Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ



ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՄեքենայի պատուհանից այն կողմ բնապատկերները փոխարինում են մեկը մյուսին` կրճատելով մեր ճանապարհն ու րոպե առաջ մոտեցնելով կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը զինվորների հետ։ Մաեստրոն երբեք չի հրաժարվում զինվորականների հետ հանդիպման հնարավորությունից:

-Իրենց ձեռքին զենքն է, իմ ձեռքին՝ հայոց լեզուն, հայ երաժշտությունը,- առաջիկա հանդիպման հետ կապված իր մտորումներով և հույզերով կիսվում է մաեստրոն:-Սրանք մեկ միասնական ընտանիք են։ Միշտ մեկը մյուսին են ծառայել: Զենքը մեր հողն ու մշակույթը պաշտպանելու համար է: Ես գնում եմ մեր պահապանների մոտ: Ընտանիքն ընդհանրապես երկու հիմքի վրա է հենվում՝ մոր և հոր: Կինը մեր օջախն է, տան ներսը, իսկ տղամարդը՝ դուրսը՝ տան պաշտպանը, որ սահմանին է: Մեր զինվորները հենց այդ պահապանները, պաշտպաններն են: Նման խումբ, նման հանրույթ՝ իրենց լրջությամբ, կազմակերպվածությամբ, գիտակցականությամբ, մի ուրիշ տեղ չես հանդիպի: Ես շատ եմ հարգում այդ տեսակը: Իմ մեջ այսօր տոնական տրամադրություն է, գնում եմ իմ բալիկներին, նրանց վերադաս հրամանատարներին հանդիպելու:-«Իմ բալիկները». այսպես է սովորաբար արտահայտվում զինվորների մասին մաեստրոն։ Իր այն բալիկները, որ այս պահին կարևոր գործի են լծված:

Մեր այցելության պահին զորամասում ճաշի ժամն էր։ Մաեստրոն ընտրում է ճաշատեսակներն ու միանում զինվորներին։ Անմիջապես էլ մտերմիկ զրույցի է բռնվում նրանց հետ ու համտեսում զինվորի համար պատրաստվող կերակրատեսակները։ Հերթով ծանոթանում է տղաների հետ, փորձում հիշել անունները:

Հայկական բանակի զինվորների հետ հացը կիսող մաեստրոն վերհիշում է անցած-գնացած օրերն ու Վազգեն Սարգսյանի հետ զորամասեր կատարած շրջագայությունը, վերջում էլ իր տպավորություններն է շարադրում ճաշարանի առաջարկությունների մատյանում:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ«Այնքան մաքուր, այնքան հրաշք վայելք եղավ ինձ համար մեր զինվորների հետ հացի սեղան նստելը, ընկերություն անելը։ Միշտ հիշելու եմ Արսենին, Ավագին, Դավիթին, Հարությունին, Նարեկին, Սարգսին, մյուսներին։ Շնորհակալ եմ այս պահերը նվիրող զինվորական սպայակազմին, խոհարար մատուցողուհիներին, ինձ ընկերակցող լրագրողներին։ Շնորհավոր Նոր տարի։ Բարին բոլորիդ հետ»։

Ճաշի ավարտին, սակայն, ճաշարանի աշխատողներն ու զինվորները բաց չեն թողնում սիրված կոմպոզիտորին, բոլորը շրջապատում, ցանկանում են լուսանկարվել և հավերժացնել հիշարժան այս պահը։

Հետո, զինվորների հետ թևանցուկ, Տիգրան Մանսուրյանը եղավ նաև զորամասի ակումբում, որտեղ հանդիպեց զորամասի զինվոր երաժիշտներին։

-Բարև, ջանի՛կս, բարև, ապե՛ր, բարև, բալի՛կս,- ամենաբարի պապիկ մեծ կոմպոզիտորը հերթով սեղմում է բոլոր զինվորների ձեռքերը՝ հարցնելով բոլորի անունները, փորձելով յուրաքանչյուրի մասին ավելի շատ բան իմանալ՝ կարծես ուզելով տպավորել ու պահել յուրաքանչյուրին իր հիշողության մեջ՝ որպես իր հարազատ թոռնիկների։

-Ամբողջ Հայաստանի զորամասերով շրջել ենք,- պատմում է տղաներին,- զինվորական նվագախմբերի գործիքների խնդիրը, հատկապես պատերազմից հետո՝ սկզբնական շրջանում, շատ լուրջ էր. ամեն ինչ զրոյից էր գոյանում՝ բանակը, զենքը, այդ թվում և երաժշտական գործիքները։ Ո՜նց էինք ուրախանում ամեն մի հաջողությանը, ամեն մի ձեռքբերմանը։ Հիմնականում երեք հոգով էինք շրջում զորամասեր՝ Վազգեն Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանը և ես։

Ակումբում տղաները շրջապատում, ամեն մեկն իր հարցն է ուղղում կենդանի լեգենդին:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-Կուզեի՝ Ձեր խոսքը, խորհուրդը ասեիք մեր սերնդին,- մաեստրոյին է դիմում զինվորներից մեկը։

-Ես իմ թոռների օրինակով գիտեմ։ Երբ նոր գործիքներ են հայտնվում մեր իրականության մեջ՝ հաշվիչ մեքենաները, համացանցը, որոնցից ես բնավ գլուխ չեմ հանում, հինգ տարեկան թոռնիկիս ձեռքն եմ տալիս, եթե մի բան չեմ հասկանում, ու մի փոքր «բզբզալուց» հետո ուրախացած ասում է. «Հա՜, գտա՜»։ Ես հիմա հասկանում եմ, որ բաներ կան, որ ձեզ համար են գոյացել, ձեր միտքն ու այդ գործիքները իրար հարմարեցված են։ Այնպես որ, ձեզանից շատ բան է կախված։ Ես հիմա միշտ իմ երիտասարդ ընկերներից եմ խորհուրդ հարցնում, երբ հարցեր, խնդիրներ եմ ունենում։ Ի՜նչ բարդ իրադրության մեջ ենք մենք հիմա՝ մարդկությունը առհասարակ նկատի ունեմ։ Եվ ձեր միտքը, ձեր մտակառուցվածքը այսպիսի խնդիրների լուծմանն է հարմարեցված։ Այնպես որ, դուք եք մեր առաջամարտիկները, մենք ձեր հետևորդն ենք, ոչ թե դուք եք մեր հետևորդը՝ թե՛ տարիքի, եռանդի իմաստով, թե՛ մտածելակերպի։

Այնուհետև երաժիշտ զինվորները վերցնում են երաժշտական գործիքներն ու նվագում, երգում. մաեստրոյին են ներկայացնում իրենց մասնագիտական ու երաժշտական ունակությունները։

Տղաների կատարումից տպավորված՝ մաեստրոն վերցնում է հեռախոսն ու հենց տղաների ներկայությամբ հեռաձայնում նրանց մայրերին, ներկայացնում իր տպավորությունները։

-Ծովինա՛ր ջան, բարև, բալի՛կս, լսեցի ձեր տղայի կատարումը։

-Պարո՛ն Մանսուրյան, ես երջանիկ եմ, որ զանգեցիք ինձ, որ լսում եմ Ձեր ձայնը- լսվում է հեռախոսի մյուս կողմից:- Ես Ձեր մեղեդիների տակ եմ մեծացել։

-Ես էլ եմ շատ ուրախ, որ լսեցի ձեր տղայի նվագը։ Ի՜նչ տաղանդավոր տղա ունեք։ Ոչ միայն լավ զինվոր է, այլև լավ երաժիշտ, լավ հոգով տղա։ Ես ծնունդով Շիրակից եմ, գիտեք երևի։ Ես Գյումրիում ինձ միշտ հարազատ եմ զգում, մի՛շտ։ Լավագույնն եմ մաղթում ձեզ։ Նոր տարին թող լավը լինի ձեզ համար՝ ընտանիքով, հարևաններով, բոլորով։

Զանգում է մյուս զինվորի մայրիկին։

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-Տիկի՛ն Լարիսա, բարև ձեզ։ Ես հիմա հանդիպման եմ զինվորների հետ. լսեցի ձեր որդու՝ Վահրամի երգը։ Շատ լավ երգեց, ուզեցի ոչ միայն իրեն, այլև ձեզ ասել, որ լավ, տաղանդավոր տղա ունեք։ Շա՛տ ապրեք, լավ լինեք, առողջ լինեք, ուրախ Նոր տարի։ Տնեցիներին՝ ջերմ-ջերմ բարևներ։

Քիչ անց նշանավոր կոմպոզիտորն ինքն էլ է կատարում իր ստեղծագործություններից մեկն ու ակումբին նվիրում իր լազերային ձայնասկավառակը։

Հետո կրկին և կրկին բոլորը մոտենում, ցանկանում են հավերժացնել պահը։ Մաեստրոն սիրով լուսանկարվում է իրեն արդեն հարազատ դարձած մարդկանց հետ։

Զինվորների ուղեկցությամբ եղանք նաև զորանոցում, որը տղաների ուժերով ձևավորվել էր Ամանորին ընդառաջ։ Տիգրան Մանսուրյանի համար այս ամենը նոր է և անչափ հետաքրքիր։ Ամեն հարց ծնում է հաջորդը։ Զինվորներն էլ հպարտությամբ ներկայացնում են իրենց նիստուկացը, Նոր տարուն ընդառաջ զարդարված զորանոցը, գեղեցիկ տոնածառը։

-Շատ գեղեցիկ է ստացվել։ Գիտե՞ք, տղե՛րք, եթե այսքանը կա, ուրեմն հաստատ այստեղ միաբանություն կա, իրար հանդեպ մարդկային ջերմություն կա։ Այս ամենը, ինչ արել եք, դրա վկայությունն է։

Տղաները պատմում են իրենց առօրյայից, պարապմունքներից, պարտականություններից, ինչպես նաև տոնական օրերի մեծ ու փոքր ուրախություններից, որ ծրագրել են։ Իսկ ինքը՝ մաեստրոն, ուրախանում է սրտանց ու ջերմորեն և իր լուսավոր ու անմիջական տեսակով, ինչպես իր մեղեդիներն են, իր շուրջն է հավաքում զինվոր տղաներին և նրանց հետ անկաշկանդ, մտերմիկ զրույցի է բռնվում ամենուր։

Այդ օրը մաեստրոն հանդիպեց նաև մարտական հերթափոխի մեկնող զինվորներին։ Նրանց, ովքեր Ամանորի գիշերը դիմավորելու են սահմանագոտում, զենքը ձեռքին՝ պաշտպանելու են մեր անդորրն ու խաղաղությունը։

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-Ես ձեզ Նոր տարվա առթիվ մաղթում եմ նախ և առաջ խաղաղ ծառայություն, անփորձանք տոնական օրեր, սիրելի՛ տղաներ։ Ձեր բոլորի տնեցիներին լավագույնն եմ մաղթում՝ մեծով, փոքրով, բոլորին առողջություն։ Աշխարհը այս օրերին տոնական տրամադրության մեջ է. ցանկանում եմ, որ ձեզ էլ բաժին հասնի այդ տոնական տրամադրությունից։

Այսօր առավել քան մեծ է մեր բանակի դերը մեր երկրի և ժողովրդի կյանքում և այս օրով, հսկայական խառնակությունների ու լարվածությունների իրադրության մեջ, բանակի զգոն, ներքին պիրկ ու զորավոր ոգին որոշիչ դեր ունի մեր կյանքում, և աշխարհականներիս՝ զինվորների ետևում կանգնածներիս համար և՛ պատիվ է, և՛ հանձնառություն հետևել բանակին, նվիրվել բանակին հնարավոր բոլոր միջոցներով։

Տղանե՛ր ջան, տպավորություն ունեմ, որ եթե վաղը՝ ծառայությունից հետո, մի տեղ մի լավ առիթով հանդիպենք, մենք այս օրը անպայման կհիշենք ու սիրով կհիշենք։ Ես այս օրը կհիշեմ մշտապես։ Այսքան տեղյակ չէի զինվորական առօրյա կենցաղին. մինչև դիրքեր հերթապահության մեկնելու այս պահը ես իրենց հետ ապրեցի, և սա ինձ հետ կմնա ընդմիշտ։ Ես իրոք հարստացա այս ամենով։ Տղաներին, որոնք սահմանին են կանգնած լինելու այս օրերին, ես մաղթում եմ ոգու ամրություն, զգոնություն և միաժամանակ այն համբերությունը, որը զինվորին ոչ միայն կռվի կոչողն է, այլ նաև իմաստուն դարձնողը։ Թող առողջ լինեն տղաները և սահմանն ամուր պահեն, որպեսզի մենք բնականոն ապրենք, անկախ նրանից՝ ինչքան կլինեն մեր կյանքի ճիշտն ու սխալը: Բոլորի համար էլ տեղ կա, բայց շնորհիվ այդ սահմանը պահող տղաների։

Արևը մայր էր մտնում, երբ սկսեցինք հրաժեշտ տալ արդեն հարազատ դարձած տղաներին։ Մաեստրոն անուններով հիշում է զինվորներին, վստահեցնում.

-Բարով-խերով երբ ավարտեք ձեր ծառայությունը, ես էլ առողջ լինեմ, ոտքի վրա լինեմ, ես էլի ձեզ պապիկություն կանեմ։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ և ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/12/2022