Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Արդեն 17 տարի, ոսկեդեղին աշնան գուցե պայծառ ու արեւոտ, գուցե մառախլապատ մի օր, շարահրապարակ են դուրս բերվում մարտական դրոշները, նվագում զինվորական նվագախմբերը, եւ ողջ երկիրը շնորհավորում ու պատվում է հրետանավորներին:
Հոկտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի ու հրետանու օր հայտարարելու հրամանն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց 1993-ի հաղթական աշնանը: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում տխուր ու արյունոտ, իսկ հայոց զույգ պետությունները միմյանց կապող «կյանքի ճանապարհին» անգամ սեւ աշուն էր: Լաչինի միջանցքը փակվում էր, ու հակահարձակման ծրագիրը կազմելիս դեռ գնդապետներ Վլադիմիր Հայրապետյանն ու Միքայել Գրիգորյանն առաջարկել էին եղած մարտկոցների կազմով դասական հրետանային նախապատրաստություն իրականացնել: Միջանցքի հարավային թեւի հրետանին ղեկավարում էր մեզնից անժամանակ հեռացած գնդապետ Ալբերտ Դավթյանը, հյուսիսային թեւինը՝ այսօր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, իսկ հրետանու ընդհանուր հրամանատարը Վլադիմիր Հայրապետյանն էր:
Դա նման լայնածավալ հակահարձակման առաջին հրետանային ապահովումն էր: Այդ օրը միջանցքի լայնությունը, որը որոշ տեղերում նեղացել էր մինչ 3-4 կիլոմետր, հասավ 25-26 կիլոմետրի:
Լաչինի միջանցքի, ինչպես նաեւ Հայաստանի հրթիռահրետանային զորքերի համար շրջադարձային այդ օրը, մեկ տարի անց հռչակվեց հրետանու օր:

Առաջին նվիրյալները

Հրետանավորներից յուրաքանչյուրի համար պատերազմը սկսվել էր յուրովի, սակայն շրջել բոլորի ճակատագրերը՝ տարեց ու պաշտոնաթող զինվորականներին մարտական պայմաններում վերադարձնելով հարազատ զորատեսակ, կամավորներին էլ բերել իրենց անծանոթ այդ կայանքների մոտ՝ հիմք դնելով ստեղծելու ամենահզոր կրակային զորատեսակը, ինչը զինված ուժերի կազմավորման ամենակարեւոր խնդիրներից մեկն էր:
Մինչեւ 1992թ. ընկած ժամանակահատվածը հիմնականում հակակարկտային կայանքների ու ինքնաշեն ականանետների ժամանակն էր, որոնց մասին որքան զավեշտական, նույնքան ողբերգական, բայց իրապատում պատմություններ կան: Բայց դա նաեւ առաջին նվիրյալների ժամանակն էր. հրետանու պաշտոնաթող գնդապետներ Դնեպրիկ Բաղդասարյան, Երվանդ Հասրաթյան, Ռայմոնդ Մագաուզյան, Բախշի Պետրոսյան, հրետանու վարչության առաջին շտաբի պետ Առնո Տատինցյան, հրետանու վարչության առաջին պետ, 1992-2003թ. վարչության պետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյան, Ներսես Մուրադյան, Գարուն Աբգարյան («Գրադ Գարունը»), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Մարատ Ղարիբյան, Ալբերտ Մկրտչյան, այսօր ԼՂՀ կրթության նախարար, հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյան, Բաբկեն Աբրահամյան, Գառնիկ Իսրայելյան (Պրոֆեսոր), Ֆելիքս Պողոսյան, Ռազմիկ Մելքումյան, Վալերի Կարապետյան, Բաբկեն Աբրահամյան…
Իր մարտական ուղին հրետանուց սկսեց նաեւ Հայաստանի ու Արցախի առաջին ազգային հերոս Յուրա Պողոսյանը:
Արցախում փոքրաքանակ հրետանի ունեցան նախկին ԽՍՀՄ ՆԳՆ եւ 366-րդ գնդերի հեռանալուց հետո, թեեւ նրանք միայն տեխնիկապես անսարք կայանքները թողեցին, իսկ մնացած սպառազինությունը ծանր ուղղաթիռներով տարան:
ՀՀ սահմանամերձ եւ ԼՂՀ շրջաններից յուրաքանչյուրում հիմնականում դեռ մեկ հրետանային կայանք կար, որն էլ պտտեցնում էին շրջանի սահմանի ողջ երկայնքով: Բայց նրանց որոտը լսվում էր. սահմաններում արդեն հրթիռահրետանային կրակային վահան կար:

Շուշիի ազատագրումը

1992թ. ապրիլին Ստեփանակերտ եկան Գուրգեն Դալիբալթայանը, Լեոնիդ Մարտիրոսովն ու այլ զինվորականներ, եւ երբ պարզվեց, որ հրետանային կրակի կառավարում հասկացություն կա, սկսվեցին բոլորի համար զարմանալի պարապմունքներ: Շուշիի ազատագրման նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ունեին Դ-30-ի 6 արկ, 122մմ հրանոթի՝ լրիվ լիցքով 12, չկոմպլեկտավորված՝ 10, պակասեցված լիցքով՝ 8, ինքնագնաց հրետանային կայանքի եւ տանկի տարբեր արկեր՝ 40 հատ: Գրադի 99 հրթիռ կար, 82մմ՝ 234 եւ 120մմ՝ 183 ական, ինչը շատ հեռու էր պահանջված նվազագույնից եւ համարվում էր, որ հրետանու աջակցությունն անհնար է: Ուղղաթիռներով ինչ-որ բան բերեցին, ինչը շատ հեռու էր պահանջված նվազագույնից: Առաջին անգամ Շուշիի օպերացիայի ժամանակ ՀՀ զինված ուժերում ստեղծվեց հրետանու խմբավորում, որը կազմված էր երեք Դ-30 հաուբիցից, երեք 120մմ ականանետից, երկու «Գրադից» եւ մեկ ԿՍ-19-ից: Հետեւակի հետ էլ մի քանի 82մմ ականանետ կար: Բայց հրետանին ուղղակի հրաշալի կատարեց իր խնդիրը, ինչում, Արկադի Տեր-Թադեւոսյանի հավաստմամբ, մեծ էր Լեոնիդ Մարտիրոսովի դերը:

1992 թվականը եվ հրթիռահրետանային զորքերի կազմավորումը

1992-ին, երբ Առնո Տատինցյանն արդեն հրետանու վարչության շտաբի պետն էր, Հայաստան վերադարձան բարձրակարգ հրետանավորներ՝ կորպուսի հրթիռահրետանային զորքերի պետ, այն ժամանակ դեռ գնդապետ Վլադիմիր Հայրապետյանը, Անդրզինօկրուգում հրետանային գնդի ամենաերիտասարդ հրամանատար Միքայել Գրիգորյանը, նաեւ երիտասարդ սպաներ, այսօր գնդապետներ, ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի վարչության պետ Ալբերտ Մարդոյանը, նրա տեղակալ Ալբերտ Մկրտչյանը, նույն վարչության մարտական պատրաստության բաժնի պետ Արտակ Գալստյանը…
Վլադիմիր Հայրապետյանի ու Առնո Տատինցյանի ջանքերով ընդունվեց Հայաստանում եղած հակակարկտային ողջ տեխնիկան՝ 450 հրանոթ, որոնց կեսն անսարք էր. նորոգելով, երկուսից մեկը հավաքելով՝ 240-ը մարտական վիճակի բերեցին:
1992-ի ամռանը սկսվեց նախկին խորհրդային 7-րդ գվարդիական բանակի գույքի ու սպառազինության ընդունումը: Թեեւ միանգամայն կանխատեսելի թալանին, Հայաստանը ձեռք բերեց իրական հրետանի, սակայն առանց անձնակազմի: Գյումրիում տեղակայված խոշոր զորամասի հիմքի վրա կազմավորվեց հայկական առաջին հրետանային բրիգադը, որի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Միքայել Գրիգորյանը:
Հայաստանում գործող զորամասեր չէին ընդունում: Դրանք դեռ կոչվում էին սպառազինության պահպանության բազաներ: Ապա հաստիքացուցակ էին կազմում, մարդիկ գտնում, սովորեցնում… Այդ ծանրագույն ամիսներին հրետանային զորքերում կռված յուրաքանչյուր ոք հստակ նշում է, որ Հայաստանին հանձնվող հրթիռահրետանային սպառազինությունը փրկելու, ինչպես եւ այս զորատեսակի ստեղծման ու հզորացման ասպարեզում կազմակերպչական հսկայական աշխատանք կատարեց Վլադիմիր Հայրապետյանը:
Միաժամանակ հայկական բանակ տեղափոխվեցին կամ պահեստազորից եկան այսօր գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, գնդապետներ Վոլոդյա Մխիթարյանը, Կամո Սիմոնյանը, Կարապետ Հովհաննիսյանը, Պողոս Աբրահամյանը, Սեւադա Հովհաննիսյանը, Լեւոն Միքայելյանը…
Առնո Տատինցյանի մի գրառումից տեղեկանում ենք, որ 1992-ի օգոստոսի սկզբին Հայաստանում կար քսան ԲՄ-21, քառասուն Դ-30 կայանքներ եւ մեկական 120մմ գնդային ականանետ ու հակատանկային կառավարվող հրթիռային կայանք…
1992-ի աշնանը հրետանային բրիգադի մարտկոցներն արդեն սահմաններում էին, որտեղ փառավոր էջեր էր գրում նաեւ Էնրիկո Ապրիամովի ղեկավարած հակատանկային զորամասը: Առաջին զորակոչի զինվորներով համալրվելուն զուգընթաց մարտական ուսուցում էր կատարվում կենտրոնական ենթակայության մյուս զորամասերում եւ նոր կազմավորվող զորամասերի հրետանային դիվիզիոններում:
1992-ի աշնանը եղավ սպաների առաջին զորակոչը: Դասընթացները կազմակերպվում էին պոլիտեխնիկական ինստիտուտի զինվորական ամբիոնում, որը իրավամբ համարվում է մեր հրետանավոր սպաների պատրաստման դարբնոցը: Իսկ սեպտեմբերին սպառազինության վարչության ենթակայությամբ սկսեց գործել վերանորոգման գումարտակը, որի հրամանատարն այսօր նույն վարչության շտաբի պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանն էր: Պատերազմի տարիներին հրետանային կայանքների նորոգման գործում այս գումարտակի դերն առավել քան մեծ էր: Կառավարվող հակատանկային կայանքների նորոգումն իրականացվում էր Մարատ Ղարիբյանի հիմնած լաբորատորիայում, որտեղ բարձրակարգ մասնագետներից կազմված փոքրիկ խումբ էր աշխատում:

Լաչին

Միջանցքը ծանր գնով էր պահվում: Այստեղ ականի պայթյունից զոհվեցին հրետանու մայոր Ռաֆիկ Պետրոսյանն ու Արկադի Սեմերջյանը: Զոհվեց նաեւ հրթիռահրետանային զորքերի վարչության շտաբի պետ, գվարդիայի հրետանու գնդապետ Առնո Տատինցյանը:
Թշնամուն հազիվ 4-5կմ էր բաժանում Լաչին շրջկենտրոնից: Ադրբեջանցիների դիրքերը բարձր էին, Կոռնիձորը կրակի տակ էր, ժողովուրդը հեռանում էր: Ժամանելով մարտական գործողությունների գոտի, Վլադիմիր Հայրապետյանը ստանձնել էր ողջ հրետանու կրակի ղեկավարումը: Իսկ թշնամին շարունակում էր հարձակումը շրջկենտրոնի ուղղությամբ, մինչ սկսվեց հոկտեմբերի 7-10-ի հակահարձակումը, որի ժամանակ վիրավորվեց նաեւ երկրի հրթիռահրետանային զորքերի հրամանատարը: Այդ կռիվները հոկտեմբերի 19-ի նախերգանքն էին: Թե՛ միջանցքի լայնացման, թե՛ մինչ 1993-ի ազատագրումները մղված մարտերում այս ուղղության հրետանային ստորաբաժանումներն անչափ մեծ դեր ունեցան:

Կապան

Թշնամու հենակետերն այնքան մոտ էին, որ շրջանի գյուղերն ավերվում էին, քաղաքը՝ դատարկվում: Բնակչությունն ամիսներ շարունակ ապրում էր նկուղներում: 1992թ. նոյեմբերի 21-ին «Դ-1»-ի մեկ մարտկոց մեկնեց Կապան, իսկ Միքայել Գրիգորյանը նշանակվեց նաեւ շրջանի հրետանու հրամանատար. առջեւում դեկտեմբերի 10-ի հակահարձակումն էր, երբ քաղաքին ու գյուղերին անմիջականորեն սպառնացող 13 գյուղ-հենակետ ոչնչացվեց: Տեղում հրետանավորները քիչ էին՝ Ալիկ Հովսեփյանը, Սամվել Պողոսյանը… Հետեւակի հարձակումն ապահովելու համար եղած կայանքներն էլ քիչ էին, ու հարեւան շրջանների հրետանին էլ էր կենտրոնացվել Կապանում: Ապա եկավ դեկտեմբերի 10-ը: Միքայել Գրիգորյանը Ծավի ուղղության հրետանին էր ղեկավարում, Էնրիկո Ապրիամովը՝ Փայլասարի: Իսկ ընդհանուր հրամանատարը, ինչպես Լաչինում, Վլադիմիր Հայրապետյանն էր: Թշնամին, չհաշտվելով քաղաքն ավերող հենակետերի կորստյան հետ, չդադարեցրեց հարձակումները, որոնց ընթացքում մի քանի օրերի տարբերությամբ շրջապատման մեջ մնացին առաջին գծից հրետանու կրակը ղեկավարող Միքայել Գրիգորյանը, կայանքներից կրակ վարող Կարապետ Հովհաննիսյանն իր զինվորների հետ, բայց մեր հրետանու դիպուկ կրակի շնորհիվ թշնամին վերստին ջախջախվելով նահանջեց:

Մարտակերտի նահանջը

Շուշիի ազատագրման ուրախությանը մեկ ամիս անց հաջորդեց Շահումյան-Մարտակերտի ողբերգությունը, երբ թշնամին նախկին խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի զրահատեխնիկայի վարձկան անձնակազմերի օգնությամբ գրավեց Հյուսիսային Արցախը: Մարտակերտում եղած փոքրաքանակ հրետանին այնքան արդյունավետ օգտագործվեց, որ ճակատը նաեւ դրա շնորհիվ մեկ ամիս պահվեց: Բայց ավելին անելն անհնար էր, ու հետեւեց նահանջի երկրորդ փուլը: Այդ ծանր օրերին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրետանու պետ նշանակվեց այսօր պաշտոնաթող գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանը:
Երբ թշնամին հաճախ անակնկալ կերպով տիրանում էր հերթական գերիշխող բարձունքին, եւ մեր կայանքները նկատվելով՝ վերածվում էին թիրախների, դեպքեր եղան, որ հրետանային կայանքները մեկ գիշերում երեք անգամ կրակային դիրքեր փոխեցին, բայց շարունակեցին կրակը: Շահումյանից միակ «Գրադի» անվնաս դուրս գալուց հետո Մարտակերտում հրետանավորներն ունեցան արդեն երկու ԲՄ-21 եւ երեք Դ-30, որոնցով ողջ 40 կիլոմետրանոց ճակատն էին ապահովում: Շրջկենտրոնի անկումից հետո ինքնապաշտպանության ուժերը դիրքավորվեցին Դրմբոն-Չլդրան հատվածում: Հրետանու գործողությունները մեծապես նպաստեցին փոքրիշատե կազմակերպված նահանջին:
Միաժամանակ (քանի որ տանկային լայնածավալ ճեղքում էր) Քրիստափոր Իվանյանը Ստեփանակերտում սկսեց հակատանկային դիվիզիոնի կազմավորումը:
Նահանջի վերջին կետերը եղան Չլդրանը, ապա՝ Կիչանը, որտեղ երկար ու ծանր մարտեր մղվեցին: Հետո ընկավ Չլդրանը, մի օր էլ ծանր նահանջի վերջին կետը՝ Կիչանը հայտնվեց թշնամու վերահսկողության գոտում: Ստեփանակերտի հարցն էր որոշվում, ու խնդիրն առավոտյան լուծվեց, երբ մեկ գիշերվա ընթացքում Մարտակերտի ճակատում կենտրոնացված ողջ հրետանին դիպուկ ու զանգվածային կրակ բացեց կորցրած դիրքերի ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ՝ հրե փոթորիկ էր, որը ջնջեց ամեն ինչ, եւ մարտիկները, առանց մեկ զոհի, վերստին զբաղեցրին իրենց դիրքերը: ԼՂՀ մայրաքաղաքի այնպես էլ չբացված դարպասներն այլեւս անդառնալիորեն փակվեցին:
Այս ընթացքում Քրիստափոր Իվանյանը կազմավորեց հրետանավորների պատրաստման ուսումնական կենտրոնը, ինչի շնորհիվ 92-ի ծանր ամիսները դարձան նաեւ մասնագիտական մակարդակի շեշտակի բարձրացման ամիսներ: Պաշտպանության բանակի կազմավորումով ձեւավորվեցին նաեւ կենտրոնական ենթակայության դիվիզիոնները, որոնց առաջին հրամանատարներն էին Դավիթ Սաֆարյանը, Արմեն Գրիգորյանը, Սերգեյ Հարությունյանը, Վալերի Կարապետյանը, Մամիկոն Միրզաբեկյանը, Կամո Հայրապետյանը:
Նրանցից բացի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանու կազմավորման գործում բացառիկ դեր ունեցան Վլադիկ Խաչատրյանը, Լեւոն Մնացականյանը, Էմիլ Ասլանյանը, Սամվել Սաֆարյանը, Սուրեն Անտոնյանը, Գարիկ Հարությունյանը, Սանասար Գյուրջյանը, Ֆելիքս Պողոսյանը, Յուրա Քարամյանը, Վարդան Մարտիրոսյանը:

Քարվաճառի ազատագրումը

Վարդենիսին սպառնացող կրակակետերի հետախուզումը գնդապետ Ալբերտ Մկրտչյանի ղեկավարությամբ սկսվեց հունվարին, իսկ Վանք-Նարեշտար հատվածում այն ղեկավարեց Սանասար Գյուրջյանը: 1993թ. մարտի 3-ին հրետանավորները վերստին Զոդի ուղղությունում էին: Ունեին չորսական «Գրադ» ու ինքնագնաց հրետանային կայանք եւ Դ-30-ի մեկ մարտկոց: Մարտին Կարապետյանը Դ-20-երով Զարքենդի ուղղությունում էր, Վոլոդյա Մխիթարյանը ռեակտիվ հրետանիով գտնվում էր Ազիզլուում: Գործողությունը ղեկավարում էին Գուրգեն Դալիբալթայանն ու Հրաչ Անդրեսյանը, Լաչինի կողմից՝ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, իսկ հրետանու գործողությունները համակարգում էր գնդապետ Լեւոն Միքայելյանը: Հարձակումը զարգանում էր նաեւ Մարտակերտի ուղղությունից:
Ամենադժվարն Աղդաբանի ազատագրումն էր. այնտեղ թշնամու մեծ կուտակումներ կային, որոնք հրետանու հարվածներից նահանջեցին:

Մարտակերտ քաղաքի ազատագրումը
(1993թ. հունիսի 26)

Ամբողջ պատերազմի ընթացքում սա հրետանային ամենամեծ գործողությունն էր: Ճակատն ուժեղացվել էր Արմեն Գրիգորյանի եւ Սուրեն Անտոնյանի ղեկավարած դիվիզիոններով, Դ-20-ի երկու եւ ԲՄ-21-ի մեկ մարտկոցներով, իսկ «Ֆագոտներն» ու Տ-12-ներն ապահովում էին հարձակման հակատանկային պաշտպանությունը: Ժամանակի չափանիշներով հզոր հրետանային բռունցք էր ստեղծվել, որն ապահովեց երեք գնդի ու մի քանի առանձին գումարտակների հարձակումը մեծ ճակատում, տարբեր ժամանակներում եւ տարբեր ուղղություններից իրականացվող բարդ գործողության ընթացքում:

«Գայլի որջը»

1993թ. հուլիսին Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր. Հադրութից բացի, ԼՂՀ բոլոր շրջանները սահմանակից էին Աղդամին: Եվ բոլորն էլ մասնակցեցին նրա գրոհին: ՊԲ հրետանու զգալի մասը դեռ Մարտակերտում էր, սակայն Կիչանում այնպես տեղաբաշխեցին, որ դիմագրավեին նաեւ Մարտակերտից հնարավոր հարձակմանը: Իսկ կենտրոնական ենթակայության ողջ հրետանին հնարավորինս մոտեցվել էր առաջին գծին: Ամեն ուղղությունում հրետանին իր պատասխանատուն ուներ, որը հրամանատարությանն էր ներկայացնում մշակված տվյալները, կատարում զինամթերքի բաշխումն ու որոշում յուրաքանչյուր կայանքի խնդիրը:
Աղդամի ազատագրումը վկայեց, որ եւ՛ պլանավորման ու կրակի կառավարման, եւ՛ կրակային խոցման ասպարեզներում, կենտրոնական ենթակայության հրետանուց զատ, բարձր մակարդակի է հասել պաշտպանության բանակի ողջ գնդային հրետանին:

93-ի աշունը. դեպի Արաքս

93-ի աշնան հաղթանակները խաղաղություն բերեցին Զանգեզուրի եւ Հադրութի ավերվող շեներին: Այդ հաղթանակներում անչափելի է մեկ տարում զարգացման մեծ ճանապարհ անցած հրետանային զորքերի դերը: Զորամասերում կային մարտկոցի ու դիվիզիոնի սպայակազմ, կայանքների հաշվարկներ, որոնք կրակ վարելու, կրակը տեղափոխելու մեծ փորձ ունեին: Նրանք 92-ի աշնանը եկած նույն պայմանագրայիններն ու 18 տարեկաններն էին: 1993 թվականը դարձակետային է ոչ միայն մեծ ու հաղթական գործողություններով, այլեւ հրետանու կազմակերպական-հաստիքային կառուցվածքի հստակմամբ: Իսկ պաշտպանության բանակում սկսվել էր հրետանային բրիգադի կազմավորումը: Այս ամենի արդյունքում էլ հրետանային ստորաբաժանումները մեծ դեր ունեցան ԼՂՀ հարավին սպառնացող հենակետերի ոչնչացման ու երիտասարդ հանրապետության շուրջ անվտանգության գոտու ստեղծման դժվարին գործում:

1994 թվականը

Պատերազմի վերջին եւ թերեւս ամենադժվարին փուլի՝ 1994թ. հունվար-մայիս ամիսներին պաշտպանության հրետանային ապահովման մասին, որը Մարտակերտում եւ ԼՂՀ հարավում սկսվեց դեռ 93-ի դեկտեմբերի 18-ին, հրետանավորները քիչ բան են պատմում, քանի որ դա հրետանու ինտենսիվ կիրառման շրջան էր. հրետանին աշխատում էր ամեն օր: Բավական է նշել, որ միայն Էնրիկո Ապրիամովի ղեկավարած հրետանային զորամասը 1994 թվականին ոչնչացրեց թշնամու 27 տանկ եւ 4 զրահամեքենա:
Ամենուր զանգվածային հարձակում էր, հրանոթները վերստին չէին բավականացնում նշանակետերի վրա աշխատելու համար, եւ դեպքեր էին լինում, երբ հրանոթը երկու հոգով էին աշխատեցնում, այնինչ հաշվարկը վեց, նվազագույնը՝ չորս հոգի պիտի լինի:
Հատկապես հարավարեւելյան ու Մարտակերտի ճակատում ճնշումն աննկարագրելի էր, թվում էր եւս մի պահ, ու ճակատը կճեղքվի: Թշնամու այնքան զրահատեխնիկա ու հետեւակ էր գրոհում, որ մարդկային ուժն անկարող էր դիմակայել, եւ մեծ գործ էր կատարում հրետանին: Ռազմաճակատներ ամեն օր զինամթերք էին բերում, ու դարձյալ չէր հերիքում: Դրա համար էլ ոչ մի գործողություն առանց հրետանավորների չէր մշակվում: Հրետանու եւ հետեւակի համագործակցության համար գումարտակի հրամանատարները պիտի զինվորական կրթություն ունենան, ինչն 94-ին գրեթե չունեին, եւ հիմնականում կադրային հրետանավորներն էին կողմնորոշվում, թե ինչպես իրականացնել գումարտակի գործողությունների հրետանային ապահովումը:

