Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (1006) 3.10.2013 – 9.10.2013

ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԱՂԲՅՈՒՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ

Հայկական մանրանկարչությունը այսօր հիացումի ու սքանչացումի առարկա է իր ներշնչման ուժով, նյութերի բազմազանությամբ, արվեստի նրբություններով, ինչպես նաև գույների ընտրության մեծ ճաշակով ու գծանկարի վարպետությամբ: Հայ մանրանկարիչներից համաշխարհային ճանաչում ունի Թորոս Ռոսլինը /Կիլիկիա, ԺԳ դար/, նշանավոր արվեստագետ-վարպետ մանրանկարիչներն են եղել՝ Մարգարեն՝ /ԺԳ դար/, Մոմիկը /ԺԳ-ԺԴ դար/, Սարգիս Պիծակը /ԺԴ դար/, Հակոբ Ջուղայեցին /ԺԶ-ԺԷ դար/ և շատ ուրիշներ:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԽՈՏՈՐՋՈՒՐՑԻՆԵՐ

Այստեղ հառնում են Հայաստանի ամենաբարձր լեռները. Քաջքարը մեր երկրի քարե տանիքն է, որտեղ դարեր առաջ Հայկը հաղթել է Բելին։ Ու դա առասպել չէ՝ ճակատամարտից առաջ մեր նահապետը ելել է այս նույն լեռներն ու ընդերքից հորդացող պաղպաջուն գետի մեջ սուզել երեքթեւյան նետերը։ Յոթ օր, յոթ գիշեր հետո, երբ հանել, ջրդեղել է բարկ արեւի տակ ու արձակել լայնալիճ աղեղով, նետերը օձի նման շաչել, որձաքարերին դիպչելով` շանթեր են արձակել… Հենց այդ գետն է, որ լեռներից հովիտ գահավիժելով` կտրուկ խոտորվում, թեքվում է Ճորոխ։ Դրա համար էլ Խոտորջուր է կոչվում։ Առաջ գետի ափին նույն անունով միայն մի փոքրիկ գյուղ կար, որը Մամիկոնյանների տոհմական ամառանոցն էր, հետո աստիճանաբար թաղերը մեծացան, թաղերը բաժանվեցին, Ճիճապպղ, Կարմրիք, Միջնթաղ, Խանդաձոր, Մոխորկուտ անուններով գյուղեր կազմեցին։

Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել շատ հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են կազմել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դու, հող հայկական, օրրան տաղանդների, օրրան մեծագործությունների։

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ

Զինված ուժերում բարեփոխումները շատ արդիական են, բխում են ժամանակի պահանջներից, մարտահրավերներից և տարածաշրջանի քաղաքական բարդ իրավիճակից, ինչը և պահանջում է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:
Ինչ և ինչպես սովորեցնել զորքին, որ պատրաստ լինեն դիմակայելու ցանկացած հակառակորդի հնարավոր պատերազմում, սա հարց է, որը հնուց ծառացած է բոլոր ժամանակների զինվորականների առջև:
Խնդրո առարկայի վերաբերյալ անցած պատերազմներում կուտակված փորձը միշտ չէ, որ ուսումնասիրվել, վերլուծվել և ամփոփվել է: Այնինչ նման միջոցառումները ոչ միայն հարստացնում են սպաների գիտելիքները, այլև օգնում են ընկալելու, ճիշտ կողմնորոշվելու, ուղղորդվելու մասնագիտական գործունեության ժամանակ:

ՈՐ ՉՊԱԿԱՍԻ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ

Բոլոր պատերազմները նման են իրար. ցավ, ավերածություններ, վիշտ, կորուստ, գալիս են խաթարելու կյանքի բնականոն հունը, խեղելու մարդկային ճակատագրերը:
Վերա Սողոմոնյանը ամուսնու, 4 զավակների հետ առօրյա մեծ ու փոքր ուրախություններով խաղաղ ու անխռով ապրում էr Բաքվում:
1988թ. հետո աշխարհը խառնվեց, ազգային հողի վրա բախումները դարձան ավելի հաճախադեպ: Ամուսինը` Էդվարդ Սողոմոնյանը, Բաքվի խառնակ դեպքերի ժամանակ Ռուսաստանում էր, Վերան ճարահատ վերցրեց երեխաներին եւ գնաց հայրական տուն՝ Ղարաբաղի Խաչեն գյուղ:

Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը: Ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին: Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է: Այդ հուշարձանն էլ ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը: Վահագնը զինվորագրվել է Երասխի ջոկատին, որի հրամանատարն էր Ռաֆիկ Օղիկյանը: 1992թ. մարտի տասին` թշնամու հերթական հարձակումներից մեկի ժամանակ, Վահագնը ծանր վիրավորվեց, կորցրեց ոտքը: Ապաքինումը ձգվեց երկար ամիսներ: «Հիվանդանոցային իմ ամենածանր օրը եղել է մայիսի տասնինը: Այդ օրը Երասխում զոհվեց իմ հրամանատար Ռաֆիկը, որը մի քանի օր առաջ էր եկել ինձ տեսության, հուսադրել,- վերհիշում է Վահագնը»:

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 8-12-ը Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում միջոցառումներ տեղի ունեցան նվիրված Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի սխրագործության 70-ամյակին:
1943 թ. սեպտեմբերի 16-ին Հյուսիս-Կովկասյան ճակատամարտում Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի մատույցների Դոլգայա լեռան վրա ինժեներական ամրացված կառույցներում դիրքավորված ֆաշիստական զորախմբերը թույլ չէին տալիս 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդին անցնել հարձակման: Անհրաժեշտ էր վերացնել ամրոցի վերածված այդ դիրքերը: Դասակի հրամանատար, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը գրոհ կազմակերպելով՝ գրավում է երկու կրակակետեր, երրորդը գրավելու ժամանակ թշնամին համառ դիմադրություն է ցույց տալիս: Արդեն վիրավոր հայ մարտիկը սողալով մոտենում է թշնամու կրակակետին ու կրծքով փակելով հրակնատը, ապահովում վաշտի առաջխաղացումը: