Նորություններ
Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երաշխավոր» հայրենասեր այրիների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձին։ Միջոցառման նպատակն էր զինծառայողների ընտանիքների հետ համատեղ նշել ազգային տոնը, կանանց ու այրիներին փոքր-ինչ շեղել առօրյա հոգսերից։ Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում՝ ընդլայնելով իր շրջանակները։
Իր ելույթում հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Հովակիմյանը, շնորհավորելով ներկաներին Բանակի տոնի կապակցությամբ, նշեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է համախմբել միեւնույն ճակատագրի տեր մարդկանց, նպաստել նրանց շահերի պաշտպանությանը, արտոնությունների եւ իրավունքների իրազեկմանը, օգնել պահպանելու ապրելու եւ ստեղծագործելու ունակությունը։
Վերջին երկու տարիներին կառավարությունների և ընկերությունների դեմ կիբերգրոհների քանակն աշխարհում ավելացել է ավելի քան 6 անգամ: Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում կիբերգրոհների թիրախ են դառնում հատկապես ֆոնդային բորսաները, որոնք ստիպված դիմում են անվտանգության ծառայությունների օգնությանը: Մասնագետները կասկածում են, որ կիբերգրոհների նպատակը շուկաներում խուճապ առաջացնելն է և արևմտյան ֆինանսական հաստատություններն ապակայունացնելը (defencetalk.com):
Վերջին չորս տարում Պակիստանն իր միջուկային սպառազինությունը համարյա կրկնապատկել է` 30-60 միավորից հասցնելով 100-110 միավորի: Այդպիսով՝ Պակիստանն առաջ է անցել Հնդկաստանից, որի միջուկային սպառազինության քանակը գնահատվում է 60-100 միավոր (defencetalk.com):
Իրաքի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերը վերստեղծելու նպատակ ունի և հունվարի 26-ից բանակցում է Միացյալ Նահանգների հետ` 18 «F-16» ռեակտիվ կործանիչ գնելու շուրջ: Այս բանակցությունները դեռ չավարտված` Ֆրանսիան Իրաքին առաջարկել է իրենից գնել ֆրանսիական 18 «Միրաժ Ֆ-1» արդիականացված ինքնաթիռներ` վճարելով 1 մլրդ դոլար:
Առաջարկն ունի երկու հրապուրիչ կողմ. առաջինը գործարքի իրականացման սեղմ ժամկետն է. Իրաքն ինքնաթիռները կսկսի ստանալ արդեն այս տարվա վերջից: Երկրորդն այն է, որ իրաքցի օդաչուները ծանոթ են այս ինքնաթիռներին, քանի որ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք Իրաքի ՌՕՈՒ-ի զինանոցում էին հիմնականում ռուսական ու ֆրանսիական ինքնաթիռները:
ԱՄՆ-ը կիբերզինվորների նոր սերունդ պատրաստելու նպատակով հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խոր գիտելիքներ ունեցող բարձրդասարանցիների և ուսանողների մրցույթ, որի արդյունքում ընտրվելու են 10000 տաղանդավոր երիտասարդներ: Այնուհետև ապահովվելու է նրանց հետագա կրթությունը, կապը գործատուների և ծանոթությունը ոլորտի ղեկավարների ու կառավարության անդամների հետ: Երիտասարդ մասնագետներն ապահովելու են ԱՄՆ-ի կիբերցանցի անվտանգությունը, որն արագորեն վերածվում է պետության գերակա ոլորտի (defencetalk.com):
«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր:
Ռուսական «ՌՍ-20Վ» «Վոյեվոդա» հրթիռը, որը ՆԱՏՕ-ի դասակարգմամբ կոչվում է «Սատանա», ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում մարտական հերթապահություն կիրականացնի մինչեւ 2026 թվականը: Փորձագետների կարծիքով, աշխարհում ամենահզոր այդ հրթիռի շահագործման ժամկետի երկարաձգումը ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Ռուսաստանի խոսքն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակ է հետապնդում: