Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Ե՛Ս ԿԳՆԱՄ…»



Նվիրվում է Արցախյան ազատամարտի մասնակից բոլոր բժիշկներին

Շահումյանը կրակների մեջ էր…

Այդ մասին գիտեին բոլորը։

Մեկ-երկու ժամ հոսանք ունենալու դեպքում հեռուստացույցի էկրանին լրատվություն էին փնտրում բոլորը… Բոլորի ուղեղն ասես շիկացած թավայի մեջ լիներ…

Մեկի որդին էր առաջավոր գծում, մյուսի՝ բարեկամը, հարազատը, հարեւանը…

Այնտեղ էին բոլոր նրանք, որոնց համար թանկ էր համազգային գաղափարը։ Այնտեղ հողը եռում էր պայթող արկերից, բզկտվում էր մահացու բեկորներից ու ներծծում ընտրյալ որդոց արյունը… Հողը տառապում էր…

♦♦♦

Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում սովորական աշխատանքային օր էր։ Ամեն ոք զբաղված էր իր գործով։ Թվում էր` արտառոց որեւէ բան չկար, բայց խիստ անհանգիստ էր գլխավոր բժիշկը։ Մտքերը, որոնք պաշարել էին նրան, այրում էին սիրտը։ «…ո՞ւմ ուղարկել կրակի բերան… այս անգամ՝ ո՞ւմ…»։

Գլխավոր բժիշկը ծանր ընտրության առաջ էր։ Ո՞ր մեկին ուղարկել կրակի բերան. բոլորն էլ երիտասարդ էին, ընտանիքի տեր, անչափահաս զավակների ծնողներ։ Բայց պե՛տք է, ախր… Այնտեղ՝ կռվի դաշտում, վիրավորներ կան, բժշկի հրաշագործ ձեռքի կարոտ վիրավորներ, արյունաքամ լինող վիրավորներ… ազատամարտիկներ…

Սեղանի վրա քսան միանման թերթիկներ էին փռված, որոնցից ամեն մեկը քսանից յուրաքանչյուրի համար կարող էր ճակատագրական լինել։

Խորհրդակցությունը սկսվեց նշված ժամին։ Թերեւս ոչ ոք չնկատեց նրա ձեռքերի թեթեւ դողը, երբ թերթիկներն էր դարսում սեղանի վրա։

-Պարոնա՛յք,- գլխավոր բժշկի ձայնը թեթեւ դողում էր,- դուք գիտեք՝ Շահումյանում ինչ է կատարվում, գիտեք, որ այնտեղ… բժշկի կարիք զգացվում է։ Ես ցանկանում եմ…,- նրա ձայնը բեկվեց ծանր անկանոն շնչառությունից։ -Ձեզնից մեկը պետք է գնա… Բայց նախ…- Գլխավոր բժիշկը տենդագին խառնշտկեց թերթիկները։

Ու հանկարծ.

-Սպասե՛ք, սպասե՛ք… Ե՛ս կգնամ… վիճակահանության կարիք չկա։

Սամվելն էր։ Բոլորը ազատ շունչ քաշեցին։

Անիմաստ էր նույնիսկ շնորհակալություն ասել Սամվելին։

-Առավոտ կանուխ պիտի լինես Էրեբունի օդանավակայանում, քո տրամադրության տակ ընդամենը մի քանի ժամ կա։ Պիտի հասցնես…,- գլխավոր բժշկի խոսքերն ասես մի պահ արձագանքեցին շա՜տ հեռվից, անհողորդ մի տեղից…

Իրականությունն այն էր, որ պիտի հասցներ հրաժեշտ տալ սիրելի զավակներին, ծնողներին, կնոջը, բարեկամ-հարազատներին, հարեւաններին։

♦♦♦

Ուղղաթիռի բարձրացրած քամին թափանցում էր մինչեւ ոսկորները, թունդ հանում հոգին, էլ ավելի ձգում նյարդի ամեն մի թել։ Միայն սպարապետն էր անդրդվելի։

Նա կանգնած էր ուղղաթիռի սանդուղքի մոտ։ Դեմքը խիստ կենտրոնացած էր, մի ինչ-որ անորոշ, հազիվ նշմարելի ժպիտ էր խաղում նրա ջղաձիգ դեմքին։

Ուղղաթիռն արդեն բեռնված էր մահաբեր արկղերով։ Եվ հազիվ նստելու մի քանի տեղ էր մնացել բժիշկների եւ երկու ազատամարտիկ կանանց համար։

Ուղղաթիռում տեղավորվելուց հետո Սամվելը դեռ միառժամանակ զգում էր սպարապետի ձեռքսեղմումը, ականջներում դեռ հնչում էին նրա բարեմաղթանքի խոսքերը: «Ուրեմն, ճիշտ է, որ ինքն անձամբ է ճանապարհում եւ դիմավորում բոլոր ուղղաթիռները»,- մտածում էր Սամվելը։

Թռիչքից վայրկյաններ առաջ ուղղաթիռի մուտքի մոտ ուրվագծվեց երկու հսկա կերպարանք. երկու հաղթանդամ երիտասարդ խցկվեցին ուղղաթիռ եւ իսկույն իրենցով լցրին առանց այդ էլ գերբեռնված խցիկը։ Դռնակը փակվեց։

Սամվելն զգաց ուղղաթիռի ծանրանալը եւ մի վերջին անգամ հայացքը ուղղեց թռիչքուղուն։

Սպարապետը սպասում էր։

Օդաչուն հայտարարեց, որ բեռը չափից դուրս շատ է, պետք է հրաժարվել որոշ մասից։ Բիշկները, ինչ խոսք, պետք է թռչեին, կանայք՝ նույնպես։ Չէր կարելի դատարկել նաեւ թեկուզ մեկ արկղ։

-Տղանե՛ր,- հնչեց սպարապետի ջղային-տաք ձայնը,- խնդրում եմ իջնել ձեր զենքուզրահով։

Տղաները, որոնցից վառոդի ու անորակ ծխախոտի հոտ էր փչում, նույնիսկ տեղից չշարժվեցին։

-Տղանե՛ր,- նորից լսվեց սպարապետի խնդրանքը,- ես ձեզ ուղղաթիռ կտամ, բայց հիմա իջեք։

Տղաները դարձյալ տեղի չտվեցին սպարապետի հորդորներին. նրանք, ասես, մտովի արդեն մարտի դաշտում էին՝ խրամատներում…

-Որպես ՀՀ պետական նախարար՝ հրամայում եմ ձեզ անմիջապես լքել ուղղաթիռը,- ջղայնությունից հազիվ արցունքները զսպելով՝ պոռթկաց նա։

Այս անգամ արդեն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հազիվ զսպելով, նրանք ցած իջան ուղղաթիռից։

Օ՜, նրանց հայացքները։ Նրանք ատում էին նախարարին, որն անխիղճ կերպով ոտնահարել էր կռվելու իրենց իրավունքը, որն այդպես անարդար առկախել էր իրենց թռիչքը։ Նրանց հայացքում կարելի էր կարդալ՝ «դու սա չես մարսի, թեկուզ նախարար ես ու հրամայելու իրավունք ունես… Փորձիր ուղղաթիռ չտալ մեզ…»։ Ու գնացին՝ առանց ետ նայելու։

♦♦♦

Ուղղաթիռը վայրէջք կատարեց մի փոքրիկ բացատում։ Արդեն սպասող տղաները՝ վառոդի բոցերից խանձված, արեւահարված դեմքերով ու կոշտացած, անխնամ ձեռքերով, իսկույն գործի անցան։

Սամվելը նայեց իր սպիտակ, խնամված ձեռքերին ու մի քիչ ամաչեց։ Տղաներն օգնեցին բարձրանալ «Կամազ» մեքենայի թափքը։

Մահաբեր զենքի արկղերին նստած Երեւանից թռել էր Շահումյան, հիմա էլ գնում էր դեպի դաշտային հոսպիտալ։ Այնտեղ, որտեղ չոր ու դաժան իրականությունն էր՝ մահ, ավեր, արնածոր վերքեր…

Ու թեեւ սրտմաշուկ, միանման օրերի միակ ուշագրավ, աչքի ընկնող «մեղեդին» ռումբերի ու գնդակների սուլոցն էր, բայցեւայնպես մահվան օղակում էլ երբեմն հաճելի ժամեր լինում էին, երբ կարելի էր գոնե մի քիչ ցրվել։

-Տղե՛րք, եթե պետք լինեմ, ես գրախանութում եմ։

♦♦♦

Գրախանութի միակ ծեր վաճառողը ուրախությունից, զարմանքից չգիտեր ինչ ասելն ու ինչ անելը. չէ՞ որ միայն խենթ հոգին կարող էր այդ օրերին ձեռքը գիրք վերցնել… վերանալ իրականությունից։

Ու շատ գրքեր էր գնում։ Ընտրում էր այն հեղինակներին, որոնք այնքան էլ պահանջարկ չունեին մայրաքաղաքում։ Գրքերը փայփայելով դարսում էր արկղերի մեջ ու տեղափոխում հոսպիտալի իր անկյունը, տեղավորում բժշկական սարքավորումների կողքին։

Երբ վիրավորները խնամված էին, ու ոչ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում, նա սկսում էր թերթել սիրած ստեղծագործությունների էջերը՝ այդ կերպ ծիծաղելով մահվան լիրբ երեսին եւ հաստատելով լինելիության իր իրավունքը։

-Այս մարդը բժի՞շկ է, թե պոետ,- հաճախ լսում էր իր հասցեին ու հրճվում։

Ուրեմն՝ պատերազմը չի՛ կարողացել կողպել Սամվել Հովհաննիսյանի՝ բժիշկ-ազատամարտիկի հոգու դռները ամենայն գեղեցիկի առջեւ։

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ,
Երևանի 48-րդ դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


01/02/2012