Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#28 (1046) 24.07.2014 – 30.07.2014

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ ԱՆԱՌԻԿ Է

ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հպարտ սարերի ու կանաչ անտառների գրկում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասը, որը պատվով է կատարում իր առաքելությունը` հուսալիորեն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը:
Հյուսիսարևելյան դարպասն անառիկ է: Հայրենյաց պաշտպանի թիկունքն այստեղ առավել քան ամուր ու հուսալի է: Դիրքապահ զինվորն ու սահմանապահ դարձած գյուղացին թև թևի անառիկ ու անխորտակելի են պահում հայրենյաց սահմանները:

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Բանակում փողոցային բարքերի դեմ պայքարը պետք է իրականացվի զինվորական բոլոր օղակներում, բայցև առավել կարևոր է կրտսեր հրամանատարական անձնակազմի ակտիվ մասնակցությունը գործընթացին: Սերժանտների գնահատմամբ՝ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան խիստ պատժամիջոցների կիրառմամբ, որքան յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ անհատական մոտեցումով:

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ

Ուղիղ մեկ տարի է, ինչ ծառայում եմ: Բանակ զորակոչվեցի ՀՊՃՀ-ի էլեկտրատեխնիկական ֆակուլտետն ավարտելուց հետո: Կարգին պատկերացում չունեի բանակի մասին: Միայն այն ժամանակ ամեն ինչ հասկացա, երբ ինքս դարձա զինվոր: Ծառայությունս սկսեցի կապի ուսումնական զորամասից, որտեղ էլ տվեցի զինվորական երդումս: Կապավորի մասնագիտություն ստացա և քննություն հանձնեցի բարձրակարգ մասնագետների մոտ. ինձ շնորհվեց կրտսեր սերժանտի զինվորական կոչում, ապա և ծառայության նշանակվեցի հարավային սահմանամերձ զորամասերից մեկում: Այստեղ` զորքերում, ծառայությունն այլ է:

ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ

Մեր Դավթաշեն գյուղում Սամվել Գեւորգյանի մասին խոսում էին յուրահատուկ հարգանքով ու սիրով դեռեւս այն ժամանակվանից, երբ նա 24-25 տարեկան տղա էր։ Պատմում էին, որ Սամվելը համարձակ է, սկզբունքային, արդար, բարի, ընկերասեր, ուժեղ… Ես՝ 9-10 տարեկան տղա, մտածում էի, որ կմեծանամ ու Սամվելի նման կդառնամ։ Տարիներ անցան։ Հետո ես տեսա Սամվելին գյուղի հուշաղբյուրի մոտ։ Այդ տեսարանը հիշում եմ ամենայն մանրամասնությամբ։ Ահագին մարդ էր հավաքվել։ Կենտրոնում Սամվելն էր՝ բարձրահասակ, լայնաթիկունք, խրոխտ, հպարտ, ոգեշունչ…

Հայերն էլ սովորություն են ունեցել իրենց զինվորական հաղթանակները վավերացնելու քարե արձանագրություններում՝ սերունդներին թողնելով նախնյաց մեծագործություններով հպարտանալու օրինական իրավունքը։
Այդպիսի մի արձանագրություն պահպանվում է Հաղարծնի վանքի գավթի պատին։ Կարդանք այն ժամանակակից գրական հայերենով. «Այս մեր՝ Բագրատունյաց տոհմի Սարգիս Մեծի որդիներ Իվանեի եւ Զաքարեի հիշատակի գիրն է եւ մշտնջենավոր արձանագրությունը։ Նախախնամությունն օգնեց մեզ տիրելու մեր նախնիների ժառանգությանը եւ առաջինը մեր ձեռքը տվեց անառիկ դղյակն Ամբերդ եւ թագավորանիստ քաղաքն Անի, ապա ամրոցը Բջնի, Մարանդը, Միղքն ու Գավազանքը Ատրպատականում, Կարնո քաղաքը մինչեւ լաթ, Շաքին ու Շիրվանը, Պարտավը մինչեւ Բելուկան եւ այլ բազում-բազում գավառներ իրենց սահմաններով, որ ավելորդ համարեցինք հիշատակել»։

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

Հունան Ավետիսյանը, հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում գիտակցորեն զոհաբերելով իր կյանքը, հավերժ անմահ կմնա: Նրա անունը միշտ էլ առանձնակի տեղ կգրավի Մեծ հայրենականի տարեգրության մեջ:
Ծավ գյուղի արևկող լեռնալանջի հարթավայրում վեհաշուք բարձրացել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժին տանող մարմարե հուշարձանը:

Ֆաշիզմի դեմ մղված պայքարում իրենց մեծ ավանդն են ներդրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության եւ տնտեսության տարբեր բնագավառներում բարձր պաշտոններ զբաղեցրած հայ գործիչները։ Թվարկենք մի քանիսին։