Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ՀԵՐՈՍԻ 125-ԱՄՅԱԿԸ



Վետերանների միությունում փետրվարի 17-ին հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, Գայի անվան հիմնական դպրոցի, ինչպես նաեւ Գայի անվան ավտոդպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմի ներկայացուցիչներ՝ նշելու զորահրամանատար, ռազմական գործիչ և ռազմարվեստի տեսաբան (պրոֆեսոր՝ 1933 թ.-ից) Հայկ Բժշկյանցի ծննդյան 125-ամյակը:

Հանդիսավոր նիստին զեկույցով հանդես եկավ Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը՝ ներկայացնելով Հայկ Բժշկյանցի անցած ուղին: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918-20 թթ.) տարիներին Գայի հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների և ամուր կարգապահության համար կոչվել է «Երկաթյա դիվիզիա»: Մարտերում կոփված, կարգապահ եւ քաղաքական-բարոյական բարձր ոգով տոգորված Գայի 3 հազար մարտիկները դարձան մի կուռ դիվիզիայի կորիզը, որը հետագայում կոչվեց 24-րդ Երկաթյա դիվիզիա: 1918թ. սեպտեմբերի 12-ին ազատագրվեց Սիմբիրսկը: Սիմբիրսկի նահանգը սպիտակգվարդիականներից ազատագրելուց հետո հրամանատարին հանձնարարվում է հարձակում սկսել Սիզրանի եւ Սամարայի վրա եւ երկու-երեք օրվա ընթացքում գրավել այդ քաղաքներն ու շարունակել հարձակումը դեպի արեւելք: Գայի գլխավորած 24-րդ Երկաթյա դիվիզիան մեծ ավանդ է ունեցել Կոլչակի զորքերի ջախջախման գործում. «Երկրի ներքին ու արտաքին թշնամիների դեմ մղված մարտերում Գայը իրեն դրսեւորել է որպես զորքերի միավորման հմուտ ղեկավար, մեծ մասշտաբի մարտեր վարելու ընդունակ տաղանդավոր զորավար, հեղափոխության խիզախ ու աննկուն մարտիկ: Քաղաքացիական կռիվներում նա երեք անգամ վիրավորվել է»,-նշեց Ս. Եսայանը եւ ավելացրեց, որ 3 ամսվա ընթացքում դիվիզիան ազատագրել է երեք նահանգ, խորհրդային իշխանությանը վերադարձնելով մոտ 50 քաղաք:

1922թ. Գայը նշանակվում է Խորհրդային Հայաստանի Զինվորական գործերի ժողովրդական կոմիսար ու թեեւ կարճ պաշտոնավարեց, սակայն շատ բան արեց հայկական հրաձգային դիվիզիայի մարտունակության ամրապնդման համար: «Հայկ Բժշկյանցը խորհրդային ռազմական մտքի առաջին ու ամենախոշոր տեսաբաններից էր: Նրա գրչին են պատկանում «Ռուս-հայերեն ռազմական բառարանը», «Ռուս-ճապոնական պատերազմը», «Քաղաքացիական պատերազմի պլանները եւ ծրագրերը», «Թեւային հարվածներն ըստ քաղաքացիական պատերազմի փորձի», «Գետանց» ռազմապատմական ակնարկներն ու վերլուծական աշխատությունները, որոնցով սկիզբ դրվեց խորհրդային ռազմարվեստի տեսությանը: Նրա առաջ քաշած բազմաթիվ դրույթների իրավացիությունը հաստատեց Երկրորդ աշխարհամարտը»,-ընդգծեց գնդապետ Եսայանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Մայոր

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ճակատագրեր


29/02/2012