Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վաշինգտոն Փոստը» գրել է, որ ԱՄՆ-ը և Թալիբան շարժումը բանակցություններ են անցկացրել Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ: Հանդիպում կայացել է առնվազն երեք անգամ, վերջին անգամ Գերմանիայում` մայիսի սկզբներին: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մայքլ Ա. Համմերը հրաժարվել է հաստատել բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում և տարածաշրջանում լայն շփումներ ունի:

«Հաարեց» պարբերականը գրում է, որ այս տարվա փետրվարին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից Ուզի Արադի հեռացման պատճառը նրա կողմից գաղտնի տեղեկատվության արտահոսքն է:

ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ռուսական իշխանությունները երկրից արտաքսել են Իսրայելի դեսպանատան ռազմական կցորդ, ռազմաօդային ուժերի գնդապետ Վադիմ Լեյդերմանին` լրտեսական գործունեության համար: Լեյդերմանին ազատ են արձակել և պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրել, քանի որ նա դիվանագիտական պաշտպանվածություն ունի:

Հակատանկային հրթիռային համալիրներ արտադրելու շուրջ Ադրբեջանի և Հարավաֆրիկյան Հանրապետության բանակցությունները ձախողվել են, ինչից հետո Ադրբեջանը բանակցություն է սկսել ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ: Ուկրաինական հրթիռներն ադրբեջանցի զինվորականներին դուր են գալիս, որովհետև դրանք հնարավոր է տեղադրել ուղղաթիռների և ցամաքային տեխնիկայի վրա:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին խորհրդարանի որոշմամբ լիազորություն ստացավ քաղաքական բարձրագույն մակարդակում ղեկավարելու, կառավարելու և կոորդինացնելու երկրի ազգային շահերին սպառնացող ցանկացած ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ գործողությունները:
Վրաստանի ԱԱԽ քարտուղարը Գիգա Բոկերիան է:

Անկախության օրվա` մայիսի 26-ի շքերթի փորձի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է 3 նորույթ` իսրայելական «Սփայդեր» զենիթահրթիռային համալիրներ և երկու տեսակի զրահամեենա` «Վուլֆը» և արդեն պատրաստի մասերից Թբիլիսիի ավիացիոն գործարանում հավաքված «Դիդգորին»: Այս մասին տեղակացրել է «Արսենալ» ռազմական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին:

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը հնարավորություն կունենա հարյուր տոկոսանոց կանխավճար մուծել պետական ռազմական պատվերի համար: Կառավարությունում այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, որով նման վճարում նախատեսվում է առավել խոշոր և աշխատունակ ձեռնարկություններին: Իսկ այլ դեպքերում վճարումը մեծ մասամբ կկատարվի ավելի վաղ հայտարարված մատակարար ձեռնարկությունների համար շահեկան տարբերակով` գումարի 80 տոկոսը առաջին կիսամյակում, 20 տոկոսը` երկրորդ: