Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՊՏԱԿՆԵՐԸ



«Անդրանիկը կմնա հայոց պատմության մեծագույն ռազմիկներից մեկը, շրջապատված լեգենդային և անմահության դափնեպսակով»։
Միքայել Վարանդյան

Անդրանիկը ապտակել է գեներալներ Տրուխինին ու Աբացիևին, Ռուբենին, Շիրվանզադեին, Բաղրամյանին, Միկոյանին։ Նրանցից շատերը երախտագիտությամբ եմ հիշում Զորավարի ապտակը, ինչպես Հ. Բաղրամյանը (նա ապտակը ստացել է 1918-ի մարտին, Սարիղամիշի մոտ գտնվող Խորասան գյուղում)։

Ս. Վրացյանը հիշում է. «Միկոյեան Անդրանիկից ծեծ կերաւ ու հեռացաւ ոչ միայն կամաւորական խմբից, այլև Դաշնակցութիւնից… Իսկ ո՞վ էր այն բախտաւորը, որ Անդրանիկի բռունցքի կամ լեզուի համը չէր ճաշակել։ Անդրանիկը ծեծել էր Գասպար Իփէկեանին, Աշխարհաբեկ Քալանթարեանին, Անաստաս Միկոյեանին, նոյնիսկ Ռոստոմի, բժ. Զաւրեանի և Ռուբէն Տէր-Մինասեանի վրայ փորձել էր ձեռք բարձրացնել»։

(Սիմոն Վրացեան, Կեանքի Ուղիներով, Գ. Հատոր, Պեյրութ, 1963, էջ 106)։

Անդրանիկ Չելեպեան, Զօրաւար Անդրանիկ և հայ յեղափոխական շարժումը, Երևան, 1990, էջ 321։

ՈՒՄ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԱՊՏԱԿԵԼ ԶՈՐԱՎԱՐԸ

Զորավարն ապտակել է IV բանակային կորպուսի զորահրամանատար գեներալ Տրուխինին 1915թ. հուլիսին։ Այն բանից հետո, երբ հրաման ստացվեց Վան-Վասպուրականը թողնելու մասին (իբր թշնամու գերակշիռ ուժերի հարձակման պատճառով), I կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Տրուխինը թաքցրել էր։ Այդ մասին ահազանգ տվեց Տրուխինի համհարզ կապիտան Արշակ Շահխաթունին (հայ նշանավոր դերասան, որը հետագայում 1928-ին Փարիզում նկարահանեց Զորավարին նվիրված ֆիլմ)։ Հետևեց Անդրանիկի ապտակը։ Սկսվեց Վասպուրականի (մոտ 100000) բնակչության աղետալի նահանջը, հուլիսի 31-ին Վասպուրականի լեռներում ձյուն եկավ, երեխաների զգալի մասը մահացավ։ Մոտ 500 երեխաների փրկեցին ռուս կազակները, յուրաքանչյուրը իր յափնջու տակ դուրս բերեց մի երեխայի` հակառակ ռուսական զորքի նահանջը իրականացնող գեներալ-լեյտենանտ Աբասցիևի հրամանի. «ոչ մի աջակցություն բնակչությանը»։ Հայատյաց այս գեներալը նույնպես իրենը ստացավ։ Դեռ ավելին՝ Անդրանիկը Աբասցիևի ոտքերի տակ նետեց Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով գեներալի ուսնոցը և ուսադիրները։ Սա արդեն ավելին էր։ Չլիներ ռուս կազակների և կազակ գեներալ Բիչերախովի աջակցությունը, Զորավարը անպայման կկանգներ ռազմական տրիբունալի առաջ։ Բիչերախովի ջոկատում կային հայ կամավորականներ՝ Քեռու (Արշակ Ջավաֆյանի) գլխավորությամբ։

Զորավարը բոլորի աչքի առաջ ծեծի ենթարկեց IV բանակային կորպուսի հետախուզության պետի տեղակալ կապիտան Դևոյանին, որը չափազանցված տեղեկություններ էր հաղորդել թշնամու գերակշիռ ուժերի մասին (այդպես էլ կար, 1915-ի հուլիսին` Ալաշկերտի օպերացիայի ժամանակ, Աբդուլ Քերիմ փաշայի զորքերում 33 գումարտակ լրիվ համալրված չէր)։

♦♦♦

1968թ. Երևան, պետհամալսարան

ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Այն հարցին, թե մարշալը երբևիցե հանդիպե՞լ է զորավար Անդրանիկին, պատմեց հետևյալը.

…1918թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի։ Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը ավելի քան 15000 գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ …Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.

-Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա կարգի բեր քո էսկադրոնը…

Ցավալի էր, 1918թ. գարնանը ամենուրեք կարելի էր լսել «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք»։

Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ… Չէ՞ որ 1941-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես օրինակ, մարշալ Կոնևը… Իսկ թե ինչու է մարշալի հուշագրությունից դուրս մնացել այս մասը… դա այլ հարց է…

♦♦♦

1917թ. Թիֆլիս:

Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու իր թիկնապահը՝ նշանավոր հայ գրող Վահան Թոթովենցը (այդ օրերին Թոթովենցն ու Անդրանիկը խմբագրում էին «Հայաստան» հանդեսը)։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամը՝ Ռոստոմ Զորյանը, առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը.

-Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…

Հետևեց Անդրանիկի շառաչուն ապտակը, և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։

-Ներող եղիր, Զորավար, գինով է,- Անդրանիկին դիմեց նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը (Շիրվանզադեի մորաքրոջ տղան) և իր հուժկու բազուկներով դուրս բերեց գրողին։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/04/2012