Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ Է, ՄԵ՛ՐՍ…»



«ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ Է, ՄԵ՛ՐՍ...»44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Հադրութում, Վարանդայում թշնամու դեմ մարտնչած Հարություն Ֆահրադյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ Նախնական կրթությունն ստացել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա՝ 2015 թվականին ընդունվել է Թալինի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժին։

…2019 թ. հունվարի 17-ին էր զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Ջրականում։ Ծառայակից ընկերների խոսքերով՝ նա առաջին օրվանից այնպիսի զինվոր է եղել, ասես՝ նոր չի սկսում ծառայությունը։ «Հենց ծանրոց էր ստանում, բոլորին բաժանում էր, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի կարիք ուներ, օգնում էր։ Դիրքում էլ օգնում էր բոլորին, հասնող տղա էր, չէր մտածում մի ժամ ավելի քնելու, հանգստանալու մասին»,- պատմում են ընկերները։

Քչերին է հաջողվում միշտ լինել լավագույնների շարքում: Հարութը հենց այդպիսին էր։ Դրա մասին էին փաստում կրակայինների ժամանակ լավ արդյունքների ցուցաբերումը, առաջնագծում չափազանց զգոնությունը, պատասխանատվության զգացումը, նվիրումով ու եռանդով ծառայելը։

Ընկերները հիշում են՝ Հարութը սիրում էր դիրքում պատերին գրել՝ «Թալին, Հարութ ու զորակոչի ամսաթիվը»։ Ծիծաղելով պատմում են, թե ինչպես մի անգամ վաշտի հրամանատարը, դիտակետում տեսնելով գրվածը, կատակել էր, թե. «Հարո՛ւթ, ընենց ես գրել Թալին, ոնց որ՝ ոչ մեկը չպիտի հասկանար, որ դու Թալինից ես»։

Ծառայակից ընկերների խոսքով՝ շատ էր սիրում երգել. «Գիտեինք, որ լավ ձայն ունի, ասում էինք՝ Հարո՛ւթ, երգի՛, չէր երգում: Միայն դիրքերում էր երգում…»։

Ծառայության օրերը անցնում էին՝ մեկը մյուսին հաջորդելով, ամեն օրը լի էր սպասումով ու հավատով։ Երբ զինվորդ այնտեղ է՝ սահմանին, քեզ ուժ տվողը այն օրվա մասին երազանքն է, երբ նա կգա։ Զանգելիս մորը՝ Լուսինեին, միշտ ասում էր՝ «Մա՛մ, բայց ասա, որ ծառայությունս թեթև անցավ։ Բան չմնաց, մե՛րս»։ Շատ էր սիրում Արցախի բարբառը, զանգելիս միշտ ասում էր, որ հենց բանակից գա, իրենց սովորեցնելու է արցախցու բարբառով խոսել։

…Հարությունը գնդացրորդ էր և պատերազմի առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ից, քաջաբար կռվել է թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Հարությունի հրամանատար Ռաֆայել Սարգսյանի խոսքով՝ շատ լավ է տիրապետել իր զենքին, կարողացել է դիպուկ և արդյունավետ կրակել, մարտի դաշտում հայտնաբերել և ոչնչացնել հակառակորդի խմբերը։ Միշտ ժպիտը դեմքին, առանց որևէ երկյուղածության, անվերապահորեն կատարել է բոլոր հրամանները։ Մարտական ընկերները նույնպես հաստատում են՝ շատ պահեր են եղել, երբ Հարությունի միջամտությունը կարևոր ու վճռորոշ է եղել կռվի ընթացքում։

«Հարութը հայրենասեր էր, սկզբունքային, հավատով, բոլորիս ինքն էր ոգի տալիս: Շատ պահեր են եղել, որ հույսս կորցրել եմ, մտածել եմ՝ վերջն է, բայց ինքը ինձ ուժ է տվել, ասելով՝ հավատով եղիր ու հավատա քո ուժին։ Կենսուրախ մարդ էր, որքան էլ տխուր լինեիր, ինքը ժպտում էր, ու քո տրամադրությունն էլ էր փոխվում»,- պատմում է  ծառայակից ու մարտական ընկերը՝ Արմանը:

«Երբ պատերազմի օրերին, զանգերից մեկի ժամանակ, նրան  հարցրի՝ տղե՛ս, չե՞ս վախենում, առաջին գիծ, արյունն աչքերն առած ոսոխ…, պատասխանեց. «Չէ՛, մե՛րս, ի՞նչ կա վախենալու, Աստված ինձ հետ ա, հանգիստ եղեք, մենք ստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք»։ Տվածուրիկ, մեծ ու զորեղ էր որդուս առ Աստված ունեցած հավատը»,- հիշում է մերօրյա հերոսի մայրը:

Պատերազմի ընթացքում Հարութն ու իր մարտական ընկերները շատ դժվարությունների միջով են անցել. 40 հոգուց էլ քիչ անձնակազմով կռիվ են տվել տանկերի դեմ, ոչնչացրել, ծանր սպառազինությամբ 8-10 կմ քայլել են, ծարավը հագեցնելու համար ստիպված են եղել խմել գետի ճահճոտ, կեղտոտ ջուրը, ու չնայած այս ամենին, եղել են կազմակերպված: Հերթափոխով են կռվել, ամեն մեկն իր խնդիրը հրաշալի իմացել է, թե ե՞րբ, ո՞վ, ո՞ւր պիտի գնա։ Հարութը կռվի ժամանակ երբեք չի բողոքել, իր ծանր զենքը միշտ միայնակ է տարել, անհրաժեշտության դեպքում, առանց վարանելու, օգնել է ընկերներին։ Մարտերում Հարութի ու մարտական ընկերների՝ մինչև վերջ կռվելու հաստատակամությունն ու վճռականությունը մեկ վայրկյան անգամ չի սասանվել։

…Հարութի վերջին մարտերը Վարանդայում էին։ Մարտական ընկերների համար դժվար է բառերով ներկայացնել այն արհավիրքը, ինչի միջով անցել են։ Նրանք տեսել են Հարութի քաջությունը… Հոկտեմբերի 21-ին՝ թեժ կռվի ժամանակ, տեսնելով, որ մարտական ընկերը՝ Գոռը, վիրավոր է ու օգնության կարիք ունի, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, առանց վարանելու, թշնամու ուղիղ կրակի տակ նետվել է ընկերոջը օգնության՝ ասելով. «Գոռին պիտի հանենք, առանց Գոռի էս հատվածից դուրս չեմ գա»։ Չնայած առաջին կրակոցից  վիրավորվել է, սակայն, չի ենթարկվել սպա Նաիրի Նաջարյանի՝ վերադառնալու կամ տեղում մնալու հորդորներին պատասխանելով, որ ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է, պիտի շտապի ընկերոջը օգնության։ Ավա՜ղ, նրան ուղղված երկրորդ կրակոցը եղել է ճակատագրական… Ընկավ Հարութը հանուն ընկերոջ կյանքի, հանուն մեզ՝ բոլորիս, հանուն Հայրենիքի փրկության վեհ գաղափարի։ Իր կատարած անձնվեր քայլը լավագույնս արտացոլում է մեծ սերը նաև զինակից ու մարտական ընկերների նկատմամբ։ Դա եղավ Հարութի մղած քաջ կռվի ավարտն ու հավերժական կյանքի սկիզբը… Միայն արին, քաջը, միայն Հերոսը կարող է զոհաբերել իրեն հանուն ընկերոջ։ Զինակից ընկերները հպարտությամբ են հիշում, որ Հարութի նման անձնվեր ընկերոջ հետ են կռվել։

«Աստված բոլորիս հետ է, մե՛րս». այս բառերն էին Հարութի վերջին խոսքերն ուղղված պաշտելի մայրիկին։

***

«ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ Է, ՄԵ՛ՐՍ...»Չարաբաստիկ պատերազմն ընդհատեց Հարությունի կյանքը՝ կիսատ թողնելով նրա բոլոր նպատակներն ու երազանքները։ Նպատակասլաց էր, ուզում էր ուսումը շարունակել ու ծրագրավորում սովորել համալսարանում: Շատ էր սիրում ֆուտբոլ: Թալինի ֆուտբոլային ակումբի անդամ էր, մասնակցում էր բոլոր մրցումներին։ Մայրը՝ Լուսինեն, ասում է. «Ուզում էր լավ ֆուտբոլիստ դառնալ, չէր խաղում ուղղակի խաղալու համար։ Շատ էր ոգևորվում տարած հաղթանակներից ու ա՛յ էդպես էլ պատերազմում է եղել։ Դեռ դպրոցական տարիներից սիրում էր աշխատել, ամառային արձակուրդներին ընկերներով գնում էին ծիրան հավաքելու…։

Ամեն ինչ, ինչ-որ անում էր, հոգով-սրտով էր: Նույն կերպ նվիրվել էր նաև Հայրենիքի պաշտպանության գործին»,- պատմում է հերոս գնդացրորդի մայրը ու դարակից զգուշորեն հանում որդու փոքր տարիքի լուսանկարների ալբոմը, արցունքախառն կարոտն աչքերում թերթելով էջերը, գտնում է այն լուսանկարը, որտեղ որդին զարմացած հայացքով հետևում է ծովի ալիքների խաղին…

***

Պատերազմի օրերին՝ համընդհանուր տագնապի մեջ, ընտանիքին ուժ տվողը Հարութի զանգն էր, միշտ նույն հուսադրող խոսքերն էին… Հոկտեմբերի 21-ից սկսած՝ զանգերը լռեցին. օրեր, ամիսներ շարունակ հույսը չէր մարում, բոլորը հավատով սպասում էին, որ նորից կտեսնեն ամենաջերմ ու սիրտ տաքացնող ժպիտը։ Կռվի ամբողջ ընթացքում Հարությունը հարազատներին չէր ասել, թե որտեղ է։ Իսկ երբ օրերով չէր զանգում, պատճառաբանում էր, թե՝ կապ չկա, ոչ մի ավելորդ բանի մասին չէր խոսում։ Ընտանիքի անդամները չգիտեին՝ որտե՞ղ կարող էին փնտրել որդուն։ Ավա՜ղ, պատերազմից չորս ամիս անց միայն Հարությունին ու իր յոթ մարտական ընկերներին կարողացան գտնել։ 2021 թ. փետրվարի 10-ին Հայրենիքի նվիրյալը հուղարկավորվեց Թալինի պանթեոնում:

«Չգիտեմ, դժվար է շատ, ամենադժվարը այդքան սպասումից հետո իրեն չտեսնելն է, բայց ինքը ներկա է միշտ, ինձ հետ է,- ասում է Հարությունի մայրը։- Հաճախ եմ դժվար պահերին հանկարծ հանգստություն զգում, ու ամեն ինչ հարթ ընթանում է. Հարութն է, որ օգնում է մեզ վերից: Հարութի հոգեւոր ուժով եւ Աստծո մխիթարությամբ էլ ապրում ենք»։

Հարություն Ֆահրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով:

ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Ճակատագրեր


23/12/2022