Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Արեւմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը»։

ՆԱՏՕ-ի երկրները, վերածվելով Ուկրաինայում հակամարտության մասնակիցների, միասնական դաշինքով արդեն հանդես են գալիս ոչ թե որպես Ռուսաստանի պայմանական հակառակորդներ, այլ թշնամիներ, դաշինքի հետախուզությունն անդադար աշխատում է Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 12 կետից բաղկացած իր դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության լուծման քաղաքական կարգավորման հասնելու վերաբերյալ: Հայտարարությամբ կոչ է արվում հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից եւ միակողմանի պատժամիջոցներից, ընդգծվում է բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, միջուկային օբյեկտները պաշտպանելու, հացահատիկի արտահանմանն աջակցելու եւ քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների բարեկեցությունն ապահովելու կարեւորությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագիրը՝ նշելով, որ այն ձեռնտու կլինի միայն Ռուսաստանին։ Իսկ ԱՄՆ Սենատում Չինաստանին սպառնացել են, նշել, որ Վաշինգտոնն առանց վարանելու միջոցներ կձեռնարկի չինական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ, որոնք ռազմական աջակցություն կցուցաբերեն Ռուսաստանի Դաշնությանը կամ կխախտեն պատժամիջոցները։

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը, Չինաստանը, Հարավարեւելաասիական պետությունների ասոցիացիան եւ Լատինական Ամերիկայի պետությունները պատժամիջոցների պայմաններում առեւտրային, տրանսպորտային եւ հաշվարկային այլընտրանքային մեխանիզմներ կստեղծեն։

Պուտինն Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է արգելապատնեշ ստեղծել Ուկրաինայից ՌԴ տարածք դիվերսիոն խմբերի ճանապարհին եւ  կանխել զենքի ապօրինի ներմուծումը։

Ֆինլանդիայում էլ սկսել են ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, աշխատանքներ են սկսվել երեք կիլոմետրանոց փորձարկման հատվածում։ 380 միլիոն եվրո արժողությամբ սահմանային ցանկապատի ընդհանուր երկարությունը կկազմի 200 կմ կամ ֆինլանդա-ռուսական սահմանի ամբողջ երկարության մոտավորապես 15 տոկոսը:

Ռուսաստանը Բելառուսին մատակարարել է «Իսկանդեր» համալիր՝ հրթիռներով, ինչպես նաեւ C-400 զենիթահրթիռային համակարգ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձեւ է ընդունել։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141, դեմ՝ 7 երկիր։ Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով՝ Կիեւի վարչակարգի դեմ հաղթանակի օրը գալու է, բայց դրանից հետո լինելու են «ծանր եւ նյարդային բանակցություններ»։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հասնել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին, որքան հնարավոր է հեռու վանել սպառնալիքը ՌԴ սահմանից, եթե հարկ լինի, անգամ մինչև Լեհաստանի սահմանը։

BBC-ին ներկայացրել է բրիտանական հետախուզության ամփոփագիրը, որի համաձայն՝ Ռուսաստանի նպատակը հակամարտության այս փուլում նոր տարածքների գրավումը չէ, այլ ունեցած ներուժի  առավելության շնորհիվ Ուկրաինային հյուծելը։

Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերի առաջխաղացման խորությունը կախված կլինի նաև նրանից, թե ինչ հեռահար զենք կստանա Կիեւը արեւմտյան երկրներից, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե չի պատկերացնում, որ ամերիկացի փորձագետները ստուգումներ իրականացնեն ռուսական միջուկային օբյեկտներում այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում բացահայտ աջակցում են Ուկրաինային։ Նա նաեւ հայտարարել է, որ այսուհետ Ռուսաստանը որպես սպառնալիք պետք է հաշվի առնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջուկային ներուժը։

 

ԻՐԱՆ

Իրանը Սիրիային կմատակարարի հակաօդային պաշտպանության համակարգեր։ Իրանի պաշտպանության նախարարը Թեհրանում իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բոլոր կարողությունները պետք է օգտագործվեն Սիրիայի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Սիրիայի ՀՕՊ համակարգի ուժեղացման անհրաժեշտությունը զգալի է հատկապես առավել հաճախակի դարձած Իսրայելի օդային հարձակումների ֆոնին։

Պենտագոնը կոչ է արել համաշխարհային կոալիցիա կազմել՝ Իրանի եւ ՌԴ-ի «չարամիտ համագործակցության» դեմ։

Ուկրաինան եւ մյուս երկրները, որոնք պնդում են, թե իբր Իրանը սպառազինություն է մատակարարել Մոսկվային, մինչ այժմ ապացույցներ չեն ներկայացրել, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

ԻՀՊԿ կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ երկրում հիպերձայնային թեւավոր հրթիռների աննախադեպ մշակումներ են իրականացվում։

Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի սպառազինությունը համալրել են «Paveh» նոր թեւավոր հրթիռները՝ 1650 կմ հեռահարությամբ։

Իրանում նոր ատոմային էլեկտրակայանում մինչև 2000 մեգավատ էլեկտրաէներգիա կարտադրվի։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ երկիրը ծրագրում է միջուկային տեխնոլոգիական արտադրանք արտահանել։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն Իրանը «քաղցկեղ» է անվանել՝ չբացառելով ռազմական գործողությունները այդ երկրի դեմ։

Իրանը հայտարարել է լիթիումի մոտ 8,6 մլն տոննա պաշարների հայտնաբերման մասին։ Լիթիումի պաշարներն աշխարհում սահմանափակ են, այն ռազմավարական նշանակություն ունի տեխնոլոգիաների զարգացման համար։ Մետաղը մեծ պահանջարկ ունի մարտկոցների արտադրության, պաշտպանական արդյունաբերության եւ ռազմավարական համաձուլվածքների արտադրության ոլորտում։

Իրանում մեկնարկել են բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ համատեղ զորավարժությունները։

«Գազպրոմ»-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը մինչեւ վերջ չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Շվեդիայում դեռ գործում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը», նշել է նա։

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան եւ Հունգարիան։

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ տեղի կունենա մարտի 9-ին Բրյուսելում։

Թուրքական Կարմիր մահիկի պատասխանատուները երկրաշարժից տուժածներին օգնել ցանկացող AHBAP կազմակերպությանը վաճառել են վրաններ՝ անհատույց տրամադրելու փոխարեն։ Իրականությունը բացահայտվելուց հետո բողոքի ալիք է բարձրացել, սակայն ոստիկանները ցրել են բողոքի ակցիան եւ ձերբակալել 200-ից ավելի մասնակցի։

Իրաքի հարավային նահանգներում Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրի մակարդակը կտրուկ իջել է: Ջրային ռեսուրսների նախարարությունը ստեղծված իրավիճակը պատճառաբանել է «հարեւան Թուրքիայից Իրաք հոսող ջրի փոքր քանակությամբ»։ Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքները Թուրքիայում են։ Իրաքը ակնկալվող ջրի միայն 30 տոկոսն է ստանում:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Սիրիայի տարածքում վնասազերծել է 2022 թ. նոյեմբերին Ստամբուլի ահաբեկչության պատասխանատուներից մեկին։

Ամերիկյան Ford ընկերությունը Թուրքիայում էլեկտրական մարտկոցների հսկայական գործարան կկառուցի, որը կապահովի Եվրոպայի պահանջարկի մեծ մասը։

Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրեական գործ հարուցել նախագահ Էրդողանի և մի շարք պետական պաշտոնյաների դեմ՝ որպես երկրաշարժի զոհերի հիմնական պատասխանատու։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Նախիջեւանի բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց նպատակը շտաբների եւ անձնակազմի մարտական հմտությունների կատարելագործումն է։

Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Հայաստանի հայցը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը 2 ուղղություններով։

Բաքվի արձագանքը ՄԱԿ-ի դատարանի որոշմանը կարելի է հակիրճ ձևակերպել այսպես՝ ոչինչ անել չենք պատրաստվում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշն ի գիտություն է ընդունել Միջազգային դատարանի որոշումը և հիշեցրել Միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարման մասին։

Իսրայելը եւ Ադրբեջանը քննարկել են անօդաչուների համատեղ արտադրության ընդլայնման հարցը։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Տարածաշրջան


03/03/2023