Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԳԵՏԱՇԵՆ



Մարտական հերթապահությունից հետո պայմանագրային զինծառայողներ Գեորգի Ղուկասյանը, Վարդան Պետրոսյանը, Գարեգին Ղուլյանը, Միրաբ Ղուկասյանը պատրաստվում էին ընտանիքներով տեսության գնալ Բաբկեն Ղուլյանի նորածին որդուն՝ Նարեկին, որի քառասուն օրը լրացել էր։ Նրանք բոլորն էլ Վարդենիսի Նորաբակ գյուղում բնակություն են հաստատել իրենց ծննդավայր Գետաշենի հայաթափումից հետո, մասնակցել են հայրենի սահմանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Աստիճանաբար հարմարվել են նոր բնակավայրի բնակլիմայական պայմաններին։
-Քիչ առաջ եկա Բաբկենենց տնից,- ասում է Միրաբը,- խոզը մորթել ենք, պատրաստություն տեսել, եկել եմ կնոջս, ընտանիքիս հետեւից։ Համեցեք, բոլորիդ հրավիրում ենք,- ասաց նա՝ դիմելով գումարտակի հրամանատար փոխգնդապետ Լ. Գեւորգյանին, շտաբի պետ մայոր Ա. Ասլանյանին, իր ծառայակից ընկերներին, մեզ։ «Նորաբակում հաստատված հին գետաշենցիների ընտանիքներում ծնված ամեն մի երեխայի լույս աշխարհ գալը մեզ համար մեծ ուրախություն է,- շարունակեց Միրաբ Ղուկասյանը։ -Մենք վստահ ենք, որ նրանք կգնան, կապրեն իրենց նախնիների ծննդավայրում։ Իսկ փոքրիկ Նարեկին նվիրված այս միջոցառումը համընկավ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին, եւ հուսով ենք, որ մեր բարեմաղթանքներն ու ցանկությունները իրականություն կդառնան»։
***
Գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը լեռնային տեղանքում վստահաբար պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները, կատարում դժվարին, սակայն պատվաբեր ծառայություն։ Անցնող տարում առաջնագծում կատարված հսկայածավալ աշխատանքները՝ կացարանների վերանորոգումը, նոր կացարանների, խրամուղիների, խրամաճեղքերի, դիտակետերի, ինչպես նաեւ երկու նոր զորանոցների կառուցումն ու մի զորանոցի նորոգումը, անշուշտ, նոր տարում նոր հաջողությունների ու ձեռքբերումների նախադրյալ կդառնան։
Հանդիպեցինք այս փոքրիկներին, որոնք զորամասի սպայակազմի համար նոր կառուցված հարմարավետ շենքերի խաղահրապարակում խաղում էին, իսկ նրանց մայրերը հանգիստ զրույցի էին բռնվել։ Փոքրիկ Հովհաննեսն ու Կորյունը մայոր Մանվել Անտոնյանի որդիներն են, փոքրիկ Ալիսան՝ մայոր Արկադի Թումանյանի դուստրը։ Հարությունյան Բելան կապիտան Գարիկ Ավետիսյանի կինն է, նոր են ամուսնացել։ Զոյա Հարությունյանն էլ ավագ լեյտենանտ Մկրտիչ Մանասյանի կինն է։
Այս հրաշալի մանուկները մեր վաղվա զինվորներն են ու արվեստագետները։ Նրանք, երբ մեծանան, իրականացնելու են իրենց ծնողների երազանքը, որովհետեւ ամեն օր հերոսապատումներ են լսում իրենց մայրերից եւ մարտական հերթապահությունից վերադարձող հայրերից։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Ազգային բանակ


21/01/2011