Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Իրանում սկսել են Ан-140 տուրբոպտուտակային ինքնաթիռների սերիական արտադրություն, որն իրականացվում է Սպահանի ավիագործարանում: Այդ ինքնաթիռները քաղաքացիական ուղևորներ են տեղափոխում երկրի ներքին երթուղիներով: Ан-140 ինքնաթիռներ են տրամադրվել նաև իրանական ոստիկանությանը` ծառայողական չվերթների համար:

Մայիսի 10-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Իրանը շարունակում է կեղծ ընկերությունների միջոցով իրականացնել ֆինանսական օպերացիաներ և գաղտնի մատակարարումներ, որոնց նպատակը միջազգային պատժամիջոցները շրջանցելն է: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների չորրորդ փաթեթը կիրառեց Իրանի դեմ, երբ վերջինս հրաժարվեց դադարեցնել ուրանի հարստացումը և բանակցություն սկսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Վրաստանը վերականգնել է 2008թ. օգոստոսի պատերազմից հետո կորցրած ռազմական ներուժը, որն այսօր նույնիսկ գերազանցում է մինչպատերազմյան մակարդակը: Անցած երեք տարիների ընթացքում Վրաստանում կառուցվել են ռազմակայաններ, ուսումնական փորձադաշտեր, ռազմական օբյեկտներ, գնվել է ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա, ավելացվել է զինծառայողների քանակն ու բարելավվել նրանց մասնագիտական պատրաստությունը:

Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի խոսքով, օդանավակայաններ են կառուցվում Զուգդիդիում, Փոթիում, Սվանեթիա-Մեստիա բարձրլեռնային վարչական կենտրոնում և Քութայիսում: «Դա միայն սկիզբն է: Վրաստանում մենք կկառուցենք 10 օդանավակայան, և դրանցից յուրաքանչյուրը ես անձամբ կբացեմ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նրա խոսքով, եկող տարի Վրաստանը Ֆրանսիայից կգնի մի քանի ժամանակակից ինքնաթիռ:

ԱՄՆ-ից զենք ստանալու նպատակով միայն 2010 թվականին Վրաստանը 1.5 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնի 4 առաջատար շահախմբերի (լոբբիստական ընկերությունների) ծառայությունների վրա: Այդ կամպանիային մասնակցում է նաև սենատոր Ջոն Մաքքեյնը: Այս մասին հաղորդում է ամերիկյան «Ատլանտիկ» ամսագիրը: Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին ամերիկյան զենքի անհրաժեշտությունը հիմնավորում է «ռուսական սպառնալիքով»: ԱՄՆ Պետքարտուղարությունը լռելյայն խոչընդոտում է Վրաստանի այդ փորձերը:

Վրաստանի «Իրավունք և ազատություն» միավորման ղեկավար Իրաքլի Սեսիաշվիլին անցյալ շաբաթ առաջարկել է զորակոչի տարիքը սահմանել 20 տարին` 18-ի փոխարեն: «18 տարեկան երիտասարդները ո´չ ֆիզիկապես, ո´չ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայության: Բացի դրանից, զորակոչի ցածր տարիքը դպրոցների շրջանավարտներին խանգարում է բուհ ընդունվել»,– կարծում է Սեսիաշվիլին:

Անցյալ շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գյունելի հետ: Վրաստանի պատվիրակությունն այցելել էր Թուրքիա` մասնակցելու IDEF–2011 ռազմական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է 621 ընկերություն` 48 երկրներից: