Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

2013 թվականին Թուրքիայի ԶՈՒ կհամալրվեն «T-129 ATAK» 51 ուղղաթիռներով, որոնք կարտադրվեն թուրքական ավիատիեզերական գործարանում: Մայիսի վերջին կսկսվի Թուրքիայում արտադրված փորձնական 3 նմուշների փորձարկումը գետնի վրա, իսկ մեկ-երկու ամսից` օդում: Ուղղաթիռների շարժիչը նախատեսված է բարձրլեռնային և շոգ կլիմայում շահագործվելու համար:

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը 2 տարի ժամանակ է ստացել` ուսումնասիրելու համար սեփական արտադրության կործանիչ ստեղծելու նպատակահարմարության հարցը: Օտարերկրյա հայտնի ընկերությունները` Boeing-ը, Lockheed Martin-ը, Saab-ը և բրազիլական Embraer-ը թուրքական ընկերությանն արդեն առաջարկել են իրենց աջակցությունը:

«Մեր գերակա խնդիրը հեռահար հրթիռների ներմուծումն է Ադրբեջան»,– օրերս Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նրա խոսքով, այս խնդրի շուրջ Ադրբեջանը բանակցում է չինական երկու ընկերությունների հետ:

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած` ռազմական արտադրանքի IDEF-2011 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանը ուկրաինական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել հակատանկային կառավարելի հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան մայիսի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարն օրերս հայտարարեց, որ իր երկրի հնարավորությունները բավարար են` ավիակիր կառուցելու համար:

2010թ. Թուրքիայի ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի պահանջարկի 52.1% -ը բավարարվել է սեփական ռազմական արտադրանքի հաշվին: Ծրագրվում էր 50%-ի շեմը հաղթահարել 2011թ. կեսին: Փաստորեն, պլանը գերակատարվել է: Անցյալ տարի 5%-ով նվազել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման ծավալը` կազմելով 634.2 մլն դոլար: Թուրքիան նպատակ ունի այս տարվա վերջին այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ 2016թ.` 2 միլիարդի: