Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ԴԻՐԻԺԱԲԼԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2012թ. սպառազինության կվերցնեն նոր Blue Devil 2 դիրիժաբլը: Հետախուզական դիրիժաբլի ստեղծման պայմանագիրը, 82,6 միլիոն դոլար արժողությամբ, կնքվել է 2010թ. MAV6 ընկերության հետ: Առաջին թռիչքը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին: Նոր դիրիժաբլը կկառավարվի կամ օդաչուի կամ երկրի վրա գտնվող օպերատորի կողմից: Blue Devil 2-ի երկարությունը 7 մետր է, լայնությունը` 3 մետր, սարքավորումների սրահի բարձրությունը` 2,1 մետր: Այն կհամալրվի բարձր թույլատրելիության օպտիկա-էլեկտրոնային և ինֆրակարմիր ճառագայթներով տեսախցիկներով, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգով: Ապարատը կկարողանա դիտարկում կատարել հինգ օրերի ընթացքոմ:

ԷԺԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Մոտ ժամանակներս Ռուսաստանը Վենեսուելային կփոխանցի ուղղաթիռային 6 վարժասարք` նախատեսված ՄԻ-171, ՄԻ-17Բ5, ՄԻ-25 և ՄԻ-35 ուղղաթիռների օդաչուների ուսուցանման համար: Վարժասարքերը կառուցել է Սանկտ-Պետերբուրգի «Տրանզաս» ընկերությունը, դրանց մի մասը «Դ» դասի` շարժունակության բարձր աստիճանի համակարգեր ունի: «Դ» դասի վարժասարքերը հնարավորություն են տալիս ուսուցանել օդաչուին առանց թռչող ապարատով իրական թռիչք իրականացնելու: Դրա շնորհիվ մեկ օդաչուի պատրաստման վրա ծախսվող գումարը զգալիորեն նվազում է:

ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԱԳՐ»-ԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ

Արգենտինայում «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Անատոլի Զուևը հայտարարել է, որ Ուրուգվայը որոշել է ձեռք բերել բարձր անցողականության ռուսական «Վագր» զրահամեքենաների խմբաքանակ: Այդպիսով, Ուրուգվայը դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը որոշել է գնել այս զրահամեքենաները:
-Ուրուգվայը յուրատեսակ ցուցափեղկի դեր է կատարում, «Ուրալ» ավտոմեքենաների մատակարարումը Լատինական Ամերիկա նույնպես այստեղից է սկսվել,-նշել է Զուևը` հավելելով, որ Ռուսաստանի և Ուրուգվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան տասնամյա համագործակցության ընթացքում կնքվել է տասից ավելի պայմանագիր:

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի բյուջե վերադարձնել շուրջ 4,3 միլիարդ դոլար (4,6 միլիարդ ԱՄՆ դոլար) պաշտպանական բյուջեի միջոցների խնայողության հաշվին: 2010-2011 ֆինանսական տարում խնայողությունը կազմել է մոտ 1,6 միլիարդ դոլար: Դա հնարավոր է դարձել ռազմական որոշ ծրագրերի, կնքված պայմանագրերի վերանայման, միջազգային ռազմական օպերացիաներին Ավստրալիայի մասնակցության սահմանափակման և այլ ծախսերի ճշգրտման շնորհիվ:

Անօդաչու թռչող սարքեր արտադրող անգլո-իտալական SELEX Galileo ընկերությունը հայտարարել է գերկոմպակտ անօդաչուների UTRI իտալական ձեռնարկության գնման մասին: UTRI-ի գնումը թույլ կտա SELEX Galileo-ին ընդլայնել արտադրվող տեխնիկայի տեսականին: Մասնավորապես, կարտադրվի ASIO տակտիկական անօդաչու ապարատը` թռիչքի ուղղահայաց մեկնարկի և օդում անշարժ դիրքից օբյեկտը դիտարկելու հնարավորությամբ: Նախատեսվում է նախագծել նաև երկու կիլոգրամանոց Crex-B, ինչպես նաև Spyball անօդաչու միկրոապարատը:

Շուտով Իրանում կստեղծվի կիբեռշտաբ, որի նպատակը պաշտպանությունն է ինտերնետի միջոցով կատարվող հանցագործություններից և համակարգչային վիրուսներից: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մասուդ Ջազաերին:

Իրանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կառուցել խոշոր հածանավեր և օվկիանոսային նավեր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին` Սպահանի պոլիտեխնիկական ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Անցյալ տարվա փետրվարին իրանական նավատորմը համալրվեց տեղական արտադրության առաջին «Jamaran» հածանավերով: