Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ



Պայմանագրային զորամասի հրամանատար գնդապետ, Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները մարտական հերթապահություն են կատարում լեռների վրա գտնվող հենակետերում։ -Զորամասի կորիզը մարտական փառապանծ ուղի անցած տղաներն են, որոնք թրծվել են կատաղի մարտերում եւ տիրապետում են տարբեր զինատեսակների։ Տարիների հետ զորամասում բնականոն սերնդափոխություն է եղել՝ վաստակած հանգստի անցնողներին ժամկետային զինծառայությունից հետո փոխարինելու են եկել երիտասարդները։ Սկզբնական շրջանում նրանք հատուկ ծրագրով մարտական պատրաստության դասընթացների են մասնակցում, ծանոթանում տեղանքին, հատկապես սահմանային գծի առանձնահատկություններին, մարտական խնդիրներին։ Գովեստի արժանի տղաներ են՝ հայրենասեր, դժվարություններից չերկնչող, իսկական մարտիկներ,- ասաց զորամասի հրամանատարը։
Վաղ առավոտյան զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Յու. Մանուկյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Փոխգնդապետը մարտական ուղի է անցել, Շահումյանի հայաթափումից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Քարվաճառում։ Ծանր ու դժվարին օրեր է տեսել։ Իր հնարավորության սահմաններում օգնել է այստեղ իրենց նոր օջախը հիմնած շահումյանցիներին։ Ճանաչում է համարյա բոլորին։
«Իմ ծննդավայրն էլ է մնացել գերության մեջ, այնտեղ են մնացել մեր նախնիների աճյունները։ Մեր հաղթանակը բուժեց մեր վերքերը, սակայն դեռ շատ տարածքներ կան, որոնք պետք է ազատագրի հայոց բանակը, նրա քաջարի զինվորները։ Եվ տեղի բնակչությունը, փայփայելով այդ հույսը, սիրով ու գուրգուրանքով է վերաբերվում մեր զինծառայողներին»,- ասում է Յուրի Մանուկյանը։
Հենակետ բարձրացող ճանապարհը Թարթառի հովտում անցնում է բնակավայրերի միջով, որոնք հիմնականում գերության մեջ գտնվող Շահումյանի գյուղերի անուններն ունեն։ Դրանց ավելացել է միայն «Նորը»՝ Նոր Շահումյան, Նոր Ղարաչինար…
Ճանապարհին հանդիպող բնակիչները ժպտում են ու ձեռքով բարեւում հրամանատարին։ Ճանապարհին մեզ է միանում գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Մակարյանը։ ԱՀՏԱ գծով փոխհրամանատարը ներկայացնում է. «Չորս ամիս առաջ է ստանձնել գումարտակի հրամանատարի պարտականությունները։ Իսկական զինվորական է՝ կիրթ, բանիմաց, իր գործին նվիրված»։
Փոխգնդապետ Ա. Մակարյանը ծնվել է 1971թ., Գեղարքունիքի Ծովակ գյուղում։ Նորիկ եւ Սինարետա ծնողների միակ զավակն է։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո սովորել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում։ 1999-ից ծառայության է անցել ազգային բանակում։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Փոխգնդապետ Յու. Մանուկյանի եւ Ա. Մակարյանի հետ այցելեցինք մի քանի հենակետ, շրջեցինք խրամատներով, զրուցեցինք մարտական առաջադրանքներ կատարող զինծառայողների հետ, հանգամանորեն ծանոթացանք վերջին մեկ տարում կատարված ինժեներական աշխատանքներին։
Այստեղ հերթապահություն են կատարում կապիտան Գ. Հայրապետյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինծառայողները։ Կառուցվել են քարաշեն, ամուր ծածկով կացարաններ, որոնք լուսավոր են ու հարմարավետ՝ կենցաղի կազմակերպման ու մարտական խնդրի կատարման տեսանկյունից։ Ակնհայտ է, որ արվում է առավելագույնը՝ հեռավոր մարտական հենակետերում ծառայող զինվորների կենցաղային պայմանները տարեցտարի բարելավելու համար։
Կառուցվել են նաեւ նոր ճանապարհներ, մարտական հենակետեր, խրամատներ, բլինդաժներ, ծածկված խրամաճեղքեր՝ իրոք հսկայածավալ աշխատանք։
-Պինդ տղաներ են, գիտակցում են, թե ինչ կարեւոր նշանակություն ունի իրենց կատարած աշխատանքը, – ասում է փոխգնդապետ Ա. Մակարյանը։
-Անցած տարվա վերջում այս հենակետում եղավ ՀՀ պաշտպանության նախարարը եւ շրջելով ամենուր, ծանոթանալով կատարված աշխատանքներին, իր գոհունակությունը հայտնեց, առանց որեւէ դիտողության՝ տվեց նոր հանձնարարականներ,- ուրախությամբ նշում է փոխգնդապետ Յ. Մանուկյանը։ -Դա մի նոր լիցք ու եռանդ հաղորդեց զինծառայողներին։
…Հերթական մարտական հենակետում վաշտի հրամանատար կապիտան Գ. Հայրապետյանի զեկույցից հետո ծանոթանում ենք պայմանագրային զինծառայողների հետ։ Կապիտան Գեւորգ Հայրապետյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է, մայրաքաղաքային հատուկ գնդի մարտիկներից։ 1992-ից ծառայության է անցել հայոց բանակում։ Կռվել է Լաչինում, Արծվաշենում, Քարվաճառում։ Մարմնում մինչ օրս դեռ արկի բեկորներ կան։ Գործունյա է ու նախաձեռնող, անցել է ծառայական բոլոր աստիճաններով, սովորել է սպայական բարձրագույն դասընթացներում։ Օժտված է հումորի մեծ զգացումով, որը օգնել է նրան հաղթահարելու ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ օրերի դժվարությունները։ Ամուսնացած է։ «Երեք երեխաների հայր եմ եւ նույնքան էլ թոռների պապիկ,- ասաց կապիտանը եւ ծիծաղելով շարունակեց։ -Իմ նախնիները մշեցիներ են եւ մեզ պատգամել են, որ գառը ծնվում է մատաղի, իսկ տղան՝ բանակի համար»։
Հենակետի ավագ, ենթասպա Արթուր Խաչատրյանը հայոց բանակի առաջին զինվորներից է եւ որպես ժամկետային զինծառայող մարտնչել է այս վայրերում։ Ժամկետային ծառայությունից հետո նրան սիրով ընդունել են պայմանագրային զինծառայության։
-Այս վայրերն ինձ հարազատ են, նվիրական։ Շատ հիշողություններ են պահում իրենց մեջ։ Պատերազմի հաղթական ավարտը բոլոր հիշողությունները դարձնում է լուսավոր,- ասաց հենակետի ավագը։
Եֆրեյտորներ Նորիկ Ղազարյանի, Արտակ Հովհաննիսյանի, ավագ սերժանտ Ռազմիկ Դանիելյանի, կրտսեր սերժանտ Սարգիս Եղյանի, շարքայիններ Կամո Կարապետյանի, Նիկոլայ Անդրյանի մասին գովեստի խոսքեր են ասում հրամանատարները։ Տղաներից շատերը եթե պատերազմական գործողությունների էլ չեն մասնակցել, ապա կրում են դրանք իրենց մանկության հուշերում, որովհետեւ հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են։
Գովեստի խոսքեր ասացին նաեւ պայմանագրային վարորդներ, շարքային Գեւորգ Ղազարյանի (հանդիպեցինք հենակետերից մեկում, որտեղ թարմ հաց էր հասցրել) եւ Վարդան Միլիտոնյանի (4 երեխաների հայր է եւ երկու թոռների պապ) հասցեին։ Մարտական հենակետում մեր գտնվելու օրը համընկավ Ռազմիկ Դանիելյանի ծննդյան օրվան, եւ ուրախությամբ ու ջերմ բարեմաղթանքներով բաժանվեցինք տղաներից։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Ազգային բանակ


21/01/2011