Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ` ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ



ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է «Երիտասարդ հայրենասերների» հավաք-մրցույթը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության» ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական և ուսումնական հաստատությունների 34 խմբեր:

Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով և ներառել` ռազմական և մասնագիտական տարբեր բնագավառներ: Մ. Մելքոնյանի անվան վարժարանի սաները հաջողությամբ հանձնել են կրակային, գրոհային, ընդհանուր արգելագոտու հաղթահարման, ինչպես նաև ռազմական տեղագրության, կրակային, հակահրդեհային պաշտպանության, դանակի նետման ստուգարքները և զբաղեցրել են 2-րդ տեղը: Վարժարանի սաները 2011թ. նույնպես մասնակցել են այս մրցույթին` զբաղեցնելով 3-րդ տեղը:

Բացի վերոնշյալ ստուգարքներից` հավաքների ընթացքում անցկացվել են նաև մրցումներ «Օրվա հերոս» և «Լավագույնները մարզումների ժամանակ» անվանակարգերում, որոնց ժամանակ հայ պատանիները զբաղեցրել են 1-ին տեղը: Ոչ պակաս կարևոր է եղել նաև «Այցեքարտ» անունով մրցույթ-ցուցադրությունը, որի ընթացքում մեր տղաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը, Երևան քաղաքը, ՀՀ զինված ուժերի և ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային և մշակութային ցուցադրություններ:

Հյուրընկալող կողմն, իր հերթին, ամեն ինչ արել է մասնակիցների առօրյան ուսանելի և բազմազան դարձնելու համար: Կազմակերպվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրություններ, ներկայացվել են սպառազինության և հատուկ սարքերի նոր նմուշներ, կազմակերպվել են հանդիպումներ Մեծ հայրենականի վետերանների, զինվորական բարձրաստիճան սպաների ու մշակութային գործիչների հետ: Զուգահեռաբար, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու մարտավարամասնագիտական, ռազմավարական, փորձագիտական և այլ դասընթացների:

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Բանակ և հասարակություն


07/03/2012