Նորություններ
ԱՄՆ-ը այս բյուջետային տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին, Իրաքում և Աֆղանստանում պատերազմելու համար կծախսի 160 միլիարդ դոլար: Ռազմական ամբողջ բյուջեն կկազմի 725 մլրդ դոլար: Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձն ավելացնել 1.4%-ով:
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, իր երկիրը 2011 թվականի վերջին զորքը դուրս կբերի Աֆղանստանից: Ներկայումս մոտ 4600 գերմանացի զինվոր հսկում է Աֆղանստանի հյուսիսային մի հատված, ներառյալ Մազարի Շարիֆ և Կունդուզ քաղաքները: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահները պահպանում են Կունդուզի օդանավակայանը և ծառայում գերմանական հրամանանատարության ենթակայությամբ:
Մինչև 2020 թվականը Ռուսաստանի ԶՈՒ կհամալրվեն ավելի քան 1300 տեսակի սպառազինությամբ, այդ թվում` 220-ը նոր զինատեսակներով: Դրա համար կծախսվի ավելի քան 20 տրիլիոն ռուբլի` 640.7 մլրդ դոլար:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, 2009 թվականին 3230 ամերիկացի զինծառայող ենթարկվել կամ ուրիշին ենթարկել է սեռական բռնության, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ըստ այլ տվյալների` բանակում սեռական բռնությունների 80%-ի մասին հասարակությանը չի տեղեկացվում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է 1993թ. ընդունված այն օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, որի համաձայն` բանակում ծառայող համասեռամոլներին արգելվում է բացահայտել իրենց սեռական նախասիրությունները` առաջնորդվելով «Մի՛ հարցրու, մի՛ պատմիր» սկզբունքով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները համաձայնության են եկել երկրում ժամկետային պարտադիր 6-ամսյա զինծառայությունը 2011թ. հուլիսի 1-ին վերացնելու վերաբերյալ: Ժամկետային զինծառայությունը Գերմանիայում վերահաստատվել էր 50 տարի առաջ, եւ այժմ դրա վերացումը էական փոփոխություններ կառաջացնի հասարակության մեջ: