Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (1021) 30.01.2014 – 5.02.2014

17-18-րդ դարերում Հաբեշստանի արքունիքում պետական բարձր պաշտոններ են վարել մի շարք հայեր։ Այդպիսին է եղել, դիցուք, վառոդագործի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է մի հայ մասնագետ եւ հաբեշներին սովորեցրել, թե ինչպես պետք է պատրաստել վառոդ։ Ինքնին հասկանալի է, թե ինչ նշանակություն է ունեցել դա երկրի պաշտպանության գործում, եւ ինչ հեղինակություն է ունեցել հայ վառոդագործը։

Միջնադարի հայ ճարտարապետ Նաքամատը, որի ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են, նշանավոր բանաստեղծ եւ նկարիչ Մկրտիչ Նաղաշի համագործակցությամբ 1439-43 թվականներին նորոգում է Ամիդի (Դիարբեքիրի) Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որն ունեցել է 18 նիստ եւ նույնքան լուսամուտ։ Ահա այդ հսկա եկեղեցու վրա Նաքամատը կառուցել է նույնպես հսկա մի գմբեթ, որն իր հոյակապությամբ զարմանք ու հիացմունք է պատճառել տեսնողներին։

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ…
Եղեգնյա գրիչ է տեսել Վարուժանն իր ձեռքին.
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,
Քեզի ընծա, իմ հայրենիք…

Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» (1927թ.)՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7-ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։

Վերհիշելով իմ ապրումները հայկական ձեռագիր մատյաններն ուսումնասիրելիս՝ ես չէի կարող չասել, թե ինչպես աշխատանքի ամենափոքր մանրամասնությունը դրանցում կապվում է մշակույթի պատմության լայն հարցերի հետ, ինչպես, վերջին հաշվով, այդ ամենը միանում եւ դառնում է մի հզոր շարժում այն ճանապարհով, որը տանում է դեպի մարդկության վեհ իդեալները։

ՋՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԽԻԶԱԽ ԱՍՊԵՏԸ

1969-71թթ. Սոբերտ Մանուկյանը ծառայել է որպես ԴՕՍԱԱՖ-ի Հայաստանի հանրապետական ծովային ակումբի ջրասուզական միակայմանավի (բոտ) կապիտան: 1972թ. նշանակվել է «ՀԱՅՋՐՓՐԿ» նոր կազմակերպված ընկերության Սևան քաղաքի և Սևանի ավազանի ջրափրկարարական ծառայության պետ: Սկզբում միակ հաստիքային աշխատողն էր, այնուհետև ղեկավարեց Հայաստանի ջրափրկարարական ծառայությունը, որի ջրասուզակ-փրկարարների Սեւանի ավազանի ծառայության գործունեության շնորհիվ ապահովվում էր քաղաքացիների, զբոսաշրջիկների, հովեկների, Սևանա լճի ափամերձ տարածքներում գոյություն ունեցող առողջարանների, մանկական ու տուրիստական պանսիոնատներում հանգստացողների կյանքի անվտանգությունը ջրային տարածքներում:

2013թ. հունվարի 5: Ոգեկոչման արարողություն է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի դպրոցում: Դպրոցը կոչվում է հերոսի անունով` Արա Հարությունյան: 1993 թ.-ի այս օրը Արան հերոսաբար զոհվեց Հադրութի Կավաքասար բարձունքի անհավասար մարտում: Անցել է քսան տարի: Ներկա են մարտական ընկերները, գյուղացիները, դպրոցականները: Դահլիճի առաջին շարքում նստած է Արայի ճերմակահեր Սաթենիկ մայրը: Նրա դեմքին մեկ լուսավոր ժպիտ է, մեկ թախիծ: Հայացքն ուղղում է այն կողմը, որտեղից լսվում է որդու անունը: Իսկ դահլիճով մեկ մի անուն է անցնում շուրթից շուրթ: