Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի խոսքով, օդանավակայաններ են կառուցվում Զուգդիդիում, Փոթիում, Սվանեթիա-Մեստիա բարձրլեռնային վարչական կենտրոնում և Քութայիսում: «Դա միայն սկիզբն է: Վրաստանում մենք կկառուցենք 10 օդանավակայան, և դրանցից յուրաքանչյուրը ես անձամբ կբացեմ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նրա խոսքով, եկող տարի Վրաստանը Ֆրանսիայից կգնի մի քանի ժամանակակից ինքնաթիռ:

ԱՄՆ-ից զենք ստանալու նպատակով միայն 2010 թվականին Վրաստանը 1.5 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնի 4 առաջատար շահախմբերի (լոբբիստական ընկերությունների) ծառայությունների վրա: Այդ կամպանիային մասնակցում է նաև սենատոր Ջոն Մաքքեյնը: Այս մասին հաղորդում է ամերիկյան «Ատլանտիկ» ամսագիրը: Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին ամերիկյան զենքի անհրաժեշտությունը հիմնավորում է «ռուսական սպառնալիքով»: ԱՄՆ Պետքարտուղարությունը լռելյայն խոչընդոտում է Վրաստանի այդ փորձերը:

Վրաստանի «Իրավունք և ազատություն» միավորման ղեկավար Իրաքլի Սեսիաշվիլին անցյալ շաբաթ առաջարկել է զորակոչի տարիքը սահմանել 20 տարին` 18-ի փոխարեն: «18 տարեկան երիտասարդները ո´չ ֆիզիկապես, ո´չ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայության: Բացի դրանից, զորակոչի ցածր տարիքը դպրոցների շրջանավարտներին խանգարում է բուհ ընդունվել»,– կարծում է Սեսիաշվիլին:

Անցյալ շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գյունելի հետ: Վրաստանի պատվիրակությունն այցելել էր Թուրքիա` մասնակցելու IDEF–2011 ռազմական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է 621 ընկերություն` 48 երկրներից: