Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1019) 15.01.2014 – 22.01.2014

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
-Տղա՛ս,- ասում է օդեսացին,-եթե քո էդ ժանգոտ օղը տաս ինձ, ես քեզ փող կտամ, եւ դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
-Համաձայն եմ,- ասում է տղան։-Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես զռռալով։

Անգլիացի դիվանագետ, քաղաքական գործիչ Ջեյմս Բրայսը Եվրոպայի առաջին այն մտավորականներից էր, որ իր ձայնը բարձրացրեց Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության դեմ, բազմիցս անդրադարձավ հայ ժողովրդի ճակատագրին, հանդես եկավ նրա շահերի պաշտպանությամբ։

Առաջին կինը, որ արժանացել է ռուսական բանակի մեծ հեղինակություն վայելող շքանշանին՝ Գեորգիեւյան խաչին (1915թ.), հայուհի Ելենա Խեչինովան է։ Տրապիզոնում ծնված եւ Բաթումում հասակ առած այս հայուհին 1910թ. ավարտել է մանկաբարձների դասընթացը։ Ամուսնացել է լեհահայ Վլադիսլավ Ցեբրեժինսկու հետ։ 1915թ. զինվորական ծառայության է անցել ռուսական բանակի 20-րդ հետեւակային գնդում, մասնակցել թուրքերի Առաջին կորպուսի ջախջախմանը եւ հետագայում ստացել «Մեծն Ռուսաստանի վագրուհի» անվանումը։

ԱՄՆ-ը վերջին տասնամյակում ամեն տարի ազգային հակահրթիռային պաշտպանության ծրագրի շրջանակում ծախսել է 5,2 միլիարդ դոլար։ Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից դուրս գալուց հետո այդ ծախսերը կտրուկ բարձրացան։ Առաջին փուլում պահանջվում է 60 միլիարդ դոլար, իսկ հակահրթիռային պաշտպանության ամբողջ համակարգը կարժենա աստղաբաշխական մի գումար՝ 1,5 տրիլիոն դոլար։

ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐ՝ ՆԱԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ժամանակակից զինատեսակներն ահռելի գումարներ են պահանջում ոչ միայն ստեղծման ու պահպանման, այլեւ դրանց շարքից դուրս գալուց հետո ոչնչացման համար։ Վերջին 18 տարվա ընթացքում Խորհրդային Միությունում եւ Ռուսաստանում շահագործումից դուրս է եկել մոտ 200 սուզանավ, որոնցից 70-ն են մասնատվել եւ թափոնի վերածվել։ Մնացածներն սպասում են իրենց հերթին, ընդ որում՝ դրանցից 93-ից դեռ չի հանվել միջուկային վառելիքը։ Յուրաքանչյուր սուզանավի մասնատումը տեւում է 8□9 ամիս, իսկ այդ ստորջրյա ռազմանավերը թափոնի վերածելու ամբողջ ծրագիրը պահանջում է 2,5 միլիարդ դոլար։

Զինվորական բարձրագույն կոչումը գեներալիսիմուսն է (լատիներեն՝ ամենագլխավոր)։ Այն որպես տիտղոս սկզբում շնորհվել է եվրոպական այս կամ այն երկրի միայն թագավորական ընտանիքի անդամներին, իսկ ավելի ուշ արդեն որպես կոչում՝ պատերազմի ժամանակ աչքի ընկած ռազմական գործիչներին՝ հատկապես զինված ուժերի գլխավոր հրամանատարներին։

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ

Եթե զինվորներից մեկը ճակատամարտի ժամանակ ինքնագլուխ թողնի իր դիրքն ու փախչի, կամ թե իր կարգված վայրից հեռանա, կամ առանց հրամանի հետապնդի թշնամուն, ապա նրան պետք է գլխատել եւ իր ամբողջ գույքը բռնագրավել…