Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԹՇՆԱՄՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԱՄՆ կառավարությունը որոշել է 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Գումարը ծախսվելու է Ադրբեջանի ռազմածովային ուժերը հզորացնելու և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա. Ամերիկան միշտ էլ օգնել է Ադրբեջանին: Բայց արի ու տես, որ այնտեղ զարմացել են: «Այն պահին, երբ երկկողմ հարաբերությունների մթնոլորտում սառնություն էր հաստատվել, ոչինչ չէր կանխորոշում իրադարձությունների նման շրջադարձը»,- գրում է «Զերկալոն»: Իհարկե, Ադրբեջանին «սիրաշահել» պետք է. նրա տարածքով ռազմական հանդերձանք է մատակարարվում Աֆղանստան, նրա օդային տարածքով իրականացվում են հազարավոր ռազմական ու կոմերցիոն չվերթներ:

. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆԵԼ Է «ԱԼ-ՋԱԶԻՐԱՅԻ» ԵԹԵՐԸ

«WikiLeaks» կայքի հերթական և 2005-ով թվագրված մի հրապարակումից պարզվել է, որ միանգամայն անկախ լրատվամիջոցի համարում ունեցող մերձավորարևելյան արբանյակային այս հեռուստաընկերության ղեկավար Վադդախ Խանֆարը հեռուստաընկերության որոշ հրապարակումների առնչությամբ հանդիպել է ԱՄՆ ռազմական հետախուզության ներկայացուցիչների հետ և ընդառաջել «ամերիկյան ընկերների» խնդրանքին: Մեկնաբանությունների շեշտադրումներն իսկույն փոխվել են, իսկ կարճ ժամանակ անց այդ նյութերն ընդհանրապես հանվել են հեռուստաընկերության կայք-էջից:

ՀՐԵԱՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆԵԼ... ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՌԴ Հրեական ինքնավար օկրուգում տեղական իշխանությունների հայտարարած աճուրդում տուրիստական մի ընկերություն գնել է Չինաստանի հետ պետական սահմանի «Պաշկովո» հսկիչ-անցագրային կետի շինությունները:
Դատարանը բավարարել է դատախազության պահանջը, և հսկիչ- անցագրային կետի ընդգրկումը սեփականաշնորհվող շինությունների ցուցակում, ինչպես նաև առքուվաճառքի գործարքը համարել անօրինական:

ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ «ԽՈՏԱՆԵՑ» ՌՈՒՍԱԿԱՆ Т-90С ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԱՆԿԸ

Նիժնի Տագիլում բացված սպառազինությունների ցուցահանդեսում բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին հայտնել է, որ տանկն ունի բազմաթիվ թերություններ, լրամշակման կարիք, և պնդել, որ բավական լավ է մշակված միայն մարտական մեքենայի աշտարակը:
Իսկ տանկի մշակողների հավաստամբ, Т-90С-ը տեսադաշտի ու կրակի վարման ասպարեզներում չի զիջում իր ամերիկյան ու գերմանական մրցակիցներին, զրահով պաշտպանվածության առումով գերազանցում է նրանց և շահեկանորեն առանձնանում է մինչև 5 կմ շրջագծում թիրախները խոցող կառավարվող հրթիռային համալիրների կիրառման ասպարեզում:

«БЕЛКА И СТРЕЛКА»

ՌԴ Պրիմորիեի երկրամասում տեղակայված զորամասերից մեկի սննդի պահեստի պետը ստուգումների նախօրեին պակասորդը թաքցնելու նպատակով տավարի մսի պահածոյի պիտակներով է «քողարկել» շների համար նախատեսված մոտ 11.000 տուփ «Белка и Стрелка» պահածոյացված կեր, սակայն զգոն ստուգողները բացահայտել են կեղծիքը և ավելի քան մեկ միլիոն ռուսական ռուբլի արժեքով պակասորդ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐՈՎ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտնել է, որ յուրաքանչյուր բրիգադում կստեղծվեն պայմանագրային ծառայության դիպուկահարներով համալրված հատուկ նշանակության ստորաբաժանումներ (ամենայն հավանականությամբ` դասակներ), որոնք զինված կլինեն արևմտյան արտադրության ժամանակակից դիպուկահար հրացաններով:

ՄԻ´ ՓԱԿՎԵՔ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 11-ի ողբերգության 10-րդ տարեդարձի նախօրեին, երբ ԱՄՆ-ում ձեռնարկվել էին անվտանգության խստագույն միջոցառումներ, ռազմաօդային ուժերի երկուական F-16 ինքնաթիռներ երկու անգամ տագնապով օդ են բարձրացել և մինչև թռիչքի ավարտն ուղեկցել երկու մարդատար ինքնաթիռների:
Երկու դեպքում էլ ուղևորը, փակվելով ինքնաթիռի զուգարանում, հրաժարվել էր դուրս գալ: