Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ ԱՀԱԲԵԿԻՉՆ ԱՐԺԵ 22.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

Պակիստանի նահանգներից մեկի տեղեկատվության նախարարը լրագրողներին հայտարարել է, որ երկրի Վազրիստան նահանգում մահապարտ ահաբեկիչ վարձելն արժե շուրջ երկու միլիոն պակիստանյան ռուփի` մոտ 22.000 ԱՄՆ դոլար: Ընդ որում, վճարողն ինքն է որոշում մահապարտի միջոցով պայթեցնել մուսուլմանների՞, թե՞ այլադավանների…

ՍԻՐԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՈՄՍԻՑ

Սիրիացի գրոհայինները հայտարարել են, որ «մարտավարական նկատառումներով» առժամանակ նահանջում են Հոմսի կենտրոնական` Բաբա Ամր թաղամասից: Իրենց քայլը նրանք պատճառաբանել են զինամթերքի, պարենի ու դեղորայքի պակասով, ինչպես նաև քաղաքում իրենց տներից հեռանալ հրաժարվող 4.000 խաղաղ բնակիչների առկայությամբ:

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻՑ, ԻՍԿ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Ֆրանսիայից, Գերմանիայից ու Իտալիայից հետո Շվեյցարիան ևս «անվտանգության նկատառումներով» վերջնականապես փակել է Սիրիայում իր դեսպանատունը: Փետրվարի կեսերին երկրի արտգործանախարարը հույս էր հայտնել, որ Շվեյցարիան դրանով «ուժեղ ազդանշան կուղարկի» Սիրիայի իշխանություններին, իսկ դեռ նոյեմբերին Շվեյցարիայի քաղաքացիներից մի քանի անգամ պահանջել էր իսկույն լքել Սիրիան: Ներկայում դեռ Դամասկոսում ու Հալեպում է գտնվում Շվեյցարիայի մոտ 150 քաղաքացի:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՆԽԵԼ

Թուրքական հետախուզությունը բացահայտել եւ ձախողել է «Սիրիական ազատ բանակի» մի քանի հրամանատարների, մասնավորապես բրիգադային գեներալ Մուստաֆա աշ-Շեյխի և գնդապետ Ռիյադ ալ-Ասադի առևանգման ծրագիրը, ժամանակին տեղեկանալով, որ Թուրքիայի Խատայ վարչական կենտրոնում մի քանի անձանց կաշառք է առաջարկվել սիրիացի փախստականների վրանային ճամբարում գտնվող «Սիրիական ազատ բանակի» հրամանատարության մասին տեղեկությունների դիմաց:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԴԻՄԱՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ

ԿԺԴՀ իշխանությունները պատրաստ են դադարեցնել ուրանի հարստացումը, միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների փորձարկումները, փոխարենն ակնկալելով պարենամթերք ստանալ ԱՄՆ-ից: Փխենյանը համաձայնել է նաև երկիր թողնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք հետևելու են ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ ԿԺԴՀ ստանձնած պարտականությունների կատարմանն ու ստուգելու Յոնբենի միջուկային ռեակտորի աշխատունակությունը:

ԲԱՔՈՒՆ 300 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՊԱՀԱՋՈՒՄ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԼԿ-Ի ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը պնդում է 43 անգամ ավելացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանքի վարձավճարը, այն 7 միլիոնից հասցնելով 300 միլիոն ԱՄՆ դոլարի: ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ Մոսկվան նման գումարի վճարումն անիմաստ է համարում ու պատրաստ է թողնել ռադիոլոկացին կայանը, որի տասնամյա վարձակալության ժամկետը լրանում է այս տարի:

ՆԱՏՕ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՍԻՐԻԱ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն ԱՄՆ-ում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի դեպքում չի պատրաստվում դիմել նման քայլի, և սխալ է Լիբիայի հետ զուգահեռների անցկացումը, քանի որ ՆԱՏՕ-ն այնտեղ գործում էր ՄԱԿ-ի մանդատի ներքո ու ստանում տարածաշրջանի պետությունների աջակցությունը: