Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԵրևանի զորակոչային, զորահավաքային համալրման տարածքային 4-րդ ստորաբաժանումում եռուզեռ է. վերստուգվում են զորակոչիկների փաստաթղթերը, անցկացվում է վերջին բուժզննումը:

Ներսում աշխատանքային աշխույժ անցուդարձ է, դրսում` ծնողների հուզմունքն ու բարեմաղթանքները: Հուզված են նաև զորակոչիկները. ասում են` երկար են սպասել այս օրվան, երբ բանակում ծառայող ընկերների նման իրենք էլ կկրեն զինվորական համազգեստն ու կստանձնեն Հայրենիքի պաշտպանի առաքելությունը:

-Բանակում ընկերներ ունեմ, որոնց հետ միշտ կապ եմ պահպանում: Նրանցից ոմանք մարտական գործողությունների մասնակից են: Հպարտանում եմ նրանցով,- ասում է նորակոչիկ Նարեկ Սիմոնյանը:

Վերջին յոթ տարիներին արտերկրում բնակված Հակոբ Եսայանը մեկն է այն տղաներից, որոնք վճռել են վերադառնալ և կատարել Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը:

-Ներսիցս է եկել այս ցանկությունը: Մտածել եմ` ինչով եմ ավելի լավ կամ վատ այն 18-19 տարեկան տղաներից, որ գնում, ծառայում են: Ես էլ ահա եկել եմ ու կծառայեմ նրանց հետ, թիկունք կլինենք միմյանց: Պարզապես, այլևս անկարող էի հեռվից հետևել Հայրենիքին պարբերաբար սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին,- ասում է Հակոբը:

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԻր միակ զավակին բանակ ճանապարհող Հակոբի մայրը` տիկին Էլմիրան, խոստովանում է, որ սկզբում ընդդիմացել է որդու որոշմանը: Այժմ, սակայն, միակ զգացումը, որ ապրում է` հպարտությունն է:

-Հուսով եմ` ամեն ինչ շատ լավ է լինելու: Մեր երկրին միայն խաղաղություն եմ մաղթում: Իրոք, ուրախ եմ, քանի որ մեր բոլոր հարազատները, բարեկամները մեր կողքին են, ու հիմա շատ հանգիստ խղճով ու հանգիստ սրտով եմ բանակ ճանապարհում որդուս:

Ծնողներից շատերն առաջին անգամ էին բանակ ճանապարհում որդիներին: Ոմանք էլ, ինչպես, օրինակ, տիկին Մարինեն, որի ավագ որդին արդեն իսկ ծառայում է հայոց բանակում, եկել էր ճանապարհելու երկվորյակ զավակներին:

-Ես այս պահին արդեն երեք զինվոր որդի ունեմ: Շատ դժվար է, բայց նաև շատ հպարտ եմ, որ երեք զինվորի մայր եմ, ուրախ եմ, որ տղաներս գնում են ծառայության: Թող մեր Հայրենիքը պաշտպանեն ու անփորձանք վերադառնան տուն:

Զինվորական ծառայության մեկնող տղաներին ողջունելու և ոգևորելու էին եկել թաղապետարանի և հոգևոր թեմի ներկայացուցիչները, որոնք զորակոչիկների հետ միասնաբար կարդացին «Տերունական աղոթքը», տղաներին փոխանցեցին իրենց բարեմաղթանքներն ու օրհնված խաչերը: Դիմելով նորակոչիկներին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանման ղեկավար Աշոտ Հակոբջանյանն ասաց.

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է-Առաջին հերթին ցանկանում եմ, որ միասնական լինեք: Միասնությունը շատ կարևոր է. երբ մի բռունցք եք դառնում, այլևս անլուծելի խնդիր չի լինում: Այս նույն կազմով ու տրամադրությամբ դիմավորենք ձեզ ծառայությունից հետո:

Տղաները հրաժեշտ են տալիս հարազատներին և տեղավորվում ավտոբուսում: Եվս մի ակնթարթ, և ծափողջույնների ներքո նրանք ուղղություն են վերցնում դեպի հանրապետական հավաքակայան:

Տեղում արդեն մինչ մի խումբը պատրաստվում է վիճակահանությանը, մյուսները դեռ նոր են ոտք դնում հավաքակայան, անցնում բժշկական հետազոտության վերջին փուլը:

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՄի քանի օտար լեզուների տիրապետող Հայկ Փիլիպոսյանը թեև բարեհաջող հաղթահարել է միանգամից 4 արտերկրյա բուհերի անցողիկ շեմը, սակայն, հետաձգել է ուսումն ու որոշել է համալրել Հայրենիքի պաշտպանների շարքերը:

-Բարձրագույն կրթությունը կսպասի, առավել ևս, որ ինձ համար` իբրև հայ մարդու, Հայրենիքը պաշտպանելու հանձնառությունից առավել կարևոր ոչինչ չկա: Ծառայությունն առաջնահերթություն է ինձ համար: Այս երկիրը մերն է, և դա պետք է ապացուցել ոչ միայն խոսքով, այլև` գործով,- ասում է Հայկը:

Մոտենում է վիճակահանության պահը: Մեկը մյուսի հետևից բարձրաձայնելով վիճակահանությամբ ընտրված ծառայավայրերի համարները` Հակոբը, Արսենը, Արթուրն ու մյուս տղաները ուղևորվում են զորամասեր` փոխարինելու երկամյա ծառայությունն ավարտող տղաներին: Այժմ Հայրենիքը պաշտպանելու իրենց հերթն է:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները` ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ


20/01/2023