնելու։ Տեղեկացնեմ նաև, որ ամեն զինվորի կորստի համար մենք շատ խիստ ենք պատժում հակառակորդին։ Բայց վստահեցնում եմ, որ մեր կողմից պատասխանը առավել հուժկու է լինում։ Պատմեմ մի դեպք, որ վերջերս է տեղի ունեցել. Մարտակերտի պաշտպանական շրջանում մեր զինվորը վիրավորվել էր աչքի շրջանում։ Բարեբախտաբար, ողջ էր մնացել։ Եվ երբ ես այցելեցի նրան, նա ինձ ասաց. «Պարոն գեներալ, ես նրան խփել եմ, հավատացեք, ես նրան սպանել եմ։ Կստուգեք, կտեսնեք, որ ես նրան սպանել եմ։ Ինքն ինձ վիրավորել է, բայց ես նրան սպանել եմ»,- անվերջ կրկնում էր զինվորը։ Նրան վիրահատում են, գիտակցությունը տեղն է, և անգամ այդ վիճակում նա շարունակում է կրկնել, որ ինքը սպանել է հակառակորդի նշանառուին։

-Պարոն գեներալ-լեյտենանտ, զրույցի վերջում Արցախի հերոս ժողովրդին, զինված ուժերին եւ անձամբ Ձեզ ուզում եմ շնորհավորել Եռատոնի եւ փառահեղ զորահանդեսի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն, հզորացում:

-Շնորհակալություն: Հակիրճ ասեմ՝ զորահանդեսը մեծ ոգեւորությամբ ընդունվեց ոչ միայն արցախցու, այլեւ աշխարհասփյուռ հայության կողմից: Այս զորահանդեսի, որտեղ ե՛ւ քանակական, ե՛ւ որակական առումով, ի ցույց դրվեց ՊԲ-ի ռազմական հզորությունը, լավագույն գնահատականը մեր ժողովրդի տված գնահատականն էր եւ թշնամու լռությունը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/05/2012