Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ«Մեծ յոթնյակի» երկրները Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում մտադիր են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները էներգետիկայի եւ արտահանման ոլորտներում։

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի չեղարկման մասին։ Գործընթացը կտեւի մոտ կես տարի։

ՆԱՏՕ-ն մշակում է սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր վերակազմավորման ռազմավարությունը Ռուսաստանից հավանական սպառնալիքներին դիմակայելու համար։ Այդպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքն արձագանքում է Ուկրաինայում պատերազմից հետո ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողություններին։

Պուտինը հանձնարարել է ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։

Մեկնարկել է Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի այցը ՌԴ, Ուկրաինա և Եվրոպայի երկրներ՝ ստեղծված իրավիճակի կարգավորումը քննարկելու նպատակով: Մոտ երկու ամիս առաջ Չինաստանը ներկայացրել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման 12 կետից բաղկացած ծրագիր, իսկ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր՝ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցություններով և բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները հաշվի առնելով։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս նշել էր, թե Վաշինգտոնը դեմ չէ Չինաստանի մասնակցությանը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն ցանկացած խաղաղ նախաձեռնություն պետք է հաշվի առնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հակամարտության կարգավորման Պեկինի պլանը կենսունակ չի համարել։

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու գործընթաց նախաձեռնելու որոշման մասին: Նա ԱՊՀ կառույցներն անվանել է անօգուտ Մոլդովայի համար։ Որոշումը կայացվել է իշխող կուսակցության ներկայացուցիչների և հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:

ԵՄ-ն առաջին անգամ Պարսից ծոցի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Նրա խնդիրն է լինելու զարգացնել ավելի ամուր, համապարփակ և ռազմավարական գործընկերություն տարածաշրջանի երկրների հետ:

Ռուսաստանը 2023 թ. առաջին եռամսյակում ռեկորդային գումարի ապրանքներ է արտահանել Հնդկաստան՝ դառնալով այդ երկրի երկրորդ խոշորագույն մատակարարը Չինաստանից հետո: Արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,7 անգամ՝ հասնելով 15,5 միլիարդ դոլարի:

Միևնույն ժամանակ, Հնդկաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 33 %-ով՝ հասնելով 946,6 մլն դոլարի։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կարծիքով՝ Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի կողմից ռուսական նավթը որպես զտված, այդ թվում՝ դիզելային վառելիք Եվրոպային վերավաճառելու դեմ:

Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո Հնդկաստանը դարձել է ռուսական նավթահումքի խոշորագույն գնորդներից մեկը։ Հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ շահույթ են ստանում՝ նավթահումքը գնելով զգալի զեղչով, իսկ հետո ավելի թանկ գնով վաճառելով Եվրոպային։ Փաստացի, այս առևտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները։

Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ևս նոր փուլ է թևակոխել։ Խոշոր համատեղ նախագծեր են մշակվել իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև:

Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվեցին վերջին տարիների թերևս ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական պայքարն ընթացավ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության միջև։ 2003 թվականից իշխող իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանը առավել քան երբևէ մոտ էր բացարձակ իշխանությունը զիջելուն տարբեր պատճառներով՝ տնտեսական ճգնաժամ, ինֆլյացիա, մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներ ու ազատությունների սահմանափակումներ, երկրաշարժից հետո բացված կոռուպցիոն սկանդալներ և այլն։

Նրա ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Քըլըչդարօղլուն նաև հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը։

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ ոք 50+1 տոկոս քվե չի ստացել, հետևաբար՝ մայիսի 28-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 49,62 տոկոս քվե, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է 44,89 տոկոս քվե:

Մեծ Բրիտանիան մոտ 250 կմ հեռահարության Storm Shadow թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային՝ զգալիորեն ընդլայնելով ուկրաինական բանակի հնարավորությունները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի. «Հակահարձակման առաջին կարևոր քայլերը կձեռնարկվեն մոտ ժամանակներս։ Սակայն հակահարձակումը չի երաշխավորում Ուկրաինայի ինքնիշխանության ամբողջական վերականգնում»։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին հայտնել է, որ Բաքվում բացվել է Ուկրաինայում զոհված ադրբեջանցիների «հիշատակի պատը»։ Նաև նախատեսվում է «Ուկրաինան Ռուսաստանից պաշտպանած ադրբեջանցի հերոսների» մասին վավերագրական ֆիլմ նկարահանել։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Գերմանիան հայտարարել է Ուկրաինային 2,7 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին։

Եվրամիությունը մտադիր է Սեւ ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնել հետագա ընդլայնման հնարավորությամբ՝ Վրաստանի հետ կապը բարելավելու եւ Ռուսաստանով անցնող գծերից կախումը նվազեցնելու համար։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Տարածաշրջան


19/05/2023