Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՄԱՍ



2012 թ. մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին և հայտնեց իր կարծիքը նախորդ տարվա աշխատանքների մասին: Ցանկանում ենք նշել, որ նախարարն ընդհանուր առմամբ գոհ էր դասախոսական անձնակազմի կատարած աշխատանքից (տե՛ս «Հայ զինվոր», թիվ 12, 2012):

Մարտի 31-ին 50-ից ավելի գիտնականներ և դասախոսներ, որոնք ներկայացնում են հանրապետության առաջատար գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունները, վերսկսեցին «Պատմություն և մշակույթի էջեր» ծրագրով նախատեսված այցելությունները Հայաստանում տեղակայված տարբեր զորամասեր:

Առավոտյան ժամը 9-ին դասախոսները մեկնեցին հանրապետության տարբեր մարզեր` կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Մեր խումբը, որի անդամներն էին Ռոման Սմբատյանը, Թադևոս Չարչյանը, Մհեր Բաղդասարյանը և ես, մեկնեց Սյունիքի մարզում տեղակայված զորամասերը: Առաջին երկու դասախոսները մնացին Գորիսում` տեղի զորամասերից մեկում:

Ճանապարհի ողջ երկայնքով դաշտային-հողագործական աշխատանքներ են կատարվում: Երկու տարի առաջ նույն այդ ճանապարհով անցնելիս չէի նկատել գյուղատնտեսական աշխատանքների նման աշխուժություն: Դա շատ և շատ ուրախացրեց մեզ` կատարվում են լուրջ քայլեր ազատագրված տարածքների յուրացման համար:

Ժամանելով՝ մենք կարճ շրջագայություն կատարեցինք զորամասի տարածքում (հրամանատար՝ գնդապետ Կ. Գրիգորյան): Զորամասում կարգուկանոնը բարձր հիմքերի վրա է:

♦♦♦

Մ. Բաղդասարյանի զեկուցումը նվիրված էր մեր օրերում մղվող տեղեկատվական պատերազմին, որում ներգրավված են Ադրբեջանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ընդհուպ մինչև երկրի նախագահը: Վերջինս ցանկացած առիթ օգտագործում է, որպեսզի բարձրաձայնի ադրբեջանական բանակի մարտական «բարձր» պատրաստականության և «գերազանց ու ժամանակակից» սպառազինության մասին: Ուստի զեկուցողը փաստերով կարողացավ հիմնավորել ադրբեջանական քարոզչության սնանկությունը:

Դասախոսությունից հետո զրույցի բռնվեցինք մի խումբ զինծառայողների` Հարություն Խաչատրյանի, Նարեկ Գրիգորյանի, Գրիգոր Սարոյանի, Վազգեն Մուրադխանյանի, Արմեն Պետրոսյանի, Գևորգ Գրիգորյանի և Արմեն Թադևոսյանի հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերը, այդ թվում նաև մայրաքաղաքը: Զրույցի ընթացքում փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ցանկություններ և կարիքներ ունեն: Տղաները հիմնականում գոհ են ծառայությունից, սակայն ցանկանում են համալրված եւ հարստացված մարզագույք ունենալ:

Զինվորների հետ շփման ընթացքում մեր ստացած տպավորությունը դրական էր: Վերադարձի ճանապարհին զրուցեցինք նաև Գորիսում դասախոսություններ կարդացած մեր երկու ընկերների հետ, և պարզվեց, որ նրանք համակարծիք են՝ նման այցելությունները, որոնք կազմակերպում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (նախագահ` Գեղամ Հարությունյան), անհրաժեշտ են և ուսանելի:

♦♦♦

Կցանկանայինք ներկայացնել նաև մեր մի քանի նկատառումներ և առաջարկություններ, որոնք, մեր կարծիքով, կարող են բարձրացնել զինծառայողների համար ընթերցվող դասախոսությունների արդյունավետությունը.

Մինչև մեր հերթական այցելությունը՝ զինվորներից և սպաներից ճշտել, թե ինչ թեմաներով կցանկանային զեկուցումներ լսել:

Զինծառայողների շրջանում հարցում անցկացնել` պարզելու համար, թե որքանով են նպաստում նման այցելությունները զինվորների ընդհանուր զարգացածությանը:

Դասախոսություններում ներգրավել նաև հմուտ և փորձառու հոգեբանների (նման առաջարկություն եղավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրավիրած խորհրդակցության ժամանակ):

Դասախոսությունների ծրագրում հաճախակի ընդգրկել ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկների և կադրային սպաների՝ ուղարկելով նրանց այն զորամասեր, որոնք գտնվում են այն վայրերում, որտեղ վերջիններս մարտական գործողությունների են մասնակցել:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ. գիտ. թեկնածու

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Բանակ և հասարակություն


11/04/2012