Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵՐՁՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐԵՆ «ՏԱՆԿԱՅԻՆ ԲԱԼԵՏ»

Մեծ թատրոնի բալետմայստերների բեմադրած «տանկային պարը», որին կմասնակցեն Т-90 տանկեր և 152 միլիմետրանոց Мста-С ինքնագնաց հրետանային կայանքներ, հունիսի վերջին կցուցադրվի ՌԴ պաշտպանության նախարարության Մերձմոսկվայում կազմակերպելիք «Տեխնոլոգիաներ և մեքենաշինություն» միջազգային համաժողովի ընթացքում, որը, մասնագետների կարծիքով, ապագայում կդառնա МАКС միջազգային ավիասալոնի ցամաքային տարբերակը: Ներկայացման 14 փորձերը կկայանան մերձմոսկովյան Ալաբինոյում և Ժուկովսկում:
«Տանկային բալետն» առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականին:

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

«Իժմաշ» գիտաարտադրական միավորման մասնագետները մշակում են АК-12 ավտոմատի նոր տարբերակ, որը կոչված է առավելագույնս բավարարելու հատուկ նշանակության ստորաբաժանումների պահանջները: Նախատեսվում է ավտոմատի առաջին նմուշը մասնագետներին ու զինվորականներին ներկայացնել արդեն այս տարվա աշնանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԻԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության համալիրի 14 ձեռնարկություններ և ֆիրմաներ, այդ թվում “Рособоронэкспорт”-ը Տուլայի “Конструкторское бюро машиностроения” ձեռնարկությունը, “Уралвагонзавод”-ը “Концерн ПВО “Алмаз-Антей”-ը, “Ижмаш”-ը, իրենց արտադրանքի շուրջ 200 ցուցանմուշ կներկայացնեն ցամաքային զորքերի և վերգետնյա միջոցների սպառազինության ու ռազմական տեխնիկայի “ЕВРОСАТОРИ – 2012” փարիզյան միջազգային ցուցահանդեսում, որը կգործի հունիսի 11-ից 15-ը:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Իսլամաբադը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ «Խատֆ-7 Բաբուր» թևավոր հրթիռը, որն արձակվել է շարժական համալիրից: Խոցման բարձր ճշգրտությամբ այս հրթիռն ունի գործողության 700 կիլոմետր շառավիղ անտեսանելիության «Սթելս» տեխնոլոգիաներ: «Բաբուրը» և մայիսին նույնպես հաջողությամբ փորձարկված ավիացիոն թևավոր «Ռահադ» հրթիռը դառնալու են Պակիստանյան բանակի հիմնական թևավոր հրթիռները:

ՓՈԽԱՆԱԿՎԵՑԻՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Միացյալ Նահանգների ու Վիետնամի պաշտպանության նախարարներն առաջին անգամ փոխանակել են 1975 թվականին ավարտված վիետնամական պատերազմի ընթացքում զոհված վիետնամցի ու ամերիկացի զինվորների անձնական իրերը: Դրանք հիմնականում գրառումներ և չուղարկված նամակներ են։

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՐԴԵՀՎԱԾ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄԻԱԿ ԶԻՆՎՈՐԸ

Ղազախստանյան սահմանապահ ուղեկալում մայիսի 28-ին տեղի ունեցած ողբերգությունը վերապրած միակ զինվորը, որին մեկ շաբաթ շարունակ որոնում էին լեռներում, պատառոտված ու ցեխոտ հագուստով, մոտն ունենալով ատրճանակ, հայտնվել է հրդեհված ուղեկալի մոտ: Բնակիչները նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սահմանապահին դիմավորել են երկրի ազգային անվտանգության նախարարության քննիչները:

ԱՄՆ-Ը ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Բաթումում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Հիլարի Քլինթոնը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են ռազմական ոլորտում համագործակցությունը Վրաստանի հետ, ուսուցանել վրացական բանակին՝ իրականացնելու երկրի օդային ու ծովային տարածքի դիտարկում, ինչպես նաև աջակցելու են Վրաստանի ռազմական ուղղաթիռների արդիականացման խնդրում: Քլինթոնը հայտարարել է, որ Վրաստանը Վաշինգտոնի օգնությամբ մոտ առաջիկայում «կբարձրացնի իր մարտունակությունը և կդառնա միջազգային ուժեղ գործընկեր»: