Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ

«Ֆորմուլա-1»-ը արագընթաց ավտոմեքենաների շրջանաձև մրցավազք է, որն անվանում են նաև Արքայական մրցարշավ։
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը հիմնվել է 1950թ.: Անցկացվում է յուրաքանչյուր տարի, բաղկացած է մոտ երկու տասնյակ փուլերից (գրան-պրիներից)։ Առաջնության ընթացքում մրցում են ինչպես մրցարշավորդները (պիլոտները), այնպես էլ թիմերը։ Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է 2-ական մեքենա, որոնց` գրան-պրիների ընթացքում վաստակած միավորները գումարվում են, ինչի արդյունքում տարեվերջին որոշվում են կոնստրուկտորների գավաթի հաղթողը և մրցանակակիրները։ Հաշվարկվում են նաև մրցարշավորդների անհատական միավորները և որոշվում են աշխարհի չեմպիոնն ու մրցանակակիրները։

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՀԱՅԱԶԳԻ «ՊՐՈՖԵՍՈՐԸ»

Մեծ եղեռնից փրկվածների երրորդ սերնդից է ամենահայտնի հայ ինքնաշարժային արշավորդ, Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն, մեծ մրցանակի մրցափուլերում 51 անգամ հաղթած Ալեն Պրոստը։
Ծնվել է Սեն Շամոնում, 1955թ. փետրվարի 24-ին, ֆրանսիացի Անդրե Պրոստի և հայուհի Մարի Ռոզ Կարատչյանի ընտանիքում։ Դեռ մանկուց զբաղվել է տարբեր մարզաձևերով` նախապատվությունը տալով ֆուտբոլին։ Ի դեպ, նրա հայտնի քթի ձևը, որը հայկական արմատների արդյունք են համարում, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստացած վնասվածքներից է՛լ ավելի է հայկականացել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ արձակուրդներին Պրոստների ընտանիքն ուղևորվեց Սենտ Էտե քաղաք։ Այստեղ Ալենն առաջին անգամ կարտ (միկրոավտոմեքենա) վարեց և հենց այդ պահից էլ ծնվեց մեծ սերը մեքենաների և արագության հանդեպ։

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

2004 թվական, Անկարա։
Ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը, հաղթելով թուրք ըմբիշին, մտավ եզրափակիչ։ Այնուհետև վճռական գոտեմարտում նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
55 կգ քաշային կարգում տանելով երեք հաղթանակ` նա մտավ կիսաեզրափակիչ, ուր, ապրիլի 24-ին պարտության մատնեց իր մրցակից թուրք ըմբիշին, ապա և վճռական գոտեմարտում Ռուսաստանի ներկայացուցչին հարկադրեց «սպիտակ դրոշ պարզել»։

ԳՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարդիկ դեռ շատ վաղուց սիրում էին խաղալ գնդաձեւ տարբեր առարկաներով: Հայտնի է, օրինակ, որ հարավամերիկյան հնդկացիներն օգտագործում էին թեթեւ առաձգական գնդեր` սպորտային խաղերի համար: Շատ հաճախ օգտագործվում էր նաեւ խոզի միզապարկը, որը փչում էին ու անհրաժեշտ չափի դարձնում: Ժամանակի ընթացքում այդ փուչիկներն սկսեցին ծածկել կաշվով` դրանց ցանկալի տեսք հաղորդելու կամ երկար պահպանելու համար: Այնուամենայնիվ, գնդակն իր ժամանակակից տեսքն ստացել է սկսած 19-րդ դարից:

1978թ. հունական առաջնությունում «Էթնիկոսը» հյուրընկալել էր «ՊԱՕԿ»-ին: Հյուրերը հաշիվը բացելուց հետո վազեցին դեպի պահեստայինների նստարանը եւ կիսեցին ուրախությունը թիմակիցների հետ: Նրանք ուշադրություն չէին դարձնում մրցավարի պահանջին, որը հորդորում էր վերադառնալ խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: «Էթնիկոսի» ֆուտբոլիստները, օգտվելով հակառակորդի բացակայությունից, անմիջապես խաղը վերսկսեցին եւ առանց խոչընդոտի հասնելով մրցակցի դարպասին՝ հավասարեցրին հաշիվը:

20-ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Պելեն 16 տարեկան էր, երբ նշեց իր նորամուտը Բրազիլիայի հավաքականի կազմում: Մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր։ 0:1 հաշվի ժամանակ նա փոխարինման մտնելով` հավասարեցրեց հաշիվը։ Ճիշտ է, արդյունքում բրազիլացիները պարտվեցին 1:2 հաշվով, սակայն Պելեի համար նորամուտը անկասկած ստացվեց։ Այդ ժամանակ արդեն Վիսենտե Ֆեոլոյի գլխավորած թիմն արդեն պատրաստվում էր 1958թ. Շվեդիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Թիմում կային հիանալի ֆուտբոլիստներ` Գարինչա, Դիդի, Վավա, Զագալո, Զիտո, Օրլանդո և այլք, բայց շվեդական առաջնությունից հետո բոլորը առանձնացրին հենց Պելեին։ Առաջնությունում նա առաջին գոլը խփեց քառորդ եզրափակիչի Ուելսի հավաքականի հետ խաղում։

ԻՆՉՊԵՍ Է ԱՌԱՋԱՑԵԼ ՖՈՒՏԲՈԼԸ

Մարդը միշտ էլ սիրել է խաղալ: Ըստ արևելյան փիլիսոփայության` մեզնից յուրաքանչյուրն ավելի փոքր ծավալներով կրկնում է ողջ մարդկության անցած ճանապարհը: Մանկության շրջանում խաղերն ու խաղալիքները կյանքի կարևոր մասն են կազմում: Այնուհետև դրանք փոխվում են, էությունը մնում է նույնը, և խաղը շարունակվում է: