Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԻՆ՝ ԱՆՍԱՍԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՒԺԿՈՒ…



Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի հիմնական խնդիրը պետական սահմանի պահպանությունն է: Օր ու գիշեր հերթապահությունում ընդգրկված զինծառայողները դիրքերում են, իրենց դժվարին ծառայությամբ հսկում են մեր ժողովրդի անդորրը:

Ինչպես նշեց գնդապետ Մախսուդյանը, գարնան հետ հակառակորդն ակտիվացել է, սակայն մեր անվտանգությունը պահպանվում է պատշաճ մակարդակի: Մեր կողմից թերացումներ չկան, պարզապես հակառակորդի համար գարնան գալով տեսանելիությունը բարձրացել է, տեղանքում գործելու հնարավորությունները` շատացել:

-Անընդհատ հրահրում են, որ մենք էլ պատասխան տանք: Իհարկե, ամեն կրակոցի պատասխան չենք տալիս, սակայն մեր կրակը լինում է կոնկրետ և հուժկու: Հատկապես, եթե զգում ենք, որ գործում են դիպուկահարներ, անպայման պատժում ենք: Ինժեներական կառույցներն ավելանում են, այս պահին էլ ամրացվում են մեր դիրքերը անձնակազմի անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու համար: Ինչքան դիրքերը մոտ են, այնքան ավելի ակտիվ են կրակոցները: Եթե մեր կողմից կորուստ ենք ունենում, պատասխանը տրվում է անհապաղ` հակառակորդը պետք է իմանա, որ մենք մեր տեղում ենք: Ընդ որում, պատասխան կրակ բացում ենք պատասխանատվության գոտու ողջ երկայնքով: Ինչպես գիտեք, վերջերս մեր հենակետերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող: Նրա զոհվելուց հետո հակառակորդը երեք-չորս օր շարունակ ընդհանրապես չէր կարողանում շարժ կատարել, որոշակի ազատություն ստանում էր միայն գիշերային ժամերին: Ցավոք սրտի, նրանց պատժելու, իրենց տեղը ցույց տալու համար երբեմն չափազանց թանկ գին ենք վճարում` հայրենիքին անձնվիրաբար ծառայող մեր զինծառայողների կյանքը: Ցավալին այն է, որ ադրբեջանական կողմը իր զորամասերում տեղի ունեցող պատահարները փորձում է կապել մեզ հետ: Օրինակ` ադրբեջանական այն նույն հենակետում, որտեղից դիպուկահարի կրակոցից սպանվել էր մեր զինծառայողը, օրեր առաջ ադրբեջանական բանակի զինվորներից մեկը սպանել էր իր ծառայակիցներից մի քանիսին: Մեր զինծառայողին ուղղված մահացու կրակոցից հետո նրանք հայտարարեցին, որ իրենց զոհերը հայկական դիվերսիայի հետևանքով են, իսկ հայ դիտորդի սպանությունը պարզապես պատասխան գործողություն էր:

Միանշանակ կարող եմ պնդել, որ նրանց հայտարարությունը բացարձակ սուտ է, և իրենց իսկ սադրիչ գործողությունները արդարացնելու միջոց,-ասաց հրամանատարը:-Նրանք չեն հասկանում, որ նման գործողություններով ավելի են զայրացնում մեր զինվորին: Մեր պայմանագրային զինծառայողը մարտական հերթապահությունը իրականացրել է բոլոր պահանջներին համապատասխան, նա իր ծառայության երեք տարիների ընթացքում իրեն գերազանց է դրսևորել, և հաճախ նորանշանակ պայմանագրայիններին հենց նա է ուղղորդել իր հմուտ խորհուրդներով, քաջալերել է, սիրտ տվել: Իր բոլոր գործողություններով նրան իրավամբ կարելի է դասել օրինակելի զինծառայողների շարքը և նույնիսկ նրա օրինակով ցուցադրական պարապմունքներ անցկացնել, թե ինչպես պետք է իրականացվի մարտական հերթապահությունը: Բայց նա ավաղ այսօր մեզ հետ չէ, եւ զորամասի թե՛ պայմանագրային, և՛ թե՛ ժամկետային զինծառայողների համար նրա պայծառ կերպարը ընդօրինակման արժանի կլինի:

Հակառակորդի ակտիվացման պայմաններում մեր հիմնական խնդիրը դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը բացառելն է և խաղաղ բնակչության վրա կրակ բացելը թույլ չտալը: Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են, արվում է նույնիսկ անհնարինը ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Ամեն հերթափոխից առաջ ես զինվորներին կոչ եմ անում` պահպանելով սահմանը դուք պահպանում եք ձեր ծնողներին, ձեր հարազատներին: Գիտակցեք դա, և հաստատ ավելի ճշգրիտ և նպատակային կկատարեք ձեր պարտականությունները: Այդ պարզ ճշմարտությունն ընկալելուց հետո արդեն նշանակություն չունի, թե սահմանի տվյալ տեղամասում կանգնած զինվորը հանրապետության որ շրջանից է եկել ծառայության. նա ամուր կանգնում է իր դիրքում և հստակ կատարում իր պարտականությունները:

♦♦♦

Զորամասի պատասխանատվության գոտում գտնվող առավել վտանգավոր տեղամասերը հսկում են պայմանագրային գումարտակի զինծառայողները: Գումարտակի հրամանատար մայոր Ա. Օհանյանը փորձառու զինվորական է, ծառայողական առաջընթացի բոլոր աստիճանները անցել է առաջնագծում: Նրա ուղեկցությամբ էլ մեկնեցինք դիրքեր:

Ողջ ճանապարհին զրուցեցինք առաջնագծում տիրող իրավիճակի, պայմանագրային ծառայության և դրա ընդլայնման կարևորության մասին: Մայոր Օհանյանը հատկապես կարևոր համարեց այն հանգամանքը, որ գումարտակի տեղակայման վայրից անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելի օպերատիվ արձագանքել հնարավոր պատահարներին և օգնության հասնել մեր զինվորներին:

Քիչ անց հանդիպեցինք մի քանի գյուղացիների: Սահմանամերձ հայկական բնակավայրերի այս բնակիչների շնորհիվ է, որ դիրքում կանգնած զինվորը թիկունքում իրեն առավել ապահով է զգում, և, բնականաբար, առաջին հերթին հենց նրանց հանգիստ ու անվտանգ ապրելակերպն է ձգտում պաշտպանել: Շատերի հողակտորները սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու:

-Ամեն տարի գյուղացիները հնարավորություն ունենում են իրենց հողերը մշակելու, հուսով ենք` այս տարի էլ ամեն ինչ բարեհաջող կլինի: Հողային նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, առայժմ հակառակորդը չի խանգարում, եւ եթե նման փորձեր արվեն, պատասխանը չի ուշանա: Անկասկած, մենք կպաշտպանենք մեր խաղաղ բնակչությանը:

♦♦♦

Հենակետի ավագ կրտսեր սերժանտ Կարեն Բուլղադարյանը հրամանատարին զեկուցեց հակառակորդի վերջին մի քանի ժամվա տեղաշարժերի մասին: Այնուհետև մայոր Օհանյանը ստուգեց դիտակետերում հերթապահող զինծառայողների ծառայության անցկացման կարգը, հենակետի ավագի հետ դիտարկեց հակառակորդի առաջնային գծում տիրող իրավիճակը:

Քիչ անց մայոր Օհանյանը հանկարծակի տագնապ հայտարարեց: Ինչքան էլ հերթապահությունն իրականացվում է սահմանված պահանջներին համապատասխան, անձնակազմը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման. ցանկացած պահի հակառակորդը կարող է անսպասելի ոտնձգություն կատարել, որին պետք է տրվի արագ և նպատակային պատասխան: Տագնապ հայտարարելուց հետո հերթապահությունից ազատ անձնակազմը ստացավ զենք-զինամթերք, զրահաբաճկոններ և սաղավարտներ, ապա զբաղեցրեց նախապես որոշված տեղերը` հենակետի ողջ երկայնքով պաշտպանություն կազմակերպելու նպատակով: Անձնակազմի վարժ գործողություններից գումարտակի հրամանատարը գոհ մնաց, ինչը վկայում է, որ իրական մարտական տագնապի դեպքում հակառակորդի բոլոր նախահարձակ գործողությունները ճիշտ ժամանակին արժանի հակահարված կստանան:

Դիտորդներ Արման Յարիբեկյանը և Սամվել Դավթյանը համապատասխանաբար զբաղեցրին նռնականետորդի և գնդացրորդի համար նախատեսված դիրքերը: Երկուսն էլ հստակ կատարեցին իրենց գործողությունները` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Ինչպես նշեց Արմանը, նման վարժանքները իրենց համար սովորական են: Յուրաքանչյուր զինծառայող գիտակցում է, որ իր պատրաստվածության բարձր մակարդակի շնորհիվ միայն հնարավոր կլինի սաստել հակառակորդին:

Հաջորդ հենակետի ավագն է սերժանտ Արամ Մադաթյանը: Անձնակազմի հետ զրուցում ենք սահմանում տիրող իրավիճակի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին: Քիչ այն կողմ հակառակորդն է, որն ամեն րոպե պատրաստ է կրակահերթեր ուղղել մեր զինվորների ուղղությամբ, սակայն ոչ ոքի դեմքին լարվածության որևէ նշույլ չենք նկատում: Յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, վստահ է, որ դիտակետում կանգնած զինծառայողը ժամանակին կտեղեկացնի սպառնացող վտանգի մասին:

♦♦♦

Դիրքերում հայ զինծառայողի պատրաստած մեկ գավաթ սովորական սուրճն անգամ առանձնահատուկ է: Մեզ սուրճ են հյուրասիրում, ու անկաշկանդ միջավայրում հնչում է զինվորական հումորը, խոսք ու զրույցը: Եվ երբ խոսում ենք հաճախակի հնչող կրակոցների մասին, բոլորն էլ նույն հանդարտությամբ պատասխանում են, որ դա իրենց համար սովորական է դարձել, եւ որ շարունակ խուճապի ու վախի մթնոլորտում գտնվող հակառակորդն այդ հուսահատ կրակոցներով ասես ինքն իրեն է փորձում սթափեցնել: Պարզապես մեզ պետք է առավել խստորեն հետեւել անվտանգության կանոններին: Ինչպես նշեցին տղաները` եթե հակառակ կողմում թեկուզ մեկ վայրկյան պատկերացնեն, որ մենք վախենում ենք նրանցից ու պատրաստ չենք անհրաժեշտության դեպքում մի լավ դաս տալ նրանց, անպայման կօգտվեն այդ իրավիճակից:

Ուրախալի է, որ մեր զինվորի ոգին անսասան է, մարտական, ինչից ակնհայտորեն զգուշանում է թշնամին:

…Վերադարձի ճանապարհին մեզ ցույց են տալիս հենակետերի դասավորվածությունը: Յուրաքանչյուրը վերահսկում է մյուսին այնպես, որ հարկ եղած դեպքում օժանդակի պաշտպանիչ կրակով: Հաճախ դիտարկում կատարող զինվորները հետևում են նաև հարևան հենակետի ուղղությամբ կատարվող շարժը` որևէ վտանգի առկայության դեպքում ընկերներին իմաց տալու համար: Այդպիսի փոխգործակցությունը շատ կարևոր է պատասխան գործողություններ կազմակերպելիս: Ինչպես նշեց մայոր Օհանյանը, դրա անհրաժեշտությունը հատկապես վերջին շրջանում հաճախ է զգացվում, քանի որ հակառակորդը սկսել է ավելի հաճախ խախտել հրադադարը:

-Մեր զինծառայողները պատասխան կրակ բացում են միայն համապատասխան հրահանգի դեպքում, այն էլ որոշակի կրակակետ լռեցնելու նպատակով: Վստահորեն կարող եմ նշել, որ հակառակորդի գործողություններին չափազանց լուրջ պատասխան է տրվում, առանց ինչի պարզապես հնարավոր չէ լիարժեք և անվտանգ իրականացնել մեր սահմանների պահպանությունը,-ասաց գումարտակի հրամանատարը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2012