Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի 10-րդ դասարանցի Ալեքսանդր Բարաբանովը առաջին տեղն է գրավել «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) կազմակերպած ավիացիայի 7-րդ օլիմպիադայում` առաջարկելով ռեկորդային հեռահարության ռազմավարական ռմբակոծիչի նախագիծ: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթողին առանց քննության ընդունել ՄԱԻ` «Ինքնաթիռների նախագծում» ամբիոնում ուսանելու:

Չինաստանն ապշեցուցիչ արագությամբ արդիականացնում է և կատարելագործում իր մարտական ավիացիան: Վերջերս նրանք արդիականացրին նախկին խորհրդային ևս երկու ինքնաթիռ` Ту-16-ը և H-6K-ն` «նոր նմուշի հրթիռի հետ միասին»:
Չինաստանն ունի ավելի քան 3000 միավոր մարտական և օժանդակ ինքնաթիռ և ունակ է ոչ միայն լուծելու սեփական տարածքի հակաօդային պաշտպանության խնդիրը, իր տարածքում աջակցելու ցամաքային զորքերին, այլև հարվածներ հասցնելու սեփական տարածքից դուրս գտնվող հեռավոր թիրախներին, այդ թվում` ծովային:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկարաձգել է հարավաֆրիկյան «Paramount Group» ընկերության հետ կնքած պայմանագիրը զրահափոխադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն` մինչև 2012թ. վերջը Բաքվում կարտադրվեն 30-ական «Marauder» և «Matador» տեսակի զրահամեքենաներ, որոնք օժտված են հակաականային պաշտպանությամբ: Իսկ մինչև այս տարվա վերջը կարտադրվի 2009թ. պայմանագրով նախատեսված 50 զրահափոխադրիչների վերջին խմբաքանակը` 20- մեքենա:

Գերմանական «Die Well» թերթը պնդում է, որ Իրանը Վենեսուելայում` Պարագուանա թերակղզում, կառուցում է հրթիռային գաղտնի ռազմակայան: Իբր, իրանցիները ռազմակայանի համար անհրաժեշտ տասնյակ միլիոնավոր դոլարները բերել են կանխիկ: Իբր, այնտեղ արդեն եղել են իրանական «Khatam al-Anbia» ընկերության ինժեներները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌՕՈՒ հրամանատար Ամիր ալ Հաջիզադեն:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Քարիմ Աբեդին հայտարարել է, որ Իրանը շուտով կստեղծի տեղեկատվական գործակալություն, որն անգլերեն լեզվով զեկույցներ է պատրաստելու ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ

2010թ. Ռուսաստանի պետական ռազմական պատվերի շուրջ 30 տոկոսը չի կատարվել: Զինված ուժերը չեն ստացել մեկ կորվետ, 955 «Բորեյ» և 855 «Յասեն» դասի 3 սուզանավ, ՅԱԿ-130 ուսումնական 9 ինքնաթիռներից 6-ը, 151 ՀՄՄ-3-ների կեսը, ծրագրում ներառված 11 արբանյակներից պատրաստվել է միայն 5-ը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականի համաձայն` մեղավորները պատժվել են. փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտնել է, որ պաշտոնից հեռացվել է 5 մարդ, որոնց թվում նաև բարձրաստիճան զինվորականներ, ևս 11 մարդ նկատողություն է ստացել: Հնարավոր է, այդ թիվը հետագայում ավելանա:

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վաշինգտոն Փոստը» գրել է, որ ԱՄՆ-ը և Թալիբան շարժումը բանակցություններ են անցկացրել Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ: Հանդիպում կայացել է առնվազն երեք անգամ, վերջին անգամ Գերմանիայում` մայիսի սկզբներին: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մայքլ Ա. Համմերը հրաժարվել է հաստատել բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում և տարածաշրջանում լայն շփումներ ունի: