Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՏՐԻՊՈԼԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Համաձայն նախնական տեղեկությունների, Տրիպոլիից 80 կիլոմետր հարավ-արևելքում գտնվող Թարխուն քաղաքից եկած ոչ մեծ զինված խումբը, որն իրեն անվանում է «Ալ-Աուեֆի բրիգադ», պահանջում է ազատել իրենց ձերբակալված պարագլխին: Բոլոր ուղերթները վերահասցեագրվում են դեպի մոտակա ռազմական օդանավակայան:

ԻՐԱՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

ՄԱԳԱՏԷ-ն կասկածում է, որ Թեհրանն այդ նպատակով քանդում է Պարչինի միջուկային օբյեկտի որոշ շինություններ և կատարում մեծածավալ հողային աշխատանքներ, ինչը երևում է տիեզերքից կատարված լուսանկարներում: Արևմուտքը կասկածում է, որ Թեհրանն այս օբյեկտում իրականացնում է միջուկային զենքի ստեղծման փորձարկումներ, ինչն Իրանը կտրականապես ժխտում է` պնդելով, որ Պարչինը սովորական ռազմական օբյեկտ է, և այնտեղ միջուկային զենքի մշակումն անհնար է թաքցնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից:

ՆԱՏՕ-Ն ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարությունն ու կազմակերպության ղեկավարությունը սկսել են իրականացվելիք նոր խաղաղապահ առաքելության ծրագրի մշակումը, որը կգործի 2014 թվականի ավարտին, երբ երկրի տարածքից միջազգային խաղաղապահ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում կայունությունը կապահովեն երկրի անվտանգության ուժերը` շուրջ 300.000 զինվոր ու ոստիկան: Նոր ծրագիրը չի նախատեսում մարտական գործողությունների վարում, այլ նախատեսված է Աֆղանստանի անվտանգության ուժերի ուսուցման և անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար:

ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՄԲ

Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի խորհրդարանների միջազգային հարաբերությունների կոմիտեների անդամներն «անընդունելի» և «բացահայտ սպառնալիք պարունակող» են համարել ՌԴ Կալինինգրադի մարզի ռազմականացումը և նշել, որ այն էապես կբարդացնի Ռուսաստանի հարաբերությունները Բալթյան երկրների, Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նրանց մտահոգությունն են հարուցում նաև վերջին շրջանում Ռուսաստանի ռազմական հզորության մեծացման մասին ՌԴ քաղաքական ու ռազմական ղեկավարության հաճախացած հայտարարությունները և խորհրդարանականները կոչ են արել այդ հանգամանքը ևս հաշվի առնել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պլանավորման ժամանակ:

ԹԵԼ ԱՎԻՎԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ ՇԱԼԻԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Իսրայելի բանակային հետախուզությունն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ կապրալ Շալիթի հետ փոխանակված և Գազայի հատված ուղարկված պաղեստինցի գրոհայինները ողջ թափով նախապատրաստվում են հրեա զինծառայողների առևանգումների: Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ գրոհայինները լավ գիտեն տեղանքը և բացի այդ, իրենց քարոզչությամբ մեծապես ազդում են տեղի բնակչության տրամադրվածության վրա:

ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Ժամկետանց զինամթերքը «Разрушитель» սարքի օգնությամբ ոչնչացվում է անպայթյուն եղանակով: Սարքը թույլ է տալիս մինչև 20 անգամ նվազեցնել զինամթերքի ոչնչացմանն ուղեկցող ձայնային էֆեկտները: Սարքը մշակվել է Ուրալի պիրոտեխնիկական գործարանում: «Разрушитель»-ի աշխատանքը հիմնված է կոմուլյատիվ էֆեկտի վրա և թույլ է տալիս ոչնչացնել 4-5 անգամ ավելի շատ զինամթերք, քան դա հնրավոր է կատարել պայթեցման եղանակով: Լենինգրադի մարզի զորավարժարաններում այս սարքը կիրառում են պատրաստող գործարանի մասնագետները, ինչը թույլ է տալիս զինծառայողներին ազատել նման աշխատանքների կատարումից:

ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ

Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Միխայիլ Բերգմանի հատուկ ներկայացուցիչը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել հանրապետության նախկին նախագահ Իգոր Սմիռնովի և պետական անվտանգության նախկին նախարար Վլադիմիր Անտյուֆեևի մեղսակցությունը մարդկանց առևանգման ու զենքի վաճառքի բազմաթիվ դեպքերին: