Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Որպես օրինաչափություն` ՀՀ ԶՈՒ-ում անցկացվող ոչ մի զորավարժություն նման չէ նախորդին: Պատերազմական հնարավոր նոր իրավիճակներին համապատասխան, անընդհատ զորավարժությունների նոր սցենարներ են գրվում, մշակվում մարտական նորանոր պլաններ, որոնցում հաշվի է առնվում ամենափոքր մանրուքը:

Ադրբեջանի չդադարող պատերազմական կոչերն ու հայատյացության չդադարող հիստերիան, մեր երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանն ստիպում են մշտապես լինել զգոն, պատրաստ` կանխելու թշնամու ցանկացած սադրանք:

Փոխգնդապետ Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի բազայի վրա տեղի ունեցավ մարտական հրաձգությամբ գնդային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որն իր խնդիրների բազմազանությամբ ու կարևորությամբ էականորեն տարբերվում էր նախորդներից:

Զորավարժության մեջ ընդգրկված բոլոր ստորաբաժանումների պլանավորած գործողությունները պարբերաբար ստուգում և դրանք իրենց դիտողություններով ու խորհուրդներով ճիշտ հուն էին ուղղորդում ՀՀ ԶՈՒ վարչություններից գործուղված բարձրաստիճան սպաներ` զորավարժության ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի և զորավարժության շտաբի պետ, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի ղեկավարությամբ: Զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանը հանկարծակի այցելություններ ու պարբերաբար շրջայցեր էր կատարում տարբեր ստորաբաժանումներ, անձամբ ծանոթանում վրանային ավանների եռուզեռին, զինծառայողների զինվորական կարգապահությանը, նրանց մարտունակության վիճակին, անձնակազմի՝ զորավարժության կրակային փուլի նախապատրաստությանը, տալիս անհրաժեշտ հրահանգներ:

Ցուցադրական զորավարժության կրակային փուլից առաջ ուսումնական դաշտում բացազատվեցին տարբեր ուսումնական կետեր: Ցուցադրվեցին այնպիսի նորամուծություններ, որոնք ԶՈՒ-ում առաջին անգամ են գործարկվում: ՈՒսուցանող սպաները զորամիավորման որոշ ծառայությունների, ԶՈՒ համապատասխան վարչությունների պատասխանատուներ էին, որոնք մաքուր և խնամքով պատրաստված ուսումնական տեղամասերի, որակյալ և բարձրաճաշակ ձևավորված ցուցավահանակների, ուսումնամեթոդական ուղեցույցների, անհրաժեշտ զինտեխնիկայի, սարքերի ու սարքավորումների, ինժեներական կահավորանքի ու գործնական մասը ցուցադրող զինվորների միջոցով մատուցվող նյութը դարձրին առավել մատչելի, ինչն էլ նպաստեց զորավարժության բարձր մակարդակով անցկացմանը:

ՀՀ ԶՈՒ բոլոր զորամիավորումների ու զորամասերի հրամանատարների մասնակցությունը զորավարժությանը հրամանատարական ունակությունների բարձրացման, փորձառության ավելացման ու հմտությունների կատարելագործման կարեւոր գրավական է:

Զորամիավորման շրջանակներում անցկացվող գնդային զորավարժությանն անձամբ մասնակցեց և նրա ընթացքին հետևեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորավարժության արդյունքներն սպասվածից առավել բարձր էին: Հենց մարտադաշտում էլ զորավարժությունում ընդգրկված բոլոր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ կարճատև հանդիսավոր միտինգ ու զորահանդես, որի ժամանակ զորավարժության ղեկավարությունը բարձր գնահատեց զորավարժության նախնական արդյունքներն ու աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգևատրեց թանկարժեք նվերներով, արժանացրեց խրախուսանքի:

Զորավարժության արդյունքները ցույց տվեցին, որ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը, որի մասնակցությամբ զորավարժությունները միշտ աչքի են ընկնում մարտական խնդրի հաջող կատարմամբ ու նշանակետերի խոցման բարձր արդյունքներով, քաջ գիտակցում է իր առջև դրված խնդիրների կարևորությունը և ամեն ինչ անում` զորքերի մարտունակությունը մշտապես բարձր պահելու, անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու համար:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ազգային բանակ


02/05/2012