Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

«СМЕРЧ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ` ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ

Համազարկային կրակի «Смерч (9К58)» ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) ձեռք բերելը հայկական զինված ուժերի և պետականության հզորացման հերթական քայլերից է: Դա հզոր հարձակողական միջոց է, աշխարհում շատ քիչ են 250-300 մմ-ոց նման ՀԿՌՀ-ները: Հաշվի առնելով հակառակորդի սպառազինման մակարդակը և սպառազինությունների զարգացման համաշխարհային միտումները` մեզ համար կարևոր են մեծ ՀԿՌՀ-ների` որպես հարձակման հզոր և ճկուն միջոցների կատարելագործման ոլորտի զարգացումները: Բանն այն է, որ նման համալիրները նախկինում չունեին մեծ դիպուկություն, և այդ պատճառով շատ երկրներ հրաժարվում են դրանց լայն կիրառությունից:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև տարաձայնությունները սկզբունքային բնույթ ունեն:
Ռուսաստանն առաջարկում է համատեղ համակարգ ստեղծել պաշտպանության կոնկրետ տեղամասերում երկրների տարածքային պատասխանատվության տարանջատման սկզբունքով: Իսկ ՆԱՏՕ-ն նպատակահարմար է համարում երկու առանձին համակարգերի ստեղծումն ու տեղեկատվության հետագա փոխանակումը` պատճառաբանելով, թե դաշինքը պատասխանատու է անդամ բոլոր երկրների տարածքների անվտանգության համար:

ԱՄՆ-Ը ԿՓՈՐՁԱՐԿԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՐԿԵՐԻՑ ՈՒ ՀՐԹԻՌՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ զինված ուժերի հեռանկարային հետազոտությունների գործակալությունը մինչև 2012թ. սկիզբը Աֆղանստանում կսկսի թեթև զրահամեքենաների ակտիվ պաշտպանության Iron Curtain (երկաթե վարագույր) նոր համակարգի փորձարկումը, որը նախատեսված է արկերից և հակատանկային հրթիռներից պաշտպանվելու համար: Դաշտային փորձարկումներին կմասնակցեն HMMWV չորս զրահափոխադրիչներ: Հակազդման միջոցները նախատեսվում է տեղադրել մեքենայի տանիքին:

ԹՈՒՐՔԻԱՆ ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉ ԿՎԱՃԱՌԻ ՄԱԼԱՅԶԻԱՅԻՆ

Մալայզիական Deftech և թուրքական FNSS ընկերությունները պայմանագիր են ստորագրել Մալայզիայի ցամաքային զորքերի համար 257 միավոր AV-8 զրահափոխադրիչ մատակարարելու վերաբերյալ: Գործարքի ընդհանուր արժեքը 559 միլիոն դոլար է: AV-8-ը կստեղծվի թուրքական Pars զրահափոխադրիչի բազայի վրա: Վերջնական հավաքումը կկատարի Deftech-ը, որը ծրագրում է ստեղծել զրահամեքենայի 12 տարբերակ:

Բուլղարիան Ռումինիային, Խորվաթիային և Թուրքիային առաջարկել է միասին գնել կործանիչներ: Այդ դեպքում մեկ ինքնաթիռն ավելի էժան կլինի յուրաքանչյուրի համար: Նախաձեռնության մասին խոսել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա հնարավոր է համարել նաև օդային տարածության պարեկության, օդաչուների ուսուցման, վարժանքների համատեղ իրականացումը, ինչի շնորհիվ կնվազեն ինքնաթիռների շահագործման ծախսերը` միաժամանակ չթուլացնելով պետությունների մարտունակությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ «ՍՄԵՐՉ» ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Այս մասին «Tert.am»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել ռուսական «Սմերչ» զինատեսակի նկատմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետաքրքրության մասին լուրը:
Ըստ «Մեդիամաքս» գործակալության՝ ռուսական Военно-промышленный Курьер հանդեսին տված հարցազրույցում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկն ասել է, որ Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետարքրքություն են ցուցաբերել «Սմերչ» համակարգերի նկատմամբ:

Միջուկային զենք ունեցող` աշխարհի բոլոր երկրները միասին մարտական հերթապահության մեջ են պահում 5027 միջուկային մարտագլխիկ, իսկ պահեստում եղածները մոտ 15500 հատ են: Ամենախոշոր միջուկային տերություններն են Ռուսաստանը (2427 մարտագլխիկ), ԱՄՆ-ը (2150), Ֆրանսիան (290) և Մեծ Բրիտանիան (160): Բացի նրանցից, մարտական հերթպահության մեջ չընդգրկված միջուկային մարտագլխիկներ ունեն նաև Չինաստանը (200 հատ), Հնդկաստանը (80-110), Պակիստանը (90-110) և Իսրայելը (80):