Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1105) 17.09.2015 – 23.09.2015

Սպայական մասնագիտությունն ավելի քան որևէ այլ մասնագիտություն պահանջում է անձի կոչվածություն, քանի որ բանակի և նրա կորիզը հանդիսացող սպայակազմի շնորհիվ է ապահովվում երկրի բոլոր մյուս կենսականորեն կարևոր ոլորտների խաղաղ գոյակցությունն ու զարգացումը: Այն պահանջում է անձի յուրատեսակ հոգեֆիզիկական կառուցվածք, որն անհրաժեշտ է նախ այս դժվարին մասնագիտությունն ընտրելիս և ապա՝ որպես մասնագետ ինքնադրսևորվելիս:
Հրամանատար լինելու համար անձին անհրաժեշտ է որոշակի որակների և ընդունակությունների ամբողջություն: Եթե այդ որակների մի մասը մեծ չափով պայմանավորված է անհատի բնածին հատկանիշներով, ապա ընդունակությունները կապված են անձի գիտակցական ինքնազարգացման հետ: Հայտնի է «առողջ մարմնում` առողջ հոգի» ասույթը: Կարելի է պնդել և հակառակը, որ բարոյակամային որակների առկայությամբ է պայմանավորված մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջությունը: Այս իմաստով սպայական մասնագիտության կարևորագույն բաղկացուցիչներ են հանդիսանում անձի բարձր բարոյակամային որակները, առանց որոնց ժամանակակից սպան պարզապես չի կարող կայացած համարվել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՏԵՂԱՓՈԽՎՈ՞ՒՄ Է

Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը կատարում է համարձակ, երբեմն ոչ ստանդարտ քայլեր՝ երկրի տնտեսությունը զարգացնելու, ժողովրդագրական աղետից խուսափելու և երկրի արևելյան տարածաշրջանները (հատկապես Սիբիրն ու Հեռավոր Արևելքը) չինական ժողովրդագրական ու տնտեսական անխուսափելի ներխուժումից փրկելու համար: Մինչդեռ, ՌԴ ազգաբնակչության մեջ այս քայլերը դեռևս ժողովրդականություն չեն վայելում: Այսպես՝ ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի տվյալների («Коммерсантъ», 11 сентябрь, 2015), Ռուսաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 80 տոկոսը, դեմ է երկրի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխելուն: Նման հարցում է անցկացրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: Միաժամանակ շատ հետաքրքիր է, որ, նույն հարցման համաձայն, ռուսաստանցիներից շատ քչերն են ցանկանում, որ իրենց զավակներն ապրեն Մոսկվայում: