Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ1996-ին էր Նաիրայի մորաքրոջ որդին՝ Վահանը, զոհվել Թալիշի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։ Վահանն ու Նաիրան միասին էին մեծացել։ Տարիներ անց Նաիրան կրտսեր որդուն անվանակոչեց ի պատիվ Վահանի։ Վահանը վերածնվեց Վահեի տեսքով։ Նույն Թալիշում  2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին էր մասնակցում ավագ որդին՝ Գեորգին։ Ընտանիքում անհանգիստ էին բոլորը։ Իսկ  Վահեն այդ օրերին ժամ առ ժամ էր մեծանում, այդ օրերի ընթացքում Վահեն ապրեց իր կյանքի ամենաբուռն հույզերն ու զգացումները, որոնք երևի նույն ուժգնությամբ մեկ էլ հետո՝ պատերազմի դաշտում էր վերապրել։

Երբ եղբայրը զորացրվեց ու վերադարձավ, Վահեն եղբորից զինվորական համազգեստը խնդրեց ու սրբության պես էր պահում։ Զորակոչվելուց երկու ամիս առաջ այդ համազգեստը հագին՝ ընտանիքի անդամներից գաղտնի նկարահանվել էր Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող կենսագրական մի ֆիլմում։ Աբաջյանի կերպարով Վահեն շատ էր ոգեշնչվում։

Թեպետ Վահեն տան կրտսերն էր, բայց նա, ասես, երբեք երեխա եղած չլիներ, Նաիրան հիշում է, որ անգամ վաղ մանկության տարիներին Վահեն խիստ տարբերվում էր իր հասակակիցներից՝ հասուն էր, ընկալունակ, զգացմունքային, աշխարհն ուրիշ մի կետից էր տեսնում ու բոլորովին ուրիշ կերպ էր ընկալում մարդկային կյանքը։

Վահեն Աբել Աբելյանի դերասանի դպրոցն էր ավարտել, որոշել էր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալ: Պատանեկան տարիքում հասցրել էր մի շարք ֆիլմերում նկարահանվել, խաղալ բազմաթիվ ներկայացումներում, և պատահական էր, թե նախախնամություն՝ Վահեն հաճախ զինվորի կերպար էր մարմնավորում։

Երբեք շքեղ ու երկարաշունչ տեքստեր, մենախոսություններ չէիր լսի Վահեից, բայց Հայրենիքը պաշտպանելու, սիրելու մասին Վահեի մարմնավորած կերպարների շուրթերից հնչած յուրաքանչյուր բառ հենց Վահեի համոզմունքն էր՝ համոզիչ և իրական։ Երևի հենց այստեղ էր շահում դերասանը և ինքնաբացահայտվում հայրենիքի զինվորը։

-Վահեն զինվորական ծառայության էլ մեկնել էր լավատեսությամբ, կյանքն այս անգամ էլ իբրև զինվոր ապրելու հետաքրքրասիրությամբ ու զգացել, ճաշակել էր Հայրենիքն իբրև զինվոր սիրելու այդ անբացատրելի ապրումը, և երբ պատերազմի առաջին օրերին հորդորում էի հոգ տանել իր մասին, Վահես սրտնեղում էր՝ բա տղերքը, բա հողը,- հիշում է մերօրյա հերոսի մայրը՝ Նաիրա Մուրադյանը:

Վահեն Ջրականում տեղակայված զորամասում էր ծառայել, հետո տեղափոխվել էր Հադրութ, հետո Մարտունի: Հոկտեմբերի 30-ին Սոս գյուղի մոտակայքում հակառակորդի անօդաչու թռչող սարքը կարողացել էր հայտնաբերել անձնակազմը տեղափոխող մեքենան…

-Ինքը տեղով նուրբ ու քնքուշ հոգի՝ ուզածդ պահին հենարան ու խարիսխ կարող էր դառնալ ցանկացած մեկի համար, ուժ ու տոկունություն ներշնչել։ Նա դա երևի իր պաշտելի ծառերից էր «սովորել»։ Վահեն սիրում էր ծառերը։ Հիմա էլ ես եմ  որդուցս սովորում… Վահեն համակ ուժ էր՝ իր խորը արմատներով ու վերընձյուղվելու, կատարյալին հասնելու մշտական մղումով,- ասում է մայրը:

Հայրական տան բակում Վահեի ծիրանենիները մեկը մյուսի հետևից սկսեցին չորանալ. հո՞ղն էր անջրդի, թե՞ Վահեի սերն էր կում-կում պակասել… Վահեն էլ չկա, հիմա ծառերի մեծ մասն էլ չկան, Վահեն ու ծառերը Նաիրայի հիշողություններում են, ու այդ հիշողությունները նորից ապրելու կարոտն է երբեմն բակ կանչում, որովհետև Վահեն ինքն էլ հաճախ կրկնում էր՝ այն, ինչը հիշվում է, երբեք չի կարող անցյալ համարվել, ու երևի թե ամենազորավորը, որ տոկալու ուժ է տալիս, հիշողության արթնությունն է՝ թե տղաներն ընկան հանուն հայրենյաց…

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Ճակատագրեր


12/01/2023