Օմարի ազատագրումը

Լեռնանցքի անկման գիշերը երկու հրանոթ խփում էին ճանապարհին՝ արգելելով օգնական ուժերի մուտքը Քարվաճառ: Ապա եկավ Վլադիմիր Հայրապետյանը, որ արդեն ոտքի էր հանել կենտրոնական ենթակայության հրետանին: Թշնամին մեծաքանակ էր, եւ նրան կանգնեցնելու համար մերոնք հզոր հրետանային վահան էին ստեղծում:
Օմարի ազատագրումը դժվարին գործողություն էր. սկզբում պարզ չէր, թե որտեղով է անցնում շփման գիծը, իսկ դիտակետերը մնացել էին թշնամու թիկունքում, զոհվել էր կադրային հրետանավոր, ավագ լեյտենանտ Վահագն Հակոբյանը: Բայց հրետանավորները հասցրին բացազատել նորերը:
Թշնամու հարձակման ընթացքում 122մմ չորս հրանոթ մնաց Սեյիդլարում, բայց հասկանալով, որ թշնամին դեռ չի մտել այնտեղ, Վլադիմիր Հայրապետյանը ինքն էր «Կամազով» մտել եւ փրկել հրանոթները՝ տեղափոխելով նոր դիրքեր:
Հակահարձակման համար ձեւավորվեցին Ֆելիքս Գզողյանի ու Յուրի Խաչատուրովի ղեկավարած հարավային եւ արեւմտյան խմբավորումներն իրենց հրետանիով, իսկ ճակատի հրետանու պետը վերստին Վլադիմիր Հայրապետյանն էր: Նախապատրաստական փուլը շուրջ երեք շաբաթ տեւեց, իսկ բուն հակահարձակումը, որով լրիվ վերականգնվեց եւ առաջ տարվեց ճակատի գիծը, տեւեց 3-4 օր: Փետրվարի լույս 18-ի գիշերը «Գեացինտները», 152մմ Դ-20 հրանոթներն ու «Գրադները» անընդհատ աշխատեցին: Ջախջախված թշնամին մեծաքանակ հրետանի թողեց, անգամ՝ լիցքավորված «Գրադ», խորհրդային ու արտասահմանյան ականանետներ, ամբողջական մարտկոցներ, կապի միջոցներ, քարշակներ…
Բայց Օմարի լեռնանցքի ազատագրումով մարտերը չդադարեցին: Մարտի 4-ին, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո թշնամին անցավ հարձակման: Ծանր կռիվ էր, ու ծանր հակահարված ստացան, բայց մեր հրետանավորներից 4-ը վիրավորվեցին, ականանետի արկից զոհվեց մարտկոցի հրամանատար Գուրգեն Արշակյանը: Իսկ մարտի 18-ին՝ հրետանային հետախուզության ժամանակ զոհվեցին հրետանային բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սաֆարյանն ու ականանետային դիվիզիոնի հրամանատար, մայոր Սուրեն Անտոնյանը: Նրանք ԼՂՀ առաջին հրետանային մարտկոցների հրամանատարներից էին:

Մարտակերտ

94-ի ապրիլին հրետանին մեծ դեր խաղաց Մատաղիսն ու Թալիշն ազատագրելիս: Իսկ մի քանի օր անց մերոնց ու նրանց դիրքերն այնպես խճճվեցին, որ հաճախ հրետանին աշխատեցնելն անհնար էր: Որոշ հատվածներում ստիպված էին հակատանկային Տ-12-ները հետեւակի դիրքերի առջեւում տեղաբաշխել:
Պաշտպանության բանակի հրետանավորներից շատերը մայիսյան հաղթական զինադադարը դիմավորեցին Մարտակերտում: Կարմիրավանի ու Սեյսուլանի ուղղությամբ առաջխաղացմանը զուգընթաց թշնամու պաշտպանությունն ավելի կազմակերպված էր դառնում, հասկանում էին, որ կկորցնեն Միր Բաշիրը:
Հակահարձակման ընդհանուր հրամանատարը գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանն էր: Հրետանավորը նաեւ համազորային մեծ գործողություն էր ղեկավարում, քանի որ գիտեր համագործակցել բոլոր զորատեսակների հետ:
Կարմիրավանի ազատագրումից հետո հրետանու դիպուկ կրակի շնորհիվ թշնամին թողեց նաեւ Ջրաբերդն ու «Շլյուզի պոստը», ապա զինադադար հաստատվեց՝ մայիսյան հաղթական զինադադարը, որը նվաճելու գործում այնքան մեծ է հրետանային զորքերի ավանդը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Պատմության էջերից


24/01/2011