Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՎԵՄ, ՈՐ ԿԱՆԳՈՒՆ ԿՊԱՀԵՆ ՄԵՐ ՏՈՒՆԸ



ԵՐԿՈՒ ՎԵՄ, ՈՐ ԿԱՆԳՈՒՆ ԿՊԱՀԵՆ ՄԵՐ ՏՈՒՆԸԶրույց կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ

 

-Պարոն Գևորգյան, քանի որ ինձ շատ սրտամոտ են հայ ժողովրդական, գուսանական մեղեդիները, Ձեր երաժշտությունը լսելիս ես միշտ որսում եմ դրանց արձագանքները: Դուք բախտավոր եք, որովհետև մանկուց լսել եք Ձեր մայրիկի՝ երջանկահիշատակ Վալյա Սամվելյանի անզուգական կատարումները, նրա երաժշտական ճաշակը կրթել է Ձեր գեղագիտական ընկալումները, ու այսօր ստեղծում եք այնքան գունեղ, այնքան բարձրակարգ ու այնքան հայեցի երաժշտություն:

-Հայրս՝ թառահար Կարլեն Գևորգյանը, ղեկավարում էր Երևանի սարքաշինական գործարանի ժողգործիքների նվագախումբը: Մայրս երգում էր այդ նվագախմբում: Վերգինե տատս երգում էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ պապս եկեղեցու խորհրդի անդամ էր: Ես սովորում էի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, այդտեղ նվագում էի դասական երաժշտություն, տանը հնչում էին ժողովրդական ու գուսանական մեղեդիներ, իսկ Կոնդի եկեղեցում, որի մշտական այցելուն էի, լցվում էի միջնադարյան հոգևոր երաժշտությամբ: Նաև լսում էի համաշխարհային էստրադա։

Իմ մեղեդիները սկիզբ են առնում այդ չորս ակունքներից:

Մայրս 38 տարի երգեց Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբում։ Համույթի մենակատարն էր հանրահայտ երգիչների կողքին:

Հյուրախաղերի ժամանակ ծնողներիս հետ շատ եմ շրջել Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Իսկ թե ժողովուրդն ինչպես էր ընդունում նրանց, ինչպիսի փոխադարձ սեր ու հարգանք կար արվեստի մարդկանց ու հասարակության միջև, դժվար է բառերով նկարագրել: Հիշում եմ՝ երբ մորս հետ գնում էի շուկա, տարբեր կողմերից բղավում էին՝ էժան տվեք. մեր սիրելի երգչուհին է։ Այդ ամենը շատ տպավորիչ էր ու բազմապատկում էր ակնածանքս արվեստի մարդկանց, նրանց գործի հանդեպ:

Ես այնքան ներծծված էի երաժշտությամբ, որ դպրոցական տարիներին ստեղծեցի իմ առաջին նվագախումբը: Այն հաջողությամբ մասնակցեց դպրոցական փառատոնին: Դրան հաջորդեց հիդրոհաղորդակ գործարանի ռոք նվագախումբը, որի անդամները հետագայում դարձան հայտնի երաժիշտներ՝ Արամ Առաքելյանը, Սամվել Մանվելյանը, թմբկահար Արամը, երգիչ, կիթառահար Ռուբիկը եւ այլք: Հետո ձևավորվեց «Լուսաբաց» ռոք խումբը։ Իսկ նորաստեղծ «Ռալլի» խումբը «Երգ-85» փառատոնին մասնակցելու հրավեր ստացավ: Մենք նույն բեմում էինք Ալլա Պուգաչովայի, Վալերի Լեոնտևի, Սոֆյա Ռոտարուի և այլ հայտնի երգիչների ու երաժիշտների հետ:

-Պարոն Գևորգյան, Դուք փայլուն երաժշտական կրթություն եք ստացել, դա անվիճելի է: Բայց այդ ամենով հանդերձ՝ զարմացնում է հինն ու արդիականը, դասականն ու ավանգարդը հրաշալիորեն միաձուլելու Ձեր տաղանդը: Ինձ անչափ դուր են գալիս Ձեր մշակումները՝ Նարեկացու «Հաւուն-հաւունը», «Սև-մութ ամպերը», ժողովրդական մեղեդիներից կազմված պոպուրին…

-«Սև-մութ ամպերը» գործիքավորել եմ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: «Բարեկամություն» պարային համույթը այդ երաժշտությունն օգտագործեց Բեյրութում տեղի ունեցած համերգի ժամանակ, որը մեծ հաջողություն ունեցավ: Կոմիտասի «Կռունկը», Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումները հնչել են Հայաստանի մասին պատմող բազմաթիվ ֆիլմերում: …Հիմա իմ համերգներին հնչում են միայն իմ ստեղծագործությունները։

-Գիտեմ, որ եղել եք երկրաշարժի գոտում, օգնություն եք ցուցաբերել տուժածներին…

-Չեմ սիրում այդ մասին խոսել: Ես վստահ եմ, որ արվեստագետը պիտի լինի իր ժողովրդի կողքին, իր երկրի կարևոր իրադարձությունների էպիկենտրոնում ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև ֆիզիկապես: Անհրաժեշտության դեպքում՝ պիտի զենքը ձեռքին կռվի զինվորի կողքին, նաև իր հեղինակությամբ օգնություն հայթայթի՝ հանուն համազգային նպատակի, այսինքն՝ պիտի օգտագործի իր բոլոր հնարավորությունները սեփական ժողովրդին օգնելու համար…

-Ցավոք, այսօր խզվել է արվեստագետի եւ հասարակության կապը։ Մեր մեծերի ուղղորդող խոսքը վերացել է գրեթե բոլոր եթերներից։ Ի դեպ, Դուք երբևէ մասնակցե՞լ եք մարտական գործողությունների:

-Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես Բերդաձորի Անդրանիկ Հարությունյանի ջոկատի հետ էի, եղել եմ Շուշիում, Աղդամում։ Բախտ եմ ունեցել Ստեփանակերտում ներկա լինել Ազգային ժողովում Արցախի գերբի ու դրոշի ընդունման արարողությանը:

Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ անդամագրվեցի երկրապահ կամավորականների միությանը, որ գնամ ճակատ: Գրանցեցին՝ որպես երկրորդ հերթափոխ։ Սպասում էի, որ կանչեն, բայց պատերազմը կարճ տևեց, ու ինձ հերթ չհասավ…

44-օրյա պատերազմից առաջ` օգոստոսի 5-ին, որդիս՝ Դավիթը, զորակոչվեց բանակ եւ մեկնեց Քարվաճառի զորամաս: Ես ողջ պատերազմի ընթացքում եղել եմ նրանց կողքին։

-Զրույցն այնպես ընթացավ, որ ավելի տրամաբանական կլինի, որ հիմա խոսենք բանակաշինությանը աջակցող Ձեր գործունեության մասին: Եվ պիտի խնդրեմ, որ առանց համեստության հիշեք Ձեր կարեւոր ձեռնարկումները, որովհետև այն ճշմարիտ արվեստագետի հայրենասիրության վարակիչ օրինակ է:

-Միշտ մտածել եմ, թե ինչով օգնեմ բանակին: Հիշում եմ՝ 2005 թիվն էր, մեր բոլոր հեռուստաալիքները գուժում էին, որ Ադրբեջանի բանակի բյուջեն 3 անգամ գերազանցում է մեր երկրի բյուջեն, ու ես որոշեցի կազմակերպել հեռուստամարաթոն: Մենք որոշեցինք վաճառել տարբեր լեզուներով հնչող «Ադանա» երգի սկավառակը եւ սփյուռքին համախմբել մեր բանակի շուրջ: Անկեղծ ասած, ինձ ավելի շատ ուրախացրեց ոչ թե այն փաստը, որ բանակը կարող էր մեր հանգանակած գումարով շարժական հոսպիտալներ գնել, այլ այն, որ մենք բոլորին, հատկապես ադրբեջանցիներին ցույց տվեցինք սփյուռքի ներուժը, ասացինք, որ Հայաստանը շատ ավելի մեծ ու հզոր է, քան երկրի պետական սահմանների ներսում ամփոփված կարողությունները:

-Հաջորդը «Հայկական բանակ, մենք քո կողքին ենք» նախագի՞ծն էր:

-Այո՛: Գրեցի երգ, որով կրկին ցանկանում էի համախմբել ողջ հայությանը մեր բանակի շուրջ։ Պատրաստվում էի հանդիպել ՊՆ նախարարի հետ, որ սկսենք նախագծի իրականացումը, ու հանկարծ՝ պատերազմի լուրը։ Ես ստիպված էի արագացնել կիսատ մնացած գործն ու շարունակեցի նկարահանումները տարբեր երկրներում։ Շնորհակալ եմ սփյուռքի իմ բոլոր ընկերներին։ Այն դարձավ երգ, որը երգում էին երգիչներ Արգենտինայից, Ուրուգվայից, Կանադայից, Նահանգներից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լիբանանից և Հայաստանից։ 2020 թ.-ի հոկտեմբերի 3-ին` պատերազմի վեցերորդ օրը, երգի տեսահոլովակը տարածվեց համացանցում։ Ես մեկնեցի որդուս մոտ։ Ուրախ եմ, որ կարողացա համախմբել սփյուռքի իմ ընկերներին, եւ մեծ օգնություն տրվեց մեր զինվորներին։ Կարիք չկա, որ մեկ առ մեկ թվեմ, թե մենք քանի քնապարկ, տաք ծածկոց, զինվորական կոշիկներ, տաք գլխարկներ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ ուղարկեցինք ռազմաճակատ։ Իհարկե, այդ ամենը համակարգվում էր ՊՆ-ի կողմից։

-Մենք՝ ո՞վ…

-Ես ու սփյուռքում բնակվող իմ սիրելի ու հայրենասեր ընկերները։ Տիկին Շուշանը Մոսկվայից, Սեդա Կանթարջյանը ԱՄՆ-ից, Ռիտա Լեփեջյանը՝ Ավստրալիայից, Վարուժան Բարոյանը, Թալինը, Անդրեն, Լորեթան՝ Թեհրանից, Զարեն՝ Քուվեյթից եւ այլք։

Ի դեպ, օգնությունը շարունակվեց նաեւ պատերազմից հետո։

Կարողացա կազմակերպել նկարների ցուցահանդես Սիդնեյում, Նյու Յորքում եւ Մոսկվայում։ Նկարիչները Արցախից տեղահանված երեխաներն էին, եւ ողջ հասույթը փոխանցվեց նրանց։ Ուզում եմ օտվել առիթից ու ասել՝ շնորհակալություն, Սփյուռք։

-Դուք պարբերաբար ելույթներ եք ունեցել զորամասերում: Ունեք պաշտպանության նախարարության շնորհակալագիր և գերատեսչական մեդալ: «Գարեգին Նժդեհ» մեդալը, այսպես ասած, խաղաղ ժամանակների գործունեության համա՞ր եք ստացել, թե՞ պատերազմական:

-«Գարեգին Նժդեհ» մեդալն ստացել եմ խաղաղության ժամանակ, իսկ շնորհակալագիրը ստացել եմ 44-օրյա ապատերազմից հետո… Ես այն կարծիքին եմ, որ անկախ մեր մասնագիտությունից ու մեր նվաճած բարձունքներից՝ պիտի պատրաստ լինենք ցանկացած գործ անել հանուն հայրենիքի՝ մեր բակը մաքրելուց մինչև զենքը ձեռքին զինվորի կողքին կռվելը:

-Գիտեմ նաև, որ երաժշտական գործիքներ եք նվիրել Քաշաթաղի երաժշտական դպրոցին, բանակի զորամասերից մեկին, երբ հերթական այցելության ժամանակ տեսել եք, որ զորամասի նվագախմբի գործիքները անմխիթար վիճակում են:

-Դա մոտ տասը տարի առաջ էր։ Դստրիկիս հետ սահմանային զորամասերից մեկում էինք եւ հանդիպեցինք մեր ժամկետային ու պայմանագրային զինվորների հետ։ Հնչեց նվագախմբի ելույթը, ու հասկացա, որ երաժշտական գործիքների պակաս կա: Ես զորամասին փոխանցեցի անհրաժեշտ մի քանի գործիք։ Շնորհակալություն Հայկական պետական մանկավարժական համալսարանին։

-Պարոն Գևորգյան, հայ ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձությունները հրաշալիորեն արտացոլվել են Ձեր անզուգական ստեղծագործություններում՝ «Remember», «Ադանա», «Մուսալեռ», «Արցախ» և այլն: Դրանք համաշխարհային հնչեղություն են ստացել: Ինչո՞վ եք պայմանավորում օտար երաժիշտների ու ունկնդրի այդքան մեծ հետաքրքրությունը Ձեր ստեղծագործությունների նկատմամբ…

-«Remember» կամ «Կանք ու կլինենք» երգը, ինչպես և «Ադանան» նվիրված են Եղեռնին… «Remember» երգը կատարում են 1000-ից ավելի երգիչներ ու երաժիշտներ: Երգի հզոր տեսահոլովակը առաջին անգամ ցուցադրվեց Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։ Այն աննախադեպ էր իր հնչեղությամբ։ Դա իհարկե նաեւ Հովհաննես Չեքիջյանի եւ Էդուարդ Թոփչյանի շնորհիվ էր։ Շնորհակալություն բոլորին։ «Ադանա» երգը թարգմանվեց 20 լեզուներով։

-Երևի ամենաշատը հռչակվեց «Արցախ» ստեղծագործությունը:

-«Արցախ» ստեղծագործությունը հնչեց երեք օլիմպիական խաղերի ընթացքում, բազմաթիվ երկրների շատրվաններ «պարում են» այդ ստեղծագործության տակ, այն ընդգրկված է փլեյսթեյշն հանրահայտ խաղի մեջ: Ինչո՞ւ իմ ստեղծագործությունները մեծ տարածում ունեցան… կարծում եմ՝ հաջողությունը պայմանավորված է նրանով, որ լսելի ու հասկանալի են օտարազգիներին։ Այն հետաքրքիր է եւ յուրահատուկ, որովհետև ազգայինը, ժամանակակիցն ու դասականը համատեղված են։ Կա նոր հնչողություն եւ շատ ասելիք։

-Դժվա՞ր է վերջին պատերազմից հետո երգ գրել հաղթանակի մասին, այնպես գրել, որ մարդիկ խանդավառվեն…

-Շատ դժվար է, սակայն ես պետք է ավարտեմ նոր՝ երկմասանի ստեղծագործությունս՝ նվիրված մեր զոհված զինվորներին եւ ապագա հաղթանակին։ Հարկավոր է ամուր կանգնել եւ շարունակել ապրել, արարել։ Ես ինքս հավատով եմ անում ամեն ինչ։ Վերջերս ստեղծված «Պետք է սեր» երգը ավելի շատ աղոթք է, որը կատարում են զինվորն ու քարտաշը, քահանան ու հավաքարարը, բժիշկն ու շինարարը… Դա համախմբման կոչ է, իրար սիրելով՝ իրար ուժ տալու հորդոր: Երկու վեմ կա, որոնց վրա պիտի կառուցենք մեր երկիրը՝ եկեղեցին ու բանակը: Այս երկու վեմը կանգուն կպահեն մեր տունը հավիտյան:

-Հայոց մայրաքաղաքներին նվիրված Ձեր ստեղծագործությունները լսել էր մի թուրք գործարար ու ասել՝ Ձեր երաժշտությունից երեւում է, որ հող եք ուզում…

-Հող չէ՝ մեր Հայրենիքը…Մեզանից ուժով Հայրենիք են խլել… Հրաշալի է, որ թուրք գործարարը մեղեդին լսելիս հասկացել է դա:

-Պարոն Գևորգյան, ես՝ որպես հայ մարդ, շնորհակալ եմ Ձեր հայրենաշեն գործունեության, Ձեր հրաշալի ստեղծագործությունների համար, որոնք մեր ձայնը լսելի են դարձնում ամբողջ աշխարհում… Ուզում եմ, որ Ձեր օրինակը վարակիչ լինի: Եվ վերջում պիտի կրկնեմ Ձեր խոսքերը՝ անկախ մեր մասնագիտությունից ու մեր նվաճած բարձունքներից պիտի պատրաստ լինեք ցանկացած գործ անել հանուն հայրենիքի՝ մեր բակը մաքրելուց մինչև զենքը ձեռքին զինվորի կողքին կռվելը:

-Զինվորին՝ ուժ ու համբերություն, պատվաբեր ու հաղթանակած տարի եմ մաղթում:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


12/01/2023