Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԹԱՂԵՐ



ՄԵԾ ԹԱՂԵՐՀադրութի շրջանի ամենամեծ գյուղն է Մեծ Թաղերը։ Գյուղը հնում կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կաժեցու անունով)։ XVIII դարում Մեծ Թաղերը եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքության կազմում։ Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։ Տեղաբնակները՝ արմատական բնակիչները, ապրում էին գյուղի արևելյան ձորագլխին, Դիզափայտի լեռնային Հարոս և Թաղլար բնակավայրերից այստեղ տեղափոխվածները՝ արևմտյան ձորալանջին, իսկ Խաչենի Տիգրանակերտից փոքր-ինչ հեռու, Ակնայից գաղթածները բնակություն էին հաստատել կենտրոնական մասում։ Խորհրդային տարիներին գյուղը կոչում էին Թաղլար, բայց ոչ թե թուրքական վերջավորություններին համահունչ, այլ տեղացիները բացատրում էին, որ իրականում լար-ը ոչ թե թուրքական հոգնակին է՝ ներ-ը, այլ հայերեն լար բառն է։ Գյուղը կազմավորվել է աղբյուրների շուրջ ձևավորված թաղերից, որոնք իրար կապվել են կամուրջներով՝ կարծես դառնալով մի լարի վրա շարված թաղեր՝ Թաղալար-Թաղլար-Թաղեր։
Պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվելը նպաստել է, որ Մեծ Թաղեր գյուղում զարգանա արհեստագործությունը, դարբնությունն ու բրուտագործությունը, գորգագործությունը, համետագործությունը (թամբի պատրաստում, փալանչիություն)։ Մինչև XIX դարը գյուղում զարգացած էր մետաքսաթելի արտադրությունը։
Մեծ Թաղեր գյուղում 1975 թվականին հիմնադրվել է (ծնունդով Մեծ Թաղեր գյուղից) ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) տուն-թանգարանը։ Բակում տեղադրվել է հերոս հայորդու բրոնզե կիսանդրին, որի բացմանը 1980 թ. ներկա են եղել նաև նրա ընտանիքի անդամները։ Թանգարանի ձևավորման աշխատանքներին մասնակցել են նկարիչ ՄԵԾ ԹԱՂԵՐՍուրեն Պետրոսյանն ու ազգագրագետ Շահեն Մկրտչյանը։ Կիսանդրու հեղինակը հայտնի քանդակագործ Ալբերտ Հարությունյանն էր։ Կիսանդրուց ոչ շատ հեռու այն ՄիԳ-17 կործանիչն էր, որով հայազգի մարշալը կատարել էր իր խիզախ թռիչքները։ Կործանիչը գյուղ էր բերվել 1980 թվականին Գրոզնի քաղաքից։ Այս ռազմական ինքնաթիռի գնդացիրներն օգտագործվել են արցախյան պատերազմի տարիներին, իսկ ավելի վաղ այն մասնակցել էր նաև Վիետնամական պատերազմին։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կայքերից մեկում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են ավերել Արմենակ Խանփերյանցի կիսանդրին ու ջարդուփշուր արել ՄիԳ-17 կործանիչը։
Վերջին տարիներին գյուղի տներից մեկն իր շրջակայքի այլ շինություններով վեր էր ածվել էթնոհամալիրի՝ գործող դարբնոցով, օղու թորման արտադրամասով, թոնիրով, թեյարանով, չրերի արտադրամասով և հյուրատնով՝ պահպանելով գյուղի հին անունը՝ Կաժ, որ նշանակում է մանած թելի կծիկ։ Այս յուրօրինակ համալիրը կառուցվել էր ոչ թե շահ հետապնդելու ակնկալիքով, այլ այն ավելի շատ ավանդություններն ու սովորույթները պահպանելու նպատակ ուներ։
Մեծ Թաղեր գյուղից են հայտնի դերասան Վաղարշ Վաղարշյանը, գրող, հրապարակախոս Արտաշես Ղահրիյանը։ Այս գյուղում է ապրել և ապա հուղարկավորվել Սարգիս Արքայորդին՝ Արշակունյաց հարստության վերջին շառավիղներից մեկը՝ Փայտյանների տոհմից։ Մեծ Թաղեր գյուղից էր Ռուս-պարսկական պատերազմին մասնակցած նշանավոր իշխան Սարգիս Փայտյանը։

ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

ՄԵԾ ԹԱՂԵՐՄեծ Թաղեր գյուղը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային կոթողներով ու հուշարձաններով (Շմանեք քարանձավը, Շմաջրի բերդը, Լուսավորչի սրբավայրը և այլն), որոնցից ամենանշանավորը, թերևս, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որ գտնվում է գյուղի կենտրոնում։ Այն միանավ բազիլիկ եկեղեցի է՝ կառուցված 1846 թվականին։ Եկեղեցին հիմնականում կառուցված է կոպտատաշ քարերով, իսկ շքամուտքը, պատուհանները, թաղակիր կամարները շարված են սրբատաշ քարով։ Միակ մուտքը հյուսիսային կողմից է, ինչը պայմանավորված է եկեղեցու դիրքով և շրջապատի տների՝ եկեղեցուն շատ մոտ լինելով։ Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմաթիվ խաչքարեր, տարբեր քանդակազարդ բեկորներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ եկեղեցու կառուցման ժամանակ օգտագործվել են մեկ այլ՝ ավելի հին շինության քարեր, կամ էլ վերակառուցվել է հնուց գոյություն ունեցող եկեղեցին։ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կայքերում տարածված տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու մուտքի դռները, ջարդուփշուր են արել պատուհանները, փորձել են քերել, վնասել մուտքի բարավորի արձանագրությունը։ Պղծել են հյուսիսային պատին կից գտնվող տապանաքարերը։ Պատառոտել են սրբապատկերները։ Եկեղեցու խորանին և պատերին կարմիր գույնով գրել են նրանց անունները, որոնք առաջինն են մտել գյուղ։ Ադրբեջանցի հրոսակները պղծել են նաև Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը։

ՄԱՐԽԱԹՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՄԵԾ ԹԱՂԵՐՄեծ Թաղեր գյուղից 1,5-2 կմ հյուսիս-արևելք՝ Լուսավորչի և Մարխաթուն սարերի միջակա փեշերին փռված մի անտառապատ բացատում է գտնվում այս գեղեցիկ եկեղեցին։ Կառուցման մասին պատմական վկայություններ չեն պահպանվել։ Մարխաթուն անունը ստուգաբանվում է որպես մայր Խաթուն, այսինքն՝ մայր տիրուհի, տեղացիների շրջանում Աստվածամորը տրվող պատվանուններից մեկը։ Ըստ վիմագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է ՝ «թվ. ՌԾԲ» (1603 թ.)։

ՀԱԼԻՎՈՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ

ՄԵԾ ԹԱՂԵՐՄեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Իշխանագետի վրա է գտնվում Հալիվորի կամուրջը։ Կառուցման ստույգ թվականն անհայտ է։ Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված 7 տողանի արձանագրության՝ այն կառուցվել է 1835 թ.։ Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է։ Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի։ Իրականում, այդ գոտին Մեծ Թաղեր գյուղը կապում է Տումի գյուղին։ Միակամար, կիսագլանաձև թաղով կամուրջը իրար է կապել ժայռոտ ձորափերը։ Այն կառուցված է կրաշաղախով, որձաքարի մանր ու խոշոր անտաշ բեկորներով։ «Յիշատակ է /կամուրջըս Յարու/թիւն որդի Գեվ/որքի, շինեցի իմ/ծնօղաց օվ անցնի/ա/աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ/ 1835 թ./»։

ՄԱԿՈՒՆ ԿԱՄՈՒՐՋԸ

Ըստ կամրջի հոսքընթաց սրբատաշ քարաբեկորներին փորագրված քառատող արձանագրության՝ կառուցվել է 1890 թվականին։ «Յիշատակն/ է Ղազար Յ/արութ(իւ)ն Բէ/ջանե(ա)նց, 1890»։
Արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները քանդել են Մակուն կամուրջը։
2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի բռնագրաված տարածքներում իրականացնում է ճանապարհաշինարարական մեծ ծավալի աշխատանքներ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների ու ենթակառուցվածքների ստեղծումն է։ Այս ճանապարհաշինարարական նախագծերը մեծ վտանգ են պարունակում Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների և պատմամշակութային կոթողների համար, քանի որ ադրբեջանական կողմը կատարում է ահռելի հողային և մասնավորապես՝ շրջակա լանդշաֆտի, ռելիեֆի փոփոխմանը միտված աշխատանքներ։ Հատվում են մեծ թվով ծառեր, կատարվում են հարթեցման, լայնացման մեծածավալ աշխատանքներ, պայթեցումներ, քանդվում են ճանապարհին խոչընդոտող բոլոր շինությունները, կառույցները, կամ էլ վտանգ է ստեղծվում դրանց համար։ Մեզ հիմնականում մտահոգում են պատմական հուշարձանները՝ եկեղեցիներ, սրբավայրեր, ՄԵԾ ԹԱՂԵՐտապանատեղիներ, կամուրջներ, խաչքարեր, որոնց շուրջ կամ մոտ ադրբեջանական կողմը կատարում է այդ ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այդ կերպ վտանգվում է շատ հուշարձանների ճակատագիրը, որոնք մեր պատմության լուռ վկաներն են, մեր գոյության փաստն արձանագրող վկայությունները։ Ոչնչացվել կամ հարթեցվել են Մեծ Թաղեր գյուղի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող գերեզմանատունը, Մակուն և Տահիսի կամուրջները։ Ամբողջովին պղծել են Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, «Հաղթողաց հրապարակը»։
Ըստ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը. «Մշակութային արժեքը, անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգություն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թ. առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Հոգևոր-մշակութային


23/12/2022