Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՄՍՈՒՄ

Սիրիայի իշխանությունները Միջազգային Կարմիր Խաչի առաքելությանը դեռ թույլ չեն տվել մտնել Հոմս և մասնավորապես արյունալի մարտերի թատերաբեմ դարձած Բաբա Ամր թաղամաս, որը լրիվ զրկված է էներգամատակարարումից ու ջրից և գտնվում է հումանիտար աղետի եզրին: Համաձայն քաղաքից փախչող բնակիչների հայտարարությունների, կառավարական զորքերը, շուրջկալներ կազմակերպելով, դաժան դատաստան են տեսնում Հոմսում մնացած 14 տարեկանից բարձր տղամարդկանց նկատմամբ:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Լիբիայի իշխանությունները ներողություն են խնդրել Բենգազիում Մեծ Բրիտանիայի և մարտական գործողությունն իրականացրած դաշինքի անդամ պետությունների զինծառայողների 200 գերեզմանի պղծման կապակցությամբ և խոստացել, որ կգտնեն մեղավորներին, որոնց արարքը նկարահանվել է սիրողական տեսախցիկով:

ԻՐԱՆԸ ԵՌԱՊԱՏԿԵԼ Է ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն, որը նաև նշել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին և հայտնել, որ գործակալությունը նախկինի պես լուրջ կասկածներ ունի իրականում Իրանի միջուկային ծրագրի հետապնդած ռազմական նպատկների վերաբերյալ, քանի որ Թեհրանը չի ներկայացրել դա բացառող լուրջ երաշխիքներ և չի պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի առաջադրած և ոչ մի հարցի:

ՄՈՒՇԱՐԱՖԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Պակիստանի իշխանությունները, դիմելով Ինտերպոլին, խնդրել են միջազգային հետախուզում հայտարարել երկրի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ, որը կասկածվում է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությանը մեղսակից լինելու համար և մասնավորապես՝ միտումնավոր կերպով վարչապետի անվտանգությունը չապահովելու: 2008 թվականից արտասահմանում բնակվող և երբեմն Լոնդոնում կամ Դուբայում հայտնվող Մուշարաֆն այս մեղադրանքները համարել է քաղաքականացված:

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԵՆՔՈՎ ԿԱՋԱԿՑԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իտալիայի արտգործանախարար Ջուլիո Տերցիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Սիրիայի իշխանություններին միջազգային հանրակցության ուղերձը կարող է հասցվել տարբեր եղանակներով, այդ թվում նաև Սիրիայի ազգային խորհրդի զենքով», և որ Թուրքիան կաջակցի այդ եղանակին:
Ավելի վաղ Քաթարի վարչապետն էր հայտարարել, որ միջազգային հանրակցությունը պետք է ստանձնի սիրիացի ապստամբներին սպառազինության մատակարարման պարտավորությունը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ՄԱՍՏԵՐ-ՍԵՐԺԱՆՏԻ» ՊԱՇՏՈՆ

ՌԴ զինված ուժերի գլխավոր սերժանտը կունենա պաշտպանության նախարարի խորհրդականի կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը: Նման մտադրության մասին դեռ անցած հոկտեմբերին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԹԲԻԼԻՍԻԻ՞Ն

Վրաստանի արտգործնախարարությունն իր երկրին ուղղված սպառնալիք է համարել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովի հայտարարությունը Նովոռոսիյսկում օդադեսանտային զորքերի առաջին ուղղաթիռային գնդի տեղակայման մասին: Գեներալն ուղղաթիռային գնդի տեղակայման վայրի ընտրությունը բացատրել էր Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի հաճախակի սրումներով և Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներով: