Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Մայոր Մինաս Մկրտչյանը Աֆղանստանում ծառայելիս երկար ժամանակ նամակ չէր ուղարկում։ Գրելիս էլ նկարագրում էր միջինասիական մի քաղաք, որտեղ, իբր, անցկացնում է իր խաղաղ ծառայությունը։ Անուշ մայրն այդ մասին իմացավ Անգեղակոթի իրենց հարեւանի տղայից, որը գրել էր, թե՝ «Մինասն էլ է այստեղ, տանկիստ է»։

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Թշնամին գրոհում էր մեծ ուժերով։ Տղաները կռվում էին հերոսաբար։ Հասկի նման ընկնում էին թշնամու զինվորները, սակայն ընկածների վրայով գալիս ու գալիս էին նորերը։
-Զինամթերքը սպառվում է, ինչո՞ւ են ուշացնում,- անհանգիստ հետ էր նայում հրամանատարը։
-Տղանե՛ր, պահեք-խնայեք վերջին գնդակները, իսկ մինչ այդ փորձենք համերգ տալ մեր «եղբայր ժողովրդի» զավակների համար,- ասաց Ջեմման (որը լավ տիրապետում է ադրբեջաներենին, իսկ երգելը… երգում է ոնց Զեյնաբ խանումը) եւ եղնիկի նման սուրաց դեպի բարձունքը։ Ադրբեջաներեն ողջունելով «կարդաշներին»՝ նա սկսեց երգել։ Կրակոցները դադարեցին։ Երեւի երգը զինվորներին հիշեցրեց սեր ու տուն, կյանք ու կարոտ։

-Լուսադեմի հանկարծակի, անսպասելի հարձակումից ադրբեջանաբնակ գյուղը դատարկվեց,- պատմում է Էդիկ Մարտիրոսյանը։ -Բնակչությունը՝ մեծ ու փոքր, բռնեցին սար բարձրացող ճանապարհը, որի մյուս կողմում նույնպես ադրբեջանաբնակ գյուղ կար։ Հրամանատարի կարգադրությամբ՝ դադար առանք գյուղում, որպեսզի խաղաղ բնակչությունը հանգիստ հեռանա։ Պարզ տեսանելի էին սարերի փեշերին իծաշարուկ փախչող գյուղացիները։

Ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած տիկին Անահիտը, վերադառնալով սահմանային գոտում գտնվող իր ծննդավայրից, արցունքն աչքերին պատմում էր իրենց դատարկ տան շեմին աճած փուշ ու տատասկի մասին. «Ես մերկ ձեռքերով պոկում, դեն էի նետում փշերը, մաքրում էի հայրական օջախի շեմը։ Ձեռքերս արյունոտվել էին։

ՔՐՈՋ ՈՂԲԸ

-Դե, խոսի՛ր, ժպտա՛, երգի՛ր, եղբա՛յր ջան, քո անուշ ձայնին մատաղ։ Մեր հանդ ու սարերը պահե՞լ են քո քաղցր ձայնը, մեր ջրերը մինչեւ ե՞րբ են էդպես մորմոքվելու քո երգից։ Ընկերներդ, բարեկամներդ քո երգին են սպասում՝ դու ե՞րբ էիր նրանց այդքան սպասել տվել։ Պատմի՛ր, քո մարտերից պատմիր։ Էն ո՜նց էիր պատմում, էն ո՜նց՝ ծիծաղով, քաղցր խոսք ու զրույցով։ Դու հեչ քաղցած չէի՞ր մնում, դու հեչ ծարավ չէի՞ր մնում, իմ սիրելի եղբայր։

Լեռնաշխարհի գյուղերից մեկում ավարտվել էր հացահատիկի բերքահավաքը։ Տներից մեկում լսվում էր որդեկորույս մոր կոծը.
-Իմ անո՛ւշ բալա, գարնանը ցանեցիր, գնացիր հայրենի սահմանները պաշտպանելու, ինչո՞ւ չեկար, ի՞նչ գնդակ էր, որ քեզ գտավ։ Քո ցանած արտը կանաչեց, տե՛ս, ինչ բերք ենք ստացել։

Մարտը դադարել էր։ Փոքրիկ ձորակում ձեռքերը որովայնին սեղմած՝ ցավից գալարվում էր թշնամու ջահել մի զինվոր։ Նրա հառաչն ու հոգոցները խլանում էին ձորակով վազող փոքրիկ առվակի քչքչոցից։ Երբ բուժքույր Անահիտը կռացավ վերքը վիրակապելու, վիրավորի աչքերում ցավ ու սարսափ տեսավ։