Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»



«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամսից հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։ Ժամկետը՝ հինգ տարի: Մասնակիցները կստանան աշխատավարձ, կօգտվեն պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենան աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնեն, իսկ ծրագրի ավարտին էլ կստանան 5 միլիոն դրամ պատվովճար:

Ուսումնական զորամասում ենք, պայմանագրային զինվորական ծառայության նոր ձեւաչափն ընտրած տղաների առօրյան հագեցած է՝ պատրաստվում են առաջիկա քննություններին:

Փոխգնդապետ Հովիկ Միրզոյանը, որ զբաղվում է անձնակազմի մարտական պատրաստությամբ, գոհունակությունը չի թաքցնում. «Նկատելիորեն բարելավվել է ե՛ւ կրակային, ե՛ւ մարտական, ե՛ւ ֆիզիկական պատրաստությունը: Մոտ ժամանակներս էլ ատեստավորման քննությունները կհանձնեն, համոզված եմ՝ բարձր ցուցանիշներ կգրանցեն»:

Հայաստանի տարբեր շրջաններից են տղաները:

Ժորա Մուսինյանը Գարգառ գյուղից է:

-Ամենասիրուն գյուղից եմ,- ասում է առարկություն չընդունողի վճռականությամբ,- ծննդավայրս շրջապատված է բարձր լեռներով, թավ անտառներով: Գյուղի հին անվանումը Գյառգյառ է, նշանակում է հպարտ, հպարտ: Հպարտորեն էլ կծառայեմ, քանզի հպարտություն է սեփական երկրի, ազգի զինվոր լինելը: Հորեղբորս տղան՝ Արտակը, եւս շուտով կհամալրի «Հայրենյաց պաշտպանի» շարքերը: Մյուս հորեղբորս տղան՝ Բորիկը, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է Հադրութում, ժամկետային էր….

Մեր հողի ամեն միլիմետրը կյանքի գնով է պահվում: Մեր գյուղն էլ դարերի ընթացքում հաճախ է ենթարկվել ասպատակությունների, թալանվել, ավերվել, բայց նորից ոտքի է կանգնել: Գարգառի բնակչության մեծ մասը 1915 թ. գաղթել է Արեւմտյան Հայաստանից, Մշո դաշտից…

Մեր եզերքը մենք պիտի պաշտպանենք, մենք տեր լինենք, ու ամենքս անենք հնարավորը՝ բանակն ու երկիրը ամրապնդելու համար:

Ջանում եմ այստեղ հնարավորինս շատ բան սովորել, ամեն օրն էլ արդյունավետ օգտագործել, որովհետեւ հասկանում եմ զինվորական գործի կարեւորությունն ու առաջնահերթությունը:

Արմավիրցի Թորոսյան եղբայրներ Իլյան ու Գեւորգը եւս «Հայրենիքի պաշտպան» են:

-Մենք էլ՝ երկու եղբայրներով, մեր ներդրումը կունենանք երկրի անվտանգության ապահովման գործում: Հայրենիքի պաշտպանությանն ենք մասնակցում, դրան էլ զուգահեռ՝ վարձատրվում, աշխատավարձ ենք ստանում, գումարած՝ ծրագրի ավարտին էլ ամեն մեկս հինգ միլիոն պատվովճար կստանա: Լավ ծրագիր է, տղաներից շատերը բանակում երկու տարի ծառայելուց հետո չեն կողմնորոշվում՝ ինչով զբաղվել, ինչպես գումար վաստակել, ոմանք հեռանում են երկրից՝ օտար հողում ապրուստի միջոց փնտրելու: Կարծում ենք՝ ծրագիրը կնպաստի, որ երիտասարդները մնան հայրենիքում…

-Ծրագրի մասին ծնողներս են տեղեկացել, եւ իրենց հորդորով եմ համալրել «Պաշտպան հայրենյացի» շարքերը,- զրույցին միանում է Ռոման Կարապետյանը:

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից է Ռոմանը, համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսից է զորակոչվել բանակ:

-Երկու տարվա ժամկետային ծառայության փոխարեն ծառայելու ենք հինգ տարի՝ օգտվելով պայմանագրայինների համար սահմանված բոլոր արտոնություններից: Մեր իսկ ցանկությամբ կարող ենք մեր բնակավայրին մոտ գտնվող զորամասում ծառայել: Սահմանին ապրողների համար, կարծում եմ, բավականին լավ տարբերակ է՝ ծննդավայրդ ես պաշտպանում, տնեցիներիդ մոտ լինում, ծառայության ավարտին էլ՝ պատվովճար ստանում, որ կարող ես օգտագործել ցանկացած նպատակի համար: Ինքս գումարը ուսման վարձի համար եմ նախատեսել՝ որոշել եմ իրավաբանական կրթություն ստանալ:

-Ես էլ թե՛ ծառայության ավարտին ստանալիք հինգ միլիոնը, թե՛ աշխատավարձիցս որոշակի գումար կներդնեմ մեր նոր կառուցված տան բարեկարգման համար,- իր առաջիկա պլանների մասին անկեղծանում է ջոկի հրամանատար Հարութ Մամյանը:- Ապրում եմ Նոյեմբերյանում ու Նոյեմբերյանից այն կողմ ապագաս չեմ պատկերացնում, կապրեմ, կաշխատեմ իմ բնօրրանում: Մեր ուղղությամբ թշնամին ինչ զինատեսակ ասես չի կիրառել, հայրս ինքնապաշտպանական կռիվների մասնակից է, հիմա էլ զորամասում է ծառայում, շուտով ես էլ կմիանամ նրան:

– Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսից եմ զորակոչվել, մեկ տարվա ծառայող էի, որ իմացա «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին եւ առանց երկմտելու որոշեցի այդ ծրագրով ծառայել,- ասում է Գոռ Պողոսյանը։ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղից է Գոռը, -հիմա ատեստավորման ենք պատրաստվում՝ ֆիզպատրաստություն, կրակային, մարտավարություն… Դժվար է, բայց հաղթահարելի է. հայրենիքի համար ամեն դժվարություն էլ հաղթահարելի է:

– Հզոր, ամուր հայրենիք ունենալու ուղին արհեստավարժ բանակի ստեղծումն է, ինչին էլ միտված է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, -զրույցն ամփոփում է դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Պարույր Խաչատրյանը,- «Պաշտպան հայրենյացի» առաջին փուլն է, առաջին շահառուներն են, շատերն անմիջապես դպրոցից հետո են զորակոչվել, ոմանք էլ բուհի առաջին կուրսից: Կրակային, մարտավարական, ֆիզպատրաստության պարապմունքներին զուգահեռ՝ անցնում են նաեւ հասարակական պետական պատրաստություն, անձնակազմի հետ գաղափարադաստիարակչական ծավալուն աշխատանքներ են տարվում, հրամանատարության ուշադրության կենտրոնում է նաեւ կարգապահությունը, աշխատում ենք կրթական մակարդակը հնարավորինս բարձրացնել, ձեւավորել առաջնորդի, ինքնուրույն որոշումներ կայացնողի որակներ…

Միանշանակ, տարեցտարի այս ծրագրով ծառայել ցանկացողների զգալի աճ կնկատվի, ինչն էլ իր հերթին կընձեռի լայն հնարավորություն առավել որակյալ կադրեր ընտրելու: Զինվորական համազգեստ պետք է կրեն միայն կիրթ ու բանիմաց, համազգեստի հարգն ու պատիվը գիտակցող նվիրյալները: Վստահ եմ՝ ծրագրով ծառայողներից շատերը սահմանված ժամկետը լրանալուց հետո էլ կմնան շարքում եւ կշարունակեն իրենց հայրենանվեր ծառայությունը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/05/2023