Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ



ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 19-ին Կապանի Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, եւ  դասարաններից մեկը  անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Էդգար Մաթևոսյանի անվամբ։ Միջոցառմանը կրթօջախի սաները հանդես եկան գրական-երաժշտական ելույթներով, հնչեցրին ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր։ Ներկա էին զինվորականներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, հարազատները։ «44-օրյա հերոսապատում» փաստագրական գրքի հեղինակ Ոսկեհատ Մելքումյանը խոսեց մարտական ընկերոջ մասին եւ դրվագներ ներկայացրեց իր հեղինակած գրքից։

Մերօրյա հերոսը բարձր առաջադիմությամբ ավարտել է Սյունիքի միջնակարգ դպրոցն ու ընդունվել ու գերազանցությամբ ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆՄասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մայոր Մաթևոսյանի գումարտակը թշնամուն դիմավորեց  Ջրականում։  Մայորը մասնակցել է ամենաթեժ մարտերին, նրա մասին հերոսապատումներն անթիվ են: Ահա թե ինչ է գրել հերոսի զինվորներից մեկը՝ Ռուբեն Մարտիրոսյանը. «Գնաց, էլ չտեսանք իրեն։ Ասեց՝ էլի եմ գալու, բայց չեկավ։ Հետաքրքիր է, համ էդ ամեն ինչն էր ղեկավարում, համ ամենաշատն էր հոգնում, բայց եկել էր, որ դուխ տա մեզ։ Տվեց, էն էլ ինչքա՜ն։ Կռվի առաջին կամ երկրորդ օրն էր, խոսում էինք, ասինք՝ ավելի լավ է մեզ խփեն, քան իրեն։ Ինքն էր գումարտակի ողնաշարը։ Ինքն էլ էր գիտակցում, որ առանց իրեն չի լինելու։ Զոհվելուց մի ժամ առաջ սպաներից մեկին ասել էր՝ հենց իմացաք չկամ, երեխեքին փախցրեք։ Նույնիսկ էտ էր մտածել։ Այդպես էլ եղավ։ Մի ժամ հետո զոհվեց։ Գիտակցելով գնաց այդ քայլին։ Բառեր չկան նկարագրելու։ Ինքն ինձ համար մի նոր Մոնթե է։ ԱՆՄԱՀԱՑԱՎ»։

Մայոր Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

 

ԱՍՏԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Բանակ և հասարակություն


28/10/2